Մատչելի հղումներ

Ի՞նչ մոտեցումներ ունեն Բայդենն ու Թրամփը հանցավորության դեմ պայքարի հարցում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը

Այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հանցավորության դեմ պայքարը դարձել է ամերիկյան հանրությանը հուզող և թեկնածուների կողմից քննարկվող կարևոր հարցերից մեկը։

Հանցավորության դեմ պայքարը Նյու Յորքի բնակիչներին հուզող կարևոր հարցերից է և հատկապես այժմ, երբ ապրիլի 2-ին Նյու Յորք նահանգում դեմոկրատների ու հանրապետականների փրայմերիզներին էին՝ ներկուսակցական ընտրությունները, որոնց արդյունքում ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հաղթանակ տարավ իր կուսակիցների շրջանում, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շահեց հանրապետականների մեծ մասի ձայները, թեև երկուսն էլ արդեն ունեն կուսակցական պատվիրակների անհրաժեշտ թվով քվեներ՝ առաջիկայում պաշտոնապես հռչակվելու ԱՄՆ նախագահի թեկնածուներ։

Նյու յորքցի Գոլդեյլին, ով խնդրեց չցուցադրել իր դեմքը, ասում է, որ պակաս ապահով է զգում․ «Պարզապես զգում եմ, որ ակտիվություն կա, որը նախկինում չկար՝ թե՛ այն մարդկանց մոտ, ովքեր կարող են հանցագործություն կատարել, և թե՛ նրանց, ովքեր վախենում են հանցագործություն կատարողներից»:

Հանցավորության դեմ պայքարը՝ Բայդենի ու Թրամփի քարոզարշավի օրակարգի կարևոր թեմա
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Նյու Յորքի մեկ այլ բնակիչ Էմի Պելետիերին նշում է, որ հանցավորության հետ կապված մտահոգությունների պատճառով ավելի ուշադիր է դարձել․ «Մետրո նստելիս՝ շատ ապահով եմ զգում: Գիտեմ, որ հանցավորության աճ կա: Այդ մասին հանդիպել եմ լուրերում: Անձամբ ականատես չեմ եղել, բայց գիտեմ, որ այդպես է: Սակայն զգում եմ, որ եթե ապահով և պատասխանատու լինեմ և իմանամ, թե ինչպես խուսափել որոշ իրավիճակներից, որոնք կարող են վախեցնող լինել, ապա ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի»:

Թրամփի նախընտրական քարոզարշավի կետերից մեկը իրեն որպես «օրենքի և կարգուկանոնի» թեկնածու ներկայացնելն է՝ խոստանալով ուժեղացնել համայնքային ոստիկանությունը:

Անցած շաբաթ նա Նյու Յորքում էր, երբ բոլորը քննարկում էին վերջերս սպանված ոստիկանության սպայի դեպքը:

«Պետք է վերջ տանք սրան: Պետք է վերադառնանք օրենքին և կարգուկանոնին: Պետք է շատ բան անենք այլ կերպ, քանի որ այլ ճանապարհ չկա: Սա շատ հաճախ է տեղի ունենում»,- հայտարարել է Թրամփը:

Անցած ամիս Harvard CAPS-Harris-ի անցկացրած հարցման համաձայն, ամերիկացի ընտրողները հանցավորությունն ու թմրանյութերը համարում են երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը, որն ավելի կարևոր է, քան առողջապահությանը, ահաբեկչությանը և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը, թեև Հետաքնության դաշնային բյուրոյի վերջին տվյալները ցույց են տալիս, որ բռնության կիրառմամբ հանցագործությունները Միացյալ Նահանգներում անցած տարի նվազել են՝ թե՛ մեծ, թե՛ փոքր քաղաքներում:

Իր հերթին՝ նախագահ Բայդենը խոսում է հանցագործությունների թվի նվազումից՝ որպես իրավապահ մարմինների հետ իր վարչակազմի աշխատանքի հաջողության ապացույց:

Քարոզարշավի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հակազդեց Թրամփին հանցավորության դեմ պայքարի հարցում՝ նախկին նախագահին հիշեցնելով 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը: Ի դեպ, Բայդենի նախընտրական միջոցառմանը ներկա էին իրավապահ մարմինների այլևս նախկին աշխատակիցներ, ովքեր այդ օրը Կապիտոլիումում էին:

«Չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ժողովրդավարության և Սահմանադրության հետ, եթե Թրամփը կրկին ընտրվի: Հունվարի 6-ը կկրկնվի, եթե շարունակենք կախված լինել Թրամփի հանրապետականներից և չպաշտպանենք Սահմանադրությունը, քանզի նրանք նույնպես դեմ են օրենքին, կարգուկանոնին և օրենքի գերակայությանը»,- ասել է Կապիտոլիումի ոստիկանության նախկին աշխատակից Աքվիլինո Գոնելը:

Բայդենի վարած քարոզարշավի ընթացքում հաճախ են ուշադրություն հրավիրում, թե օրենքի և կարգուկանոնի մասին Թրամփի խոսքերը չեն համապատասխանում նրա դեմ հարուցված բազմաթիվ մեղադրանքներին: Դոնալդ Թրամփի ներկայացմամբ, այդ մեղադրանքներն, իրականում, ունեն քաղաքական պատճառ, միջամտություն են ընտրություններին, և դատական համակարգը օգտագործվում է որպես «զենք»:

XS
SM
MD
LG