Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի գնահատականով Ադրբեջանում կայացած ընտրություններն անցել են «սահմանափակող միջավայրում, առանց իրական մրցակցության»


Ադրբեջանում նախօրեին անցան վաղաժամ նախագահական ընտրություններ
Ադրբեջանում նախօրեին անցան վաղաժամ նախագահական ընտրություններ

Վաշինգտոնը կիսում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները

ԵԱՀԿ դիտորդները գնահատականով Ադրբեջանում նախօրեին անցած վաղաժամ նախագահական ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են սահմանափակող միջավայրում ու ուրջ ընտրական թերություններով: Լրատվամիջոցների համար ևս առկա էին սահմանափակումներ:

ԵԱՀԿ-ի կայքն անդրադարձել է ընտրություններին՝ մեջբերելով դիտորդների գնահատականները, ուր մասնավորապես ասված է. «Սա առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվեցին Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքում, մի խնդիր, որը գերիշխում էր քարոզարշավում և արձագանքում էր հանրային տրամադրություններում: Թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ էր, այն չուներ իրաան բազմակարծություն, և քննադատական ձայները շարունակ ճնշվում էին: Միավորման և արտահայտվելու ազատությունների երկարատև սահմանափակումները ամրապնդվեցին վերջին օրենսդրական փոփոխություններով և հանգեցրեցին միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրությանը, ասված է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) համատեղ դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ թեև ընտրական օրենսգիրքը մանրամասն է և կարգավորում է ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները, վերջին փոփոխությունները անպատասխան են թողել ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունները։

«Մենք ականատես եղանք պատմական պահի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում՝ անկախությունից ի վեր Ադրբեջանի Հանրապետության ողջ տարածքում անցկացված այս առաջին նախագահական ընտրություններում», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող և ղեկավար Արթուր Գերասիմովը։ «Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին սահմանափակող միջավայրում, և թեև դրանք արդյունավետ էին նախապատրաստվել, սակայն քննադատական ձայներն ու քաղաքական այլընտրանքները հիմնականում բացակայում էին: Ցավոք, ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին իրավական դաշտն ավելի մոտեցնելու նախորդ առաջարկությունները մնացել են անպատասխան, և բազմաթիվ սահմանափակումներ օրենսդրության մեջ և գործնականում շարունակում են գոյություն ունենալ»։

«Ազատություն» ռադիոկայանը, հենվելով «Թուրան» գործակալության տեղեկության վրա, ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի արձագանքն Ադրբեջանում կայացած ընտրությւոններին, ուր ասված է. «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, առանց իրական մրցակցության»։

XS
SM
MD
LG