Մատչելի հղումներ

Գազայում մարդասիրական օգնության սպասող առնվազն 112 պաղեստինցիների սպանությունը միջազգային սուր քննադատություն է հարուցել


Գազա քաղաքում մարդասիրական օգնություն
Գազա քաղաքում մարդասիրական օգնություն

Հինգշաբթի Գազա քաղաքում մարդասիրական օգնության սպասող առնվազն 112 պաղեստինցիների մահը միջազգային սուր քննադատություն է հարուցել՝ հատկապես այն բանից հետո, երբ ականատեսների ու Գազայի առողջապահական պատասխանատուների խոսքով, պատճառը իսրայելական կողմի հարվածն էր։

Թել Ավեվը հերքում է իր մասնակցությունը՝ նշելով, թե տեղի ունեցածը հրմշտոցի հետևանք էր, և մարդկանց այնուհետև վրաերթի են ենթարկել շտապ կարգով դեպքի վայրից հեռացող բեռնատարները, որոնց բերած մարդասիրական օգնությունը ստանալու համար էլ խմբվել էին Գազայի բնակիչները։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ պատճառը Գազա քաղաքի արևմտյան մասում գտնվող ալ-Նաբուսի ճանապարհային հանգույցում հավաքված բազմության ուղղությամբ իսրայելական ռազմուժի հարվածն էր։ Ավելի ուշ՝ իսրայելական կողմի կրակի մասին են խոսել նաև ականատեսները, երբ մարդիկ բեռնատարներից ալյուր և պահածոներ էին ստանում:

Գազայի հատվածի հատկապես հյուսիսային շրջաններում նկատելի է օգնության պակասը․ ՄԱԿ-ը նախազգուշացրել է վերահաս սովի մասին։

Ի սկզբանե՝ իսրայելցի պաշտոնյաները խոստովանել են, որ իրենց զորքերն են կրակ բացել՝ քանզի կարծել են, թե բեռնատարների ուղղությամբ շտապող մարդիկ «վտանգ են ներկայացնում»: Սակայն հինգշաբթի՝ ավելի ուշ, «X» սոցհարթակում հաղորդագրությամբ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը, տեղադրելով տեսանյութ, պնդել է, որ զորքերը միայն «մի քանի նախազգուշական կրակոց» են արձակել՝ մարդկանց ցրելու համար:

«Իսրայելական ուժերը ոչ մի հարված չեն հասցրել օգնության շարասյան ուղղությամբ»,- ասել է փոխծովակալ Դենիել Հագարին՝ հավելելով, որ դեպքի վայրում ներկա են եղել իսրայելական տանկեր՝ ապահովելու 38 բեռնատարների անվտանգությունը:

Իսրայելի պաշտպանության բանակի սկզբնական հայտարարությունում նաև ասված էր, որ «տասնյակ մարդիկ զոհվել ու վիրավորվել են ոտնատակ լինելու, բեռնատարների կողմից վրաերթի ենթարկվելու պատճառով»: Հագարին անդրադարձել է նաև այս կետին՝ ասելով, որ Գազայի «հազարավոր» բնակիչներ շտապել են դեպի օգնություն բերող շարասյուն:

«Ոմանք սկսեցին բռնություն կիրառելով՝ հրել և նույնիսկ ոտնատակ տալ Գազայի մյուս բնակիչներին՝ թալանելով մարդասիրական բեռը»,- նշել է Հագարին:

Նրա խոսքով, օգնությունը պետք է բաշխվեր մասնավոր կապալառուների կողմից, և որ Իսրայելի պաշտպանության բանակը նման կարգի օգնություն է ցուցաբերել նախորդած չորս գիշերների ընթացքում՝ առանց միջադեպերի:

«Այս վերջին իրադարձությունը պետք է մանրակրկիտ հետաքննվի»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Դալթոնը նախագահական օդանավում՝ «Air Force One»-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նախագահ Ջո Բայդենը մեկնել է ԱՄՆ-Մեքսիկա սահման:

Դալթոնը Գազայի հյուսիսում տեղի ունեցածն անվանել է «չափազանց տագնապալի և մտահոգիչ»՝ միջադեպը որակելով «ողբերգություն»:

«Կարծում ենք, որ այդ միջադեպը ցույց է տալիս Գազա՝ լայնածավալ մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտությունը», - ավելացրել է Բայդենի խոսնակը:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահն այս շաբաթ՝ ավելի վաղ, կանխատեսել էր, որ ԱՄՆ, Կատարի և Եգիպտոսի բանակցությունները կարող են հանգեցնել Իսրայելի ու «Համասի» միջև կրակի դադարեցմանը՝ մինչև գալիք երկուշաբթի: Հինգշաբթի տեղի ունեցածից հետո լրագրողներին հարցին՝ դեռ հնարավոր համարո՞ւմ է զինադադարը, Ջո Բայդենն արձագանքել է, թե «հավանաբար, ոչ մինչև երկուշաբթի»՝ հավելելով, որ «հույսը հավերժ է»։

Սպիտակ տունը նաև տեղեկացրել է, որ նախագահ Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի նախագահի ու Կատարի էմիրի հետ, քննարկել են միջադեպն ու պատանդների, նոր հրադադարի վերաբերյալ բանակցությունների ընթացքը:

Գազայում տեղի ունեցածին անդրադաձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ «X» հարթակում զայրույթ արտահայտելով տեղի ունեցածի կապակցությամբ և կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, իրեն «խորապես անհանգստացրել են Գազայի հատվածից ստացվող պատկերները»՝ «X»-ում հորդորելով ամեն ջանք գործադրել կատարվածը հետաքննելու համար:

Լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի թաքցրել իր վրդովմունքը․ «Կարծում եմ, նման իրավիճակը պահանջում է արդյունավետ, անկախ հետաքննություն՝ պարզելու, թե ինչպես է այդ հնարավոր և պատասխանատուներին»:

Միջադեպի առնչությամբ Նյու Յորքում դռնփակ ժողով է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Ալժիրի խնդրանքով:

Պաղեստինի բանագնաց Ռիյադ Մանսուրը տեղի ունցածն անվանել է «կոտորած»: Իրանը, Չինաստանը և Արաբական լիգան նույնպես դատապարտել են միջադեպը:

«Մեր ունեցած տեղեկություններով, կրակել են տասնյակ մարդկանց գլխներին։ Դա նման չէ երկինք կրակելուն՝ մարդկանց հետ մղելու համար։ Այն միտումնավոր թիրախավորում էր և սպանդ»,- ասել է Մանսուրը:

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ միջադեպը դատապարտող և Ալժիրի կողմից առաջարկված հայտարարության շուրջ, ուր Իսրայելը անվանվում է հանցագործ․ որոշ դիվանագետներ պնդել են, թե դեռ չունեն միջադեպի հետ կապված բոլոր փաստերը:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված պաղեստինցիների թիվն անցել է 30 հազարը, վիրավորվել են 70 հազար, շատերը անհետ կորել են փլատակների տակ:

Հիշեցնենք, իսրայելական բանակը Գազայում ռազմական գործողություններ սկսեց, երբ «Համասը» գրոհեց հրեական պետությունը՝ սպանելով 1 200 մարդու և առևանգելով ևս 250-ի, որոնցից մոտ 100-ը ազատ արձակվեցին անցած տարվա նոյեմբերին՝ կարճատև հրադադարի ժամանակ:

XS
SM
MD
LG