Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են՝ ընտրություններին ընդառաջ ամերիկացի ընտրողները կարող են բախվել ապատեղեկատվության ալիքի


ԱՄՆ նախագահական ընտրություններ
ԱՄՆ նախագահական ընտրություններ

Դիտորդներն ընդգծում են՝ ամերիկացի ընտրողները պետք է զգոն լինեն, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ օտար պետությունները հնարավոր է փորձեն ապատեղեկատվական արշավների ձեռնարկել։ «Ամերիկայի ձայնը» փորձել է պարզել, թե ինչ են մտածում ամերիկացիներն այդ կապակցությամ:

ԱՄՆ անվտանգության մարմինների աշխատակիցներն անցել են աշխատանքի շուրջօրյա ռեժիմի՝ նպատակ ունենալով զերծ պահել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններն օտաերկրյա հնարավոր միջամտությունից։ Սակայն, ըստ դիտորդների, արդեն իսկ կարելի է ականատես լինել այդ ընտրությունների բնականանոն անցկացման դեմ ուղղված ապատեղեկատվական արշավների։

«Իրոք, փորձում են սրել բևեռացվածությունը [ամերիկյան հանրության ներսում], խաթարել վստահությունը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, և սա կարող է պարզապես դրսևորվել սոցիալական ցանցերում հրապարակումների տեսքով, որոնք հարց են բարձրացնում՝ արդյո՞ք ժողովրդավարությունը գործում է: Օրինակ, եթե որևէ օտար պետություն համարում է, որ որոշակի թեկնածու ձեռնտու չէ իր աշխարհաքաղաքական շահերին, այդ ուղղությամբ ակտիվություն ենք նկատում՝ ուղղված այդ թեկնածուի դեմ»,- ասում է անվտանգության ուսումնասիրությամբ զբաղվող «Recorded Future» ընկերության ավագ վերլուծաբան Շոն Մայնորը:


Ի հայտ եկող նոր տեխնոլոգիաները կարող են օգնել օտար պետություններին, կամ նրանց աջակցությունը վայելող ուժերին ավելի դյուրին ու արագ տարածել սուտը՝ զգուշացնում է ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Մարկ Ուորները:

«Այլևս գործ ունենք արհեստական բանականության հետ, որը մեծ ծավալներ ու արագություն է հաղորդել ապատեղեկատվության տարածմանը։ Կարծում եմ, չափազանց կարևոր է, որ ավելի լավ աշխատանք կատարենք երկկուսակցական ձևաչափով՝ տեղեկացնելու ամերիկյան հանրությանը, որ այս խնդիրը չի վերացել»,- ասում է Ուորները:

«Ամերիկայի ձայնի» զրուցակից ամերիկացիները տեղյակ էին խնդրից՝ միաժամանակ ընդունելով, որ շատերի համար դժվար կլինի հատկապես սոցցանցերում զանազանել ճշմարտությունը ստից։

«Նրանք կարող են օգտագործել արհեստական բանականության ծրագիրը, որպեսզի ապակողմնորոշեն [մեզ], կամ փոխեն մարդու ասածը»,- նշում է Վիրջինիայում բնակվող Քեյլոն Ուեդըրսը:

«Շատ դժվար է [զանազանել սուտը], քանի որ հաճախ ունկնդիրները զուրկ են քննադատական մտածողությունից։ Նրանք պարզապես հավատում են այն, ինչ լսում են տվյալ հարթակում»,- ասում է Շիլա ԴեԲոնիսը:

Մարդիկ տարբեր կարծիքի են, թե ինչպես պետք է դիմակայել մարտահրավերին:

«Կարծում եմ, անկախ կողմ է հարկավոր, որը կարող է ստուգել տեղեկատվությունը, այլապես մնում է վստահել այդ մարդկանց կամ հարթակներին, որոնք պետք է մեզ ճշգրիտ տեղեկատվություն տան»,- ասում է Ջո Ջաջը:

«Վստահ չեմ, որ ինչ-որ բան կարելի է անել՝ առանց համացանցը խիստ գրաքննության ենթարկելու: Կարծում եմ, մարդու պատասխանատվությունն է լինել տեղեկացված ընտրող»,- նշում է Քոլ Թոմասը:

ԱՄՆ իշխանությունները վստահեցնում են՝ ջանքեր են գործադրվում՝ ամրապնդելու ընտրողների գիտելիքները, հնարավորությունները՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ:

ԱՄՆ Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների գծով անվտանգության գործակալությունից «Ամերիկայի ձայնին» փոխանցել են, որ նախագծել են հատուկ մի կայք՝ «Բամբասանքներն ընդդեմ իրականության» («Rumor vs. Reality»), ուր կարելի է գտնել հավաստի տեղեկություններ ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ:

Այս ուղղությամբ գործում են հասարակական մի շարք կազմակերպություններ։ Օրինակ, շահույթ չհետապնդող «Լրատվական գրագիտության նախագիծը» («News Literacy Project») ունի նմանատիպ մի քանի հարթակներ, որոնք պետք է օգնեն ընտրողներին տարբերակել փաստերը հորինվածքից:

«Կեղծիքներ և ապակողմնորոշող տեղեկություններ տարածողների առաջին գործիքը ձեր զգացմունքների վրա խաղալն է: Եթե նկատել եք ինչ-որ բան, որը վրդովեցուցիչ է, լավ կլինի պարզապես մի պահ կանգ առնել և ինքներդ ձեզ մի քանի հարց տալ, թե կա գեթ մեկ ապացույց, որ այդ պնդումը ճիշտ է»,- ասում է «Լրատվական գրագիտության նախագծի» ներկայացուցիչ Փիթեր Ադամսը:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը այն բարձրաստիճան պաշտոնյաներից է, ովքեր դիմել են Միացյալ Նահանգների Կոնգրեսին ապատեղեկատվության տարածման հարցով։ Նրա խոսքով նման չարիքի դեմ կարելի առնել հանրության տեղեկացվածության բարձրացմամբ և պետական ու մասնավոր հատվածների միջև համագործակցության շնորհիվ:

XS
SM
MD
LG