Մատչելի հղումներ

Հայաստանի ուժային կառույցներում բարեփոխումները կաղում են․ իրավապաշտպաններ


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան բարեփոխումների թեման միշտ էլ գրավել արևմտյան գործիչների ուշադրությունը։ Սակայն նախորդ տարիներին այն ավելի ընդգծվեց, որովհետև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե Երևանը նպատակ ունի ռազմավարական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, արձագանք ստանում՝ բարեփոխել երկիրը։

Հայաստանում բարեփոխումների ընթացքը հեռու է իշխանությունների ստանձնած հանձնառությունից՝ 2018 թվականից հետո գործն առաջ տանել «հեղափոխական տեմպերով»․ կան հաջողված օրինակներ և ուղղություններ, կան ոլորտներ, ուր բարեփոխումները մեծամասամբ ձևական բնույթ են կրում, և արդեն կան հետքայլեր՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի գլխավորած կազմակերպությունն, ինչպես հայտնի է, հատկապես ուշադիր է իրավապահ համակարգում, ուժայինների մոտ իրականացվող բարեփոխումներին։

Հայաստանում բաեփոխումների թեման լրացուցիչ կարևորություն ստացավ արևմտյան երկրների ու կառույցների հետ Երևանի հայտարարած նոր ռազմավարության համատեքստում, թե սերտ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, այլևս Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Արևմուտքից արձագանքում են՝ նոր որակի հարաբերությունները պահանջում են երկիրը բերել համապատասխան՝ ժողովրդավարական, ինստիտուցիոնալ առումով զարգացած մակարդակի, այսինքն՝ իրականացնել բարեփոխումներ։

Նախորդ տարիներին՝ խաղաղ պայմաններում բանակում զոհերի թիվն աճել է․ իրավապաշտպան
please wait

No media source currently available

0:00 0:06:23 0:00

«Պրոգրեսը, որը կա ընտրական ոլորտում, ուղղակի իրապես կարելի է համարել հեղափոխական։ Այսինքն, ընտրությունների ոլորոտում դա պրոգրես չի, դա ուղղակի թռիչքային զարգացում է»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանի խոսքով, իրավապահ համակարգում պատկերը տարբեր է։ Օրինակ, Քննչական կոմիտեում «թեև ինստիտուցիոնալ բարեփոխում չի արվել, բայց շատ բան է փոխվել»։ Զրոյից ստեղծվել է Հակառուպցիոն կոմիտեն, և կոռուպցիայի դեմ պայքարի առումով 2018 թվականից ի վեր տեղաշարժ կա, նկատելի է աշխատանքը պաշտոնյաների ունեցվածքի ծագումը պարզելու գործում։

«Ցավոք սրտի, ոստիկանությունում փոփոխություններ թեև կան, բայց էդ փոփոխությունները բավականին քիչ են ու, որոշակի առումով, մի քիչ դեկորատիվ բնույթ են կրում»,- ասաց Իոաննիսյանը։

Խնդիրներն այդքանով չեն սահմանափակվոփւմ։

«Կոռումպացված դատավորը վերանշանակվում է, բայց դա ներկայացվում է որպես դատական համակարգի թարմացում։ Մի քիչ դատական համակարգում խնդիրներ կան, և ցավոք, անկախ դատական համակարգ կառուցելու իշխանության ցանկությունները, ոնց որ թե, մի քիչ սղաճ են ապրել»,- շարունակեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն, անգամ, ակնհայտ հետընթաց գնահատեց, օրինակ, իրավիճակը զինված ուժերում՝ որպես ցուցիչ ներկայացնելով մարդու իրավունքների վիճակը և խաղաղ պայմաններում բանակում մահացության դեպքերի աճը, ինչը, հասկանալի է, չի կարող լինել բարեփոխումների ենթարկվող կառույցում։

«Բայց ոչինչ չի արվում։ Այսինքն, սա վկայություն է․․․ մահվան դեպքերը վկայում են, որ բանակում բարեփոխումներ չկան։ Ուղղակի սա ապացույց է, որ չկան։ Բացի այն, որ այդ մահվան դեպքերը չեն նվազում, բայց չեն կանխարգելում։ Բացահայտումները․․․, կոծկվում են բոլոր հիմնականում էդ սպանություն, ինքնասպանություն․․․ ։ Մնք ավելի շատ դրանով ենք զբաղվում և մենք տեսնում ենք, թե փորձաքննությունները ինչպես չեն համապատասխանում իրենց ներկայացրած իրողություններին, իրենց քննության արդյունքներին։ Եվ ոչ ոք չի հետաքրքրվում»,- «Ամերիկայի ձայնին» ասաց Ալեքսանյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը նույնպես վկայում են իրավիճակի վատացման մասին։ Եթե 2014-2018 թվականներին խաղաղ պայմաններում զոհվել են 361 զինծառայողներ, ապա 2019-2023 թվականներին՝ ավելի շատ՝ 373:

Այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո գրեթե վեց տարի անց էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները դեռ հեռու են պետական համակարգի հիմնարար բարեփոխումներից, օրերս հրապարակավ խոստովանեց Հայաստանի վարչապետը՝ նշելով, թե շատ դեպքերում գնացել են «տեղային լուծումների»։

«Բարեփոխումներ էլ իրականացնելու համար կարողությունների որոշակի սահամանափակում ունենք: Հետևաբար, երկընտրանքի առաջ ենք: Ի՞նչ անենք, նստենք-սպասենք, կամ գնանք-տեսնենք, թե երբ կավարտվի այդ մեծ, ծավալուն գործընթացւ, թե մենք նաև որոշակի տեղային լուծումների գնանք: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է նաև տեղային լուծումների գնանք: Տեղային լուծումների ենք գնացել բանակում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում, դատական համակարգում, էլի ինչ-որ տեղեր»,- այս փետրվարի 8-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդքանով հանդերձ, Արևմուտքում՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, շարունակում են ընդգծել դրական սպասումները։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը 2024 թվականի հունվարի 11-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ չթաքցրեց, թե «Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է»։

Օրերս հայաստանյան բարեփոխումներին անդրադարձավ նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։

«Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարական սկզբունքները շարունակում են ամրապնդել մեր համագործակցությունը։ Ողջունում ենք [Հայաստանում] ձեռնարկված քայլերը արդարադատության [համակարգի] բարեփոխման ու հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ և քաջալերում ենք Հայաստանին՝ հետագայում ևս արձագանքել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարում»,- այս փետրվարի 13-ին հայտարարեց Բորելը։

Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բարեփոխումները Հայաստանում այլևս չեն ընկալվում բացառապես լավ ապրելու լույսի ներքո։ Պատերազմը շատ արագ ցույց տվեց հայաստանցիաներին, թե ինչ է նշանակում, օրինակ, կոռումպացված, հետամնաց անվտանգության համակարգը։ Իշխանություներն ասում են, թե դասեր են քաղել։ Բայց արդյո՞ք այդպես է․․․ շատերի ընկալմամբ, կառավարության քայլերը դեռ համոզիչ չեն։

XS
SM
MD
LG