Մատչելի հղումներ

Իսրայելը պահանջում է լուծարել Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը


Իսրայելը կոչ է արել լուծարել Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը (UNRWA)
Իսրայելը կոչ է արել լուծարել Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը (UNRWA)

Իսրայելը կոչ է արել լուծարել Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը (UNRWA)՝ ընդգծելով, թե ապացույցներ է ներկայացրել, որ գործակալության 12 աշխատակիցներ մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակմանը

ԱՄՆ Կոնգրեսն այս շաբաթ լսումներ է անցկացնում, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է շարունակի ֆինանսավորել ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությանը (UNRWA), որի հիմնական նպատակն է Գազայի հատվածում 1,5 միլիոն պաղեստինցի փախստականներին աջակցելը:

Մի քանի խոշոր դոնորներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, դադարեցրել են գործակալության ֆինանսավորումը՝ արձագանքելով ՄԱԿ-ի այդ կառույցի հասցեին հնչած Իսրայելի մեղադրանքներին, թե գործակալության որոշ աշխատակիցներ ակտիվորեն մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» հարձակմանը, ինչի հետևանքով սպանվել էր մոտ 1 200 հոգի:

Իսրայելը հայտարարել է, թե ներկայացրել է UNRWA-ի առնվազն 12 աշխատակիցների մեղսակցության ապացույցներ, այդ թվում՝ իսրայելցի մի կնոջ առևանգման առնչությամբ:

UN Watch դիտորդական խմբի ներկայացմամբ, Գազայի հատվածում գործող գործակալության աշխատակիցների մոտ 10%-ը կապեր ունի իսլամիստական խմբավորումների հետ, իսկ գրեթե կեսի մերձավոր ազգականներ նման խմբավրումների անդամներ են:

«Հրապարակել ենք «UNRWA’s Terrorgram» վերնագրով նոր զեկույց, ուր բացահայտել ենք Գազայում UNRWA-ի համար աշխատող մոտ 3 հազար ուսուցիչներից բաղկացած տելեգրամյան խումբը: Խմբի նպատակն է ուսուցիչների միջև տեղեկատվության փոխանակումը: Բայց 249 հազար հաղորդագրություններում, որոնք մենք ներբեռնել ենք՝ նախքան դրանք կջնջեին, նրանք բազմիցս անդրադառնում են [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին և դրանից հետո տեղի ունեցած ահաբեկչությանը»,- ասում է UN Watch-ի գործադիր տնօրեն Հիլել Նոյերը:

UNRWA-ն Գազայում ունի շուրջ 13 հազար աշխատակից, որոնց մեծ մասը ուսուցիչներ են գործակալության հովանո ներքո գործող դպրոցներում: Իսրայելի մեղադրանքներին ի պատասխան՝ UNRWA-ն ընդգծում է, որ աշխատանքից ազատել է ինը հոգու և խոստանում է շարունակել հետաքննությունը։

Իսրայելցի որոշ վերլուծաբանների խոսքով, գործակալության հետ կապված խնդիրը շատ ավելի ընդգրկուն է, և որ UNRWA-ի իրական նպատակն է քաղաքական նպատակներից ելնելով՝ պահպանել փախստական պաղեստինցիներին և ոչ թե նրանց վերաբնակեցնել:

«UNRWA-ն սկիզբ է առել որպես ժամանակավոր գործակալություն՝ բարի նպատակներով, վերաբնակեցնել 1947, 1948, 1949 թվականների պատերազմի հետևանքով ի հայտ եկած արաբ փախստականներին: Աշխարհում տասնյակ միլիոնավոր փախստականներ գտան իրենց տեղը պատերազմներից հետո: Նրանցից ոչ ոք, ոչ էլ նրանց հարյուր միլիոնավոր ժառանգներն այսօր փախստական չեն: Նրանք շարժվեցին նոր կյանք կառուցելու ուղղությամբ: Բացի պաղեստինցիներից»,- ասում է Կնեսետի նախկին պատգամավոր Էյնաթ Ուիլֆը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, UNRWA-ի դեմ ներկայացված իսրայելական ապացույցները «շատ արժանահավատ են»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան նշել է, թե ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը վճռորոշ դեր է խաղում Գազայում մարդասիրական աջակցությունը բաշխելու գործում:

Պաղեստինցի պաշտոնյաների խոսքով, UNRWA-ի ֆինանսավորման դադարեցումը էլ ավելի կվատթարացնի Գազայում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակը:

«Գազայի պատերազմի ժամանակ նման քայլը սխալ ուղերձ է։ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմ է ընթանում: Այս որոշումը սխալ է և պետք է անհապաղ չեղարկվի։ Կոչ ենք անում այդ բոլոր երկրներին՝ ֆինանսավորել UNRWA-ն, քանի որ սա մարդասիրական հարց է»,- նշում է Պաղեստինի նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնեին։

Պաղեստինցիները մտահոգված են, որ եթե գործակալությունը դադարեցնի իր աշխատանքը Գազայում, ապա կառույցի հովանու ներքո գործող դպրոցներում ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդ կհայտնվի սովի եզրին:

XS
SM
MD
LG