Մատչելի հղումներ

Նեթանյահուն ձգտում է դադարեցնել Al Jazeera-ի հեռարձակումը Իսրայելում


Al Jazeera հեռուստաընկերության կենտրոնակայանը Դոհայում, Կատար
Al Jazeera հեռուստաընկերության կենտրոնակայանը Դոհայում, Կատար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե նոր օրենքի միջոցով մտադիր է հասնել Իսրայելում Al Jazeera հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը։ Օրենքը թույլ է տալիս փակել ազգային անվտանգությանը սպառնացող օտարերկրյա լրատվամիջոցները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում գրել է, թե նոր օրենքի հիման վրա մտադիր է անհապաղ միջոցներ ձեռնարել՝ հասնելու Իսրայելում Al Jazeera հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը՝ այն անվանելով «ահաբեկչական հեռուստաալիք»։

Նեթանյահուի խոսքով, Al Jazeera-ն գործում է Իսրայելի անվտանգության դեմ։

Հիշատակված նոր օրենքը Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում ընդունվել էր 71 կողմ և 10 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Հայտարարում եմ, որ օտարերկրյա հեռարձակողների կողմից պետության անվտանգությանը չվնասելու մասին օրինագիծը... ընդունվել է երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Այն մուտքագրվելու է օրենքների մասին գրքում»,- ասել է Կնեսետի փոխնախագահ Էրեզ Մալուլը։

Al Jazeera-ի հեռարձակումը կարող է կասեցվել Իսրայելում
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Al Jazeera-ն դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը՝ այն որակելով «վտանգավոր սուտ»։ Լրատվամիջոցն ընդգծել է, թե Իսրայելում գործող իր անձնակազմի և գրասենյակի անվտանգության համար անձամբ Նեթանյահուն է պատասխանատու։

Կատարում կենտրոնակայան ունեցող հեռուստաընկերության լսարանը ողջ աշխարհում մոտ 430 միլիոն մարդ է, և հայտարարությամբ Al Jazeera-ն ընդգծել է, թե կշարունակի արհեստավարժ կերպով լուսաբանել Գազայի իրադարձությունները։

Իսրայելում դիտորդները կարծիք են հայտնում, թե նոր օրենքը արդարացված է։

«Ողջ աշխարհում մարդիկ չեն գիտակցում, որ Al Jazeera-ն Կատարի պետական լրատվամիջոցն է, և որ այն թշնամական քարոզ է տանում Իսրայելի դեմ։ Պատերազմի ընթացքում բազմաթիվ սխալ տեղեկություններ են հաղորդել, և այժմ փորձ է արվում կասեցնել այդ»,- ասել է Honest Reporting-ի գործադիր տնօրեն Գիլ Հոֆմանը։

Այդուհանդերձ, Հոֆմանը ընդգծում է, որ հեռարձակման արգելքն ավելի շատ խորհրդանշական դեր կունենա․ «Այն ունի 45 օրվա սահմանափակում, և չնայած կարող է թարմացվել, բայց պետք է օգտագործվի բացառապես պատերազմի ժամանակ։ Իսրայելցիները հույս ունեն, որ պատերազմը շուտով կավարտվի, իսկ ես ակնկալում եմ, որ այն կօգտագործվի միայն մեկ անգամ, ու Al Jazeera-ն կշարունակի հեռարձակվել այստեղ»։

Վաշինգտոնում անարձագանք չեն թողել զարգացումը։

«Նման քայլը մտահոգիչ է։ Մեզ համար կարևոր է մամուլի ազատությանը։ Միացյալ Նահանգները աջակցում է այն կարևոր աշխատանքին, որն անում են լրագրողներն ողջ աշխարհում, և ներառյալ նրանք, ովքեր հաղորդում են Գազայի հակամարտության մասին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիերը

Պատմությունն ունի մեկ այլ կողմ․ իսրայելական նոր օրենքը առաջ է քաշվել այն ժամանակ, երբ Կատարը փորձում է համաձայնություն ձեռք բերել իսրայելցի տասնյակ պատանդների ազատ արձակման գործում՝ Գազայում հրադադարի դիմաց։ Դիտորդների կարծիքով, օրենքը կարող է բարդացնել այդ ջանքերը։

XS
SM
MD
LG