Մատչելի հղումներ

Ուկրաինային հատկացվող ամերիկյան ֆինանսավորման մեծ մասը ծախսվում է ԱՄՆ-ում


Ուկրաինական պատերազմ
Ուկրաինական պատերազմ

ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ գնաց՝ անորոշ թողնելով Ուկրաինային և Վաշինգտոնի համար այլ կարևոր երկրներին լրացուցիչ ֆինանսական աջակցություն նախատեսող օրինագծի հարցը: Հանրապետականները, ովքեր դեմ են նման հատկացումներին, ասում են, թե ԱՄՆ Կոնգրեսը պետք է ծախսի գումարները երկրի ներքին խնդիրները լուծելու համար։

Կիևի ներկայացմամբ ռուսական ուժերի վերջին առաջխաղացման հիմնական պատճառը ուկրաինական կողմում զինամթերքի պակասն է, և նման հայտարարությունների ֆոնին՝ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից արդեն իսկ հավանության արժանացած ու Կիևի համար նախատեսված 60 միլիարդ դոլարանոց օրինագծի ընդունման շուրջ:

«Ոչ ոք համաձայն չէ Պուտինի արածի հետ։ Բայց խնդիր է, երբ վերցնում ենք մեր՝ դժվարությամբ վաստակած դոլարները և ուղարկում 5 հազար մղոն հեռու, և սա վերջ չունի, իսկ մեր երկրի սահմանը բաց է, մեր քաղաքացիներին սպանում են իրենց հարազատ փողոցներում»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան՝ Փենսիլվանիայից ընտրված հանրապետական անդամ Սքոթ Փերին։

Ուկրաինային հատկացվող ամերիկյան ֆինանսավորման մեծ մասը ծախսվում է ԱՄՆ-ում
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Սակայն միջոցների մեծ մասը, որ ամերիկացի օրենսդիրները հատկացրել են Ուկրաինային, ծախսվում են հենց Միացյալ Նահանգներում՝ սպառազինության արտադրության և ԱՄՆ ռազմուժի պաշարները համալրելու համար՝ Կիևին ուղարկած սպառազինությունից հետո:

Յորքում գտնվող գործարանը ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրի տասնյակ ձեռնարկություններից մեկն է, որը ֆինանսավորվել է Կոնգրեսի հատկացրած միջոցներով՝ Ուկրաինային աջակցելու շրջանակում:

Զինամթերքի արտադրության հայտնի՝ «Սքրանթոն» գործարանում, որը գտնվում է Յորքից մոտ երեք ժամվա հեռավարության վրա՝ դեպի հյուսիս, պողպատե ձողեր են պատրաստում, որոնք օգտագործվում են արկերի արտադրության մեջ։

Փենսիլվանիա նահանգում գործող այս ձեռնարկությունն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր կրկնապատկել է արտադրությունը, և ամսական 14 հազար արկի փոխարեն այժմ արտադրում է 28 հազար հատ: Գործարանի կապալառու General Dynamics ընկերության փոխանցմամբ, նախատեսվում է այդ թիվը հասցնել ամսական 36 հազարի, երբ առաջիկայում գործարանում կսկսի աշխատել նոր հոսքագիծ:

Գործարանի կառավարիչ Ռիչ Հանսենն ասում է, որ ամերիկացի հարկատուների միջոցներից հատկացված 418 միլիոն դոլարով իրականացվում են արդիականացման 20 ծրագրեր:

Նախատեսվում է, որ գործարանում կբացվի 200 նոր աշխատատեղ։ General Dynamics-ում ընդգծում են՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի հատկացրած լրացուցիչ ֆինանսավորման նման բան հնարավոր չէր։

Փենսիլվանիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Մեթ Քարթրայթն ասում է, որ այդ նոր աշխատատեղերը կնպաստեն ռազմա-արդյունաբերության առաջընթացին, ու կարևոր է նաև վստահ լինել, որ ԱՄՆ-ն երես չի թեքի Ուկրաինայից. «Միշտ հանդես ենք եկել հանուն ժողովրդավարության և ազատության, որտեղ էլ որ այն լինի: Չեմ կարծում, որ հիմա պետք է փոխենք այդ քաղաքականությունը»։

Նախատեսվում է, որ հաջորդ տարվանից սկսած ԱՄՆ-ում պետք է արտադրեն ամսական 100 հազար հատ արկեր՝ համալրելու ավելի քան 2 միլիոնի պակասը, որ Վաշինգտոնն ուղարկել է Ուկրաինա։ Պաշտոնյաներն ընդգծում են, որ երկրի ռազմա-արդյունաբերական համալաիրը չի կարող հասնել այդ նպատակին՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատկացված լրացուցիչ ֆինանսավորման:

XS
SM
MD
LG