Մատչելի հղումներ

Ուկրաինայում կարծում են՝ Պուտինի վերընտրությունը նշան է, որ պատերազմը շուտով չի ավարտվի


Russia Election
Russia Election

Ողջ աշխարհի նման՝ Ուկրաինայում մարդիկ չզարմացան ռուսաստանյան «ընտրություններում» Վլադիմիր Պուտինի «հաղթանակից»: Շատերը հայտարարված արդյունքը համարում են ևս մեկ նշան, որ Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի:

Ուկրաինացիները ուշի ուշով հետևում են, թե Ռուսաստանում ինչպես են արձագանքում, այսպես կոչված, «ընտրություններում» Վլադիմիր Պուտինի «հաղթանակին»․ մարդ, ով գրեթե քառորդ դար իշխում է Կրեմլում և ում նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարին ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, Պուտինն անում է ամեն ինչ, որպեսզի «հավերժ իշխի»։

«Ընտրությունների այս կեղծագործման մեջ ոչ մի լեգիտիմություն չկա և չի կարող լինել»,- ասել է Զելենսկին:

Քաղաքական վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի ներկայացմամբ, ուկրաինացիների համար հատկապես անհանգստացնող էր, որ Ռուսաստանը «ընտրություններ» էր անցկացնում Ուկրաինայի արևելյան՝ բռնազավթված տարածքներում:


«Ուկրաինայի համար կարևոր է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Բուն Ռուսաստանի տարածքում Ռուսաստանի իշխանությունները կարող են անել այն, ինչ ուզում են»,- ասում է Պորտնիկովը։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի փողոցներում՝ մարդկանց մոտ այնպիսի ընկալում էր, թե նման քվերակությամբ ռուսատանցիները որոշել են քաջալերել Պուտինին՝ շարունակել ագրեսիան Ուկրաինայի դեմ:

«Այս ընտրությունների արդյունքներն ինձ ամենևին չզարմացրեցին։ Կանխատեսված, սպասված իրավիճակ է, և, ցավոք, Ռուսաստանում ոչինչ չի փոխվում»,- ասում է Կիևում բնակվող Աննան։

«Նրանք ցանկանում են գրավել Ուկրաինան, ոչնչացնել ամբողջ Ուկրաինան, ոչնչացնել այն ամենը, ինչ ուկրաինական է։ Նրանք երբեք չէին թաքցնում այդ: Պուտինի ասածը միայն վկայում է այս մասին։ Հիմա նա քարտ-բլանշ է ստացել իր ժողովրդից և, հավանաբար, կշարունակի այս ագրեսիվ քաղաքականությունը»,- հավելում է Յուրին, ով նույնպես բնակվում է Ուկրաինայի մայրաքաղաքում։

Արևմտյան երկրները դատապարտել են Ռուսաստանի «ընտրությունները», այն որակելով ոչ ազատ և անարդար։

Երկուշաբթի՝ Կիև կատարած այցի ժամանակ ԱՄՆ ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեհեմը ռուսաստանյան «ընտրությունները» անվանեց «կեղծ «ընտրություններ»:

«Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը․․․ այն լեգիտիմ չէ։ Նա լեգիտիմ նախագահ չէ։ Նա ղեկավարում է ահաբեկչական պետություն»,- ասել է սենատոր Գրեհեմը։

Ինչևէ, զուգահեռաբար՝ զինամթերքի պակասության ֆոնին և այն ընկալմամբ, որ նման «հաղթանակից» հետո Պուտինը նոր եռանդով է լծվելու Ուկրաինայի դեմ պատերազմին, Կիևում սպասում են, որ իրավիճակն առաջնագծում կսրվի։

XS
SM
MD
LG