Մատչելի հղումներ

Իրանը խոստացել է պատասխանել Դամասկոսի հրթիռակոծությանը, ինչի հետևանքով զոհվել են իրանցի հինգ հրամանատարներ


Դամասկոսում զոհված Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների հուղարկավորությունը: Թեհրանը մեղադրում է Իսրայելին հունվարի 20-ի հրթիռակոծման մեջ: 2023 թվականի հունվարի 22, Թեհրան, Իրան
Դամասկոսում զոհված Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների հուղարկավորությունը: Թեհրանը մեղադրում է Իսրայելին հունվարի 20-ի հրթիռակոծման մեջ: 2023 թվականի հունվարի 22, Թեհրան, Իրան

Նեթանյահուն հարցականի տակ է առել «երկու պետություն» սկզբունքով պաղեստինցիների հետ խաղաղության հաստատումը։ Իսրայել-«Համաս» հակամարտության ֆոնին՝ իրավիճակն աստիճանաբար սրվում է ողջ Մերձավոր Արևելքում։

Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր աստիճան է բարձրացել, երբ շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով սպանվեցին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ հրամանատարներ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեղադրել է Իսրայելին և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել։ Հրեական պետությունն անարձագանք է թողել մեղադրանքը՝ շարունակելով Գազայում «Համասի» օբյեկտների ոչնչացումը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:

Իսրայել-«Համաս» հակամարտության սկզբից ի վեր՝ պարբերաբար հարձակման է ենթարակվում է նաև Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը։ Շաբաթ օրը թիրախավորվել էր Իրաքում գտնվող «Ալ-Ասադ» ռազմակայանը՝ այդ երկրում ամերիկյան մեծությամբ երկրորդ ավիաբազան։ Գաղտնիք չէ, որ մերձավորարևլյան հակամարտությունում Վաշինգտոնը համարվում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցը:

«Լուրջ հարձակում էր՝ բալիստիկ հրթիռների միջոցով, որոնք, իրոք, վտանգ են ներկայացնում ԱՄՆ ուժերին։ Նախկինում, երբ [նմանատիպ] հարձակումներ են տեղի ունեցել Իրաքում և Սիրիայում [ամերիկյան ռազմական ներկայության դեմ], Միացյալ Նահանգները ցույց է տվել, որ պատրաստ է պատասխանել, երբ անհրաժեշտ համարի պատասխանատվության ենթարկել այն խմբերին, որոնք գրոհում են մեզ»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, ցայսօր՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը՝ հասնելու, որպեսզի Իսրայելի հետևողական լինի Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը պաշտպանելու և շրջան մարդասիրական լրացուցիչ օգնության մուտքը թույլատրելու հարցում:

«Նախորդ օրերին նրանք՝ [իսրայելցիները] հայտարարեցին, թե պատրաստվում են թույլ տալ, որ իսրայելական Աշդոդ նավահանգիստ հասած ալյուրը փոխանցվի Գազա: Դրանք փոքր, բայց հետևողական քայլեր են, որոնք, սակայն, նույնպես բավարար չեն»,- նշել է Ֆայները։

Պարենի սուղ պայմաններում՝ Ռաֆահում իրավիճակը փորձում են մեղմել կամավորները՝ հաց բաժանելով տեղահանված պաղեստինցիներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերստին ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական ճգնաժամին՝ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում կայացած Չմիացած երկրների շարժման 19-րդ գագաթնաժողովին․ «Մարդիկ մահանում են ոչ միայն ռումբերից և փամփուշտներից, այլև՝ սննդի և մաքուր ջրի բացակայությունից, առանց հոսանքի և դեղորայքի հիվանդանոցներում, հյուծիչ գաղթից՝ մարտերից խուսափելու համար: Սա պետք է դադարեցվի»:

Արձագանքելով իսրայելցի պատանդների հարազատներից եկող ճնշմանը, թե հարկ է համաձայնության հասնել «Համասի» հետ՝ պաղեստինցիների ձեռքում գտնվող իսրայելցիներին տուն վերադարձնելու համար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հանդես է եկել ելույթով՝ կրկնելով «Համասը» ոչնչացնելու իր խոստումը և ընդգծելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո, Գազայում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունը պատկանելու է Թել Ավիվին:

«Իսրայել պետությունը պետք է հսկողություն ունենա Հորդանան գետից արևմուտք ընկած ողջ տարածքում անվտանգության ապահովման նկատմամբ: Սա անհրաժեշտ պայման է, որը հակասում է [Պաղեստինի] ինքնիշխանության գաղափարին։ Բայց ի՞նչ կարող ենք անել»,- նշել է Նեթանյահուն:

Նրա խոսքերը, փաստորեն, ի չիք են դարձնում «երկու պետության» սկզբունքի հիման վրա պաղեստինցիների հետ խաղաղություն կնքելու տարբերակը, ինչը տարիներ ի վեր առաջ են մղում Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ:

XS
SM
MD
LG