Մատչելի հղումներ

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Գազայում զոհվել են մարդասիրական կառույցի 7 աշխատակիցներ․ World Central Kitchen


World Central Kitchen-ի ավտոմեքենան` իսրայելական օդային հարձակման հետևանքով
World Central Kitchen-ի ավտոմեքենան` իսրայելական օդային հարձակման հետևանքով

Երեքշաբթի World Central Kitchen մարդասիարական կազմակերպության տարածած հայտարարության համաձայն, իսրայելական օդային հարձակման հետևանքով Գազայում զոհվել են կառույցի յոթ անդամներ, ինչի հետևանքով կազմակերպությունը դադարեցնում է իր աշխատանքը շրջանում:

World Central Kitchen-ը մանրամասնել է՝ իր աշխատակիցները ավարտել էին մոտ 100 տոննա կշռող պարենային օգնության ամբարումը տեղի պահեստում և հստակ երևացող տարբերանշաններով երեք մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով վերադառնում էին, երբ երեք ավտոմեքենաներն էլ առանձին-առանձին թիրախավորվել են, թեև իրենց քայլերը նախապես համաձայնեցված էին իսրայելական կողմի հետ

Զոհերի թվում են մեկ պաղեստինցի և Ավստրալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ ու Կանադայի քաղաքացիներ:

Պաղեստինյան «Կարմիր մահիկը» տեղեկացրել է, որ զոհվածների մարմինները հայտնաբերվել են երեքշաբթի՝ «մի քանի ժամ տևած դժվարին գործողության արդյունքում»։ Դիերը տեղափոխվել են հիվանդանոց՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի անցակետով դուրս բերելու համար:

World Central Kitchen-ի գործադիր տնօրեն Էրին Գորը հարձակումն անվանել է «աններելի»:

«Սա ոչ միայն հարձակում է World Central Kitchen-ի դեմ, սա հարձակում է մարդասիրական կազմակերպությունների ուղղությամբ, որոնք գործում են սարսափելի իրավիճակներում՝ այնպիսի պայմաններում, երբ սնունդն օգտագործվում է որպես պատերազմի միջոց»,- ասել է Գորը:

Կազմակերպության հիմնադիր, ԱՄՆ տարբեր քաղաքներում բազմաթիվ ռեստորանների տեր Խոսե Անդրեսը արձագանքել է սոցհարթակում, թե վշտացած է «մեր քույրերի ու եղբայրների կորստի կապակցությամբ՝ Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով»:

Իսրայելի կառավարությունը պետք է դադարեցնի այս սպանությունները՝ ընդգծել է Անդրեսը. «Անհրաժեշտ է դադարեցնել մարդասիրական օգնության սահմանափակումը։ Դադարեցնել խաղաղ բնակիչների և մարդասիրական ծառայությունների աշխատակիցների սպանությունը, ինչպես նաև սննդամթերքի օգտագործումը որպես զենք: Խաղաղությունը սկսվում է մեր ընդհանուր մարդասիրությունից: Պետք է սկսել հենց հիմա»:

Կազմակերպությունն օգտագործում էր ծովային ուղին՝ Գազա սնունդ հասցնելու համար: Նորություն չէ, որ մարդասիրական կազմակերպությունները դժգոհում են իսրայելական բանակի կողմից ստեղծվող խոչընդոտներից, երբ օգնություն տեղափոխող բեռնատարները փորձում են անցնել Գազա: Խնդիր է նաև Գազայի հատվածում անվտանգության ապահովումը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դենիել Հագարին երեքշաբթի արձագանքել է, թե կապվել է Խոսե Անդրեսի հետ և «խորին ցավակցություն» հայտնել կատարվածի կապակցությամբ։

Հագարին տեղեկացրել է, որ Իսրայելն «ամենաբարձր մակարդակներում» հետաքննում է, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը սերտորեն համագործակցում էր World Central Kitchen-ի հետ՝ օգնելու կազմակերպությանը կատարել իր վեհ առաքելությունը՝ սննդի և մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի ժողովրդին։ World Central Kitchen-ը օգնության ձեռք էր մեկնել նաև իսրայելցիներին՝ [անցած տարվա] հոկտեմբերի 7-ի սպանդից հետո: Նրանք այստեղ [գործունեություն ծավալած] առաջին հասարակական կազմակերպություններից էին: World Central Kitchen-ի աշխատանքը կարևոր է: Նրանք՝ մարդասիրական օգնության ցուցաբերման առաջնագծում են»,- ասել է Հագարին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը երեքշաբթի հայտարարել է, թե «վրդովված է» հարձակումից և նման գործողությանը արդարացում չկա:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը երեքշաբթի հաստատել է ավստրալացու՝ Լալզավմի «Զոմի» Ֆրանկոմիի մահը՝ նշելով, թե իր կառավարությունն ակնկալում է «լիարժեք պատասխանատվություն» տեղի ունեցածի առնչությամբ:

«Սա մարդկային ողբերգություն է, որը չպետք է տեղի ունենար։ Այն անընդունելի է», - ասել է Ալբանեզը լրագրողներին՝ ընդգծելով, թե մարդասիրական ոլորտի աշխատակիցները և անմեղ քաղաքացիական անձինք «պետք է պաշտպանված լինեն»:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին սոցհարթակում գրել է, թե Վարշավակում Իսրայելի դեսպանից հրատապ բացատրություն է պահանջել տեղի ունեցածի կապակցությամբ։ Սիկորսկին ցավակցություն է հայտնել սպանված լեհ աշխատակցի ընտանիքին և Գազայի հատվածում զոհված բոլոր քաղաքացիական անձանց հարազատներին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ու վշտացած կատարվածով:

«Մարդասիրական օգնության աշխատակիցները պետք է պաշտպանված լինեն, քանի որ նրանք օգնություն են հասցնում, որը խիստ անհրաժեշտ է։ Իսրայելին կոչ ենք անում արագ հետաքննել տեղի ունեցածը»,- նշել է Ուոթսոնը X հարթակում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունն աշխատում է ճշտել միջադեպի վերաբերյալ տեղեկությունները:

«Այդ մարդիկ փորձում էին օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Կարևոր է, որ մարդասիրական ոլորտի աշխատակիցները պաշտպանված լինեն և կարողանան իրականացնել իրենց գործը»,- ասված է Քեմերոնի հայտարարությունում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը ևս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով հետաքննել տեղի ունեցածը։

«Չնայած քաղաքացիական անձանց և մարդասիրական ոլորտի աշխատակիցներին պաշտպանելու պահանջներին, նոր անմեղ զոհերի ականտեսն ենք լինում», - ասել է Բորելը:

Հիշեցնենք, Գազայի հատվածում Իսրայելի ռազմուժի գործողությունները հետևեցին բազմաթիվ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման արյունալի գրոհին հրեական պետության դեմ՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին, ինչի հետևանքով սպանվեցին մոտ 1 200 իսրայելցիներ և պատանդառվեցին շուրջ 240-ը։ «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության տվյալներով, անցած մոտ կես տարում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են գրեթե 33 հազար պաղեստինցիներ՝ երկու երրորդը կանայք ու երեխաներ: Իսրայելի ներկայացմամբ, զոհերի առնվազն մեկ երրորդը զինյալներ են:

Այս նյութի համար օգտագործվել են The Associated Press-ի, Reuters-ի և Agence France-Press-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG