Մատչելի հղումներ

Ամերիկայի արաբական համայնքը բողոքում է Իսրայելի նկատմամբ Բայդենի վարած քաղաքականությունից


Ցուցարարները վանկարկում են «Վաշինգտոնի երթը՝ հանուն Գազայի»՝ ի պաշտպանություն Գազայի Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ այգում, 13 հունվարի, 2024թ.: REUTERS/Աննա Ռոուզ Լեյդեն
Ցուցարարները վանկարկում են «Վաշինգտոնի երթը՝ հանուն Գազայի»՝ ի պաշտպանություն Գազայի Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ այգում, 13 հունվարի, 2024թ.: REUTERS/Աննա Ռոուզ Լեյդեն

Ամերիկայի արաբական համայնքում դժգոհ են մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Սպիտակ տան քաղաքականությունից․ բողոքի ակցիաներ էին: Ամերիկայի արաբական համայնքը սպառնում է չքվեարկել նախագահ Բայդենի օգտին, եթե Գազայի հարցում Սպիտակ տան վարչակազմը շարունակի աջակցել Իսրայելին

Գազայում շարունակվող արյունահեղությունն իր արձագանք է ունենում ամերիկյան ներքաղաքական պայքարում: Երեքշաբթի՝ նախընտրական հանրահավաքին, հավաքվածների մի մասը շարունակ ընդհատում էր նախագահ Ջո Բայդենի ելույթը․ մարդիկ բողոքում էին մերձավորարևելյան հակամարտության հարցում Վաշինգտոնի վարած քաղաքականությունից՝ Իսրայելին ցուցաբերվող Սպիտակ տան աջակցությունից:

Բողոքի ակցիան կազմակերպել էր «Die-In For Humanity» նածաձեռնությունը՝ մոտ 700 հոգանոց մի խումբ, որը շուրջ 100 նման ակցիաների հեղինակ է, որոնք իրականացվել են Բայդենի նախընտրական միջոցառումների ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի շենքի առջև, Սպիտակ տան վարչակազմի անդամների տների մոտ:

«Նկատել ենք միտում, որ Միացյալ Նահանգներում սկսել են մերժել Բայդենին: Մենք ասում ենք՝ չե՛ք ստանա Ամերիկայի արաբների ձայները, եթե շարունակեք արհամարհել մեր համայնքի՝ Գազայում անարդարությանն ու վայրագություններին վերջ տալու կոչերը»,- ասում է «Die-In For Humanity»-ի ղեկավար Հազամի Բարմադան:

Սպիտակ տունը չորեքշաբթի արձագանքել է, թե նախագահը Բայդենը բողոքի խաղաղ ակցիաների կողմնակից է։

«[ԱՄՆ նախագահը] նաև կարծում է՝ իրոք, կարևոր է, որ Իսրայելն ունենա իրավունք և կարողություն՝ շարունակել պաշտպանվել, քանի որ «Համասը» դեռ լուրջ սպառնալիք է [Իսրայելին]: Բայց այդ չի նշանակում, որ կդադարենք մեր իսրայելցի գործընկերների ուշադրությունը հրավիրել քաղաքացիական զոհերի թիվը նվազագույնի հասցնելու և [խաղաղ պաղեստինցիներին] օգնություն տրամադրելու հարցերին»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Դիտորդների խոսքով, գործերի նման ըթնացքը ծանր դրության մեջ է դրել Սպիտակ տան ղեկավարին:

«Կասկածից վեր է, որ Գազայի իրավիճակը քաղաքական խնդիր է Բայդենի համար: Եթե օբյեկտիվ դատենք, ապա Բայդենը հմուտ էր մոտեցել հարցին, ինչպես կաներ ցանկացած նախագահ: Ի սկզբանե հասկացավ, որ աջակցելով Նեթանյահուին՝ կարող է կանխարգելել վատթարագույն զարգացումները, բայց այժմ նա շատ մոտ է, որ իրենից հեռացնի Բիբիին՝ [Բենյամին Նեթանյահուին]: Եթե [նախագահ Բայդենի] սկզբնական քայլը վանեց [Ամերիկայում բնակվող] շատ արաբների ու երիտասարդ ընտրողների, ապա Նեթանյահուից հեռանալը կարող է ավելի շատ վնաս տալ իրեն, քանի որ Բիբիին մերժելը կարող է դժգոհություն առաջացնել [Բայդենի]՝ իսրայելամետ կողմնակիցների շրջանում»,- ասում է «AEI»-ի վերլուծաբան Նորմ Օրնշտեյնը։

Ամերիկյան դիտորդների գնահատմամբ, երկրի արտաքին քաղաքականությունը հազվադեպ է ազդում ընտրությունների վրա, բայց կարող է որոշակի կշիռ ունենալ լարված ընտրապայքարի պայմաններում:

Օրինակ, Նյու Հեմփշիրի բնակիչ Իսահակ Գիրը, ում խոսքով ինքը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու այս նոյեմբերին, ասում է․ «Ինձ համար արտաքին քաղաքականությունը կարևոր է։ Իրոք, կարևոր է, որ զերծ մնանք օտար երկրներում ընթացող պատերազմներից, նվազեցնենք մեր ռազմական ծախսերը, վերադարձնենք մեր զորքերը տուն կամ պահենք նրանց տանը»:

Բայդենի հասցեին հնչող քննադատության ֆոնին՝ անհասկանալի է, թե մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորելու ինչ ծրագիր ունի Դոնալդ Թրամփը: Փոխարենը, հայտնի է, որ նախկին նախագահի օրոք որքան խիստ էին մոտենում մահմեդական երկրներից ներգաղթին։ Նրա թիմը անարձագանք է թողել այս հարցի վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հարցումները:

Այնինչ, Միացյալ Նահանգների մահմեդական ընգտրողների համար սա կարևոր հարց է:

«Պարոն Թրամփը թույլ չի տվել մեր ընկերներին, գործընկերներին և ընտանիքներին մուտք գործել երկիր: Իսկ պարոն Բայդենը սպանում է նրանց»,- ասում է «Abandon Biden» նախաձեռնության համահիմնադիր Հասան Աբդել Սալամը:

Թե ինչ ընտրություն կկատարի Ամերիկայի մահմեդական համայնքը, պարզ կդառնա այս նոյեմբերին:

XS
SM
MD
LG