Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատը քննարկում է օրինագիծ, որը կարող է արգելել «TikTok»-ը Միացյալ Նահանգներում


Սպիտակ տունը հորդորել է ԱՄՆ սենատորներին արագ կարգով քննարկել «TikTok»-ին վերաբերող օրինագիծը, քանզի այն առնչվում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է ընդունել մի օրինագիծ, որը պահանջում է «TikTok»-ի հիմնադիր չինական ընկերությունից՝ «ByteDance»-ից, հրաժարվել հավելվածից, որպեսզի այն շարունակի գործել Միացյալ Նահանգներում:

Սպիտակ տունը կողմ է նախագծին, և նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը հայտարարել է․ «Ցանկանում ենք, որ ամերիկացիների անձնական տվյալների արտահոսք չլինի։ Այս օրինագիծը չի արգելի «TikTok»-ի նման հավելվածների գործունեությունը»:

«TikTok»-ի ներկայացմամբ, օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը, և հավելվածը սպառնալիք չէ ԱՄՆ ազգային անվտանգությանը: «TikTok»-ի գործադիր տնօրեն Շու Զի Չուն արձագանքել է. «Նախորդ մի քանի տարիներին ներդրումներ ենք կատարել ձեր տվյալների անվտանգությունն [ապահովելու] ու մեր հարթակն արտաքին միջամտություններից զերծ պահելու համար»:

Պեկինը նախազգուշացրել է, որ օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ-ում գործող օտարերկրյա ընկերությունները կհայտնվեն մրցակցային անբարենպաստ պայմաններում։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը, մասնավորապես, ասել է․ «Միացյալ Նահանգների կողմից «TikTok»-ի խնդրի նման «լուծումը» թույլ կտա աշխարհին պարզ տեսնել՝ արդյո՞ք ԱՄՆ, այսպես կոչված, օրենքները ձեռնտու են աշխարհին, թե՞ ծառայում են միայն իրեն»:

«TikTok»-ի շուրջ իրավիճակը ստիպել է ԱՄՆ-ում շատերին վերստին ուշադրություն դարձնել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Քեյթլին Չին-Ռոթմանը ասում է․ «Անսովոր քայլ է: Նախկինում տեսել ենք չինական ընկերությունների դեմ գործողություններ, բայց դրանք սպառողների դեմ չէին, և այս հանգամանքը ԱՄՆ-Չինաստան [հարաբերություններում առկա լարվածությունը] բերում է բազմաթիվ ամերիկացիների կյանք»:

ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չակ Շումերի ներկայացմամբ, Կոնգրեսի վերին պալատի հանձնաժողովներում կսկսեն օրինագծի քննարկումը: Բազմաթիվ սենատորներ արդեն իսկ հայտնել են իրենց աջակցությունը նախագծին։

Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին նշել է․ «Չեմ ցանկանում, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ստանա մեր քաղաքացիների անձնական տվյալները, ոչ էլ կարողանա տեր լինել այն ալգորիթմներին, որոնք աշխատում են ամերիկյան հանրությունում»:

Սենատորների մյուս մասի կարծիքով, օրինագիծը պետք է լինի «ավելի նպատակային»:

«Եթե որոշում կայացնող լինեի, առաջնահերթություն չէի տա «TikTok»-ի արգելման օրինագծին: Առաջնահերթություն կտայի երեխաներին համացանցում պաշտպանելու մասին օրինագծին՝ ոչ միայն «TikTok»-ում, նաև՝ այլ սոցմեդիա հարթակներում»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ֆինանսների նախարարի աթոռը զբաղեցրած Սթիվ Մնուչին հինգշաբթի հայտարարել է, որ աշխատում է ներդրողների խումբ ձևավորել՝ «TikTok»-ը գնելու նպատակով:

XS
SM
MD
LG