Մատչելի հղումներ

Իսրայելը պատրաստվում է Գազայում հարձակման նոր փուլին


Գազայի վրա ծուխ է բարձրանում
Գազայի վրա ծուխ է բարձրանում

Իսրայելը հայտարարել է Գազայում իր հարձակողական գործողությունների նոր փուլի մեկնարկի մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, թե կրճատելու է հատվածում մարտնչող իր զինվորականների թիվը՝ «Համասի» դեմ իրականացնելու ավելի թիրախային գործողություններ:

Հրեական պետության պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասված է, որ զինվորների դուրսբերումը «էապես կթեթևացնի տնտեսական բեռը» և թույլ կտա զորքերին «ուժ հավաքել՝ [ընթացիկ] տարվա գործողությունների համար, քանի որ մարտերը կշարունակվեն, և նրանց ծառայություն դեռ անհրաժեշտ է»:

Իսրայելի բանակի խոսնակ, փոխծովակալ Դենիել Հագարիի խոսքով, առաջիկայում պատերազմը կշարունակվի, և իսրայելական կողմի նպատակները «պահանջում են երկարատև մարտեր»:

Գազայի հատվածի բնակիչների փոխանցմամբ, Իսրայելը նաև տանկերն է դուրս բերել շրջանից:

Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկուշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Գազայի հատվածից հյուսիս գտնվող իսրայելական որոշ համայնքների բնակիչներ, որոնք տարհանվել էին հոկտեմբերի 7-ի «Համասի» հարձակումից հետո, շուտով կկարողանան վերադառնալ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են Միջերկրական ծովի արևելյան հատվածից «USS Gerald R. Ford» ավիակրի վերադարձի մասին՝ հայրենի Վիրջինիա:

Հայտնի է, որ Վաշինգտոնը շարունակում է ճնշումները Թել Ավիվի նկատմամբ՝
Գազայում ռազմական գործողությունների ինտենսիվությունն իջեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերից հնարավորիս խուսափելու համար:

Մարտերը շարունակվում են

Այս ամենի ֆոնին՝ Գազայում մարտերը չեն դադարում։ «Համասի» զինյալները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի ուղղությամբ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Մյուս կողմից, շարունակվում են իսրայելական ուժերի գործողությունները «Համասի» դեմ։ Իսրայելական կողմի ներկայացմամբ, օդային հարվածի հետևանքով
սպանվել է «Համասի» հրամանատարներից մեկը՝ Ադել Մեսմահը, ով պատասխանատու էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված գրոհի համար:

Երկուշաբթի իսրայելական բանակը նաև հայտարարել է, որ «հարվածել են մի շարք թիրախների Լիբանանում, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքներին, ռազմական օբյեկտներին, ուր տեղակայված էին «Հեզբոլլահի» ահաբեկիչները և [հրթիռների] արձակման կետերը»:

Թել Ավիվը նաև նախազգուշացրել է «Հեզբոլլահին»՝ իսրայելական բանակի դեմ վերջինիս կողմից շարունակվող գործողություններն ի վերջո կարող են պատերազմի մեջ ներքաշել Լիբանանը, ուր գործում է խմբավորումը։

Հայտնի է, որ թե՛ «Համասը», թե՛ «Հեզբոլլահը» վայելում են Իրանի աջակցությունը, որի հովանո ներքո այլ զինյալներ՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում գործում են Իսրայելի ու ԱՄՆ դեմ:

Կիրակի ամերիկյան ռազմածովային ուժերը ոչնչացրել են եմենցի հութիներին պատկանող երեք նավ՝ ի պատասխան նրանց կողմից Կարմիր ծովով անցնող «Maersk» բեռնատար նավի ուղղությամբ ձեռնարկած գրոհի։

Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ռազմուժի հրամանատարության՝ «CENTCOM»-ի տեղեկացմամբ, Իրանի աջակցությունը վայելող հութիները կրակ են բացել «Maersk Hangzhou» նավի վրա և փորձել են զավթել այն: ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռները, որոնք արձագանքել են «Maersk Hangzhou»-ի օգնության կանչին, նույնպես կրակի տակ են ընկել։ Ի պատասխան՝ խորտակվել են հութիների երեք նավակներ, չորրորդը կարողացել է փախչել:

Հութիները հայտնել են, որ իրենց զինյալներից տասը սպանվել են:

Եմենում գործող հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն «Համասի»:

Հիշենենք, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունն ու բազմաթիվ այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

Վերջինիս վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության ներկայացմամբ, հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմուժի ձեռնարկած գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 22 հազար մարդ: Թեև նախարարությունը տարբերություն չի դնում զինյալների և խաղաղ բնակիչների միջև, սակայն նշում է, որ սպանվածների 70%-ը կանայք և երեխաներ են:

Իսրայելական բանակը ռազմական գործողություներ սկսեց Գազայի հատվածում՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» հայտնի հարձակումից հետո, ինչի հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվեց մոտ 1 200 հոգի, մոտ 240-ը պատանդ տարվեցին, որոնցից 129-ը դեռ Գազայում են՝ «Համասի» զինյալների մոտ: Իսրայելական բանակը հայտնում է, որ նախորդ ամիսներին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել են իր 174 զինվորականներ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Գազայի մոտ 2,3 միլիոն բնակչության շուրջ 85%-ը տեղահանվել է: Կազմակարպությունը նախազգուշացրել է վերահաս սովի և հիվանդությունների ալիքի մասին:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության ներկայացմամբ, մոտ 1,8 միլիոն մարդ ապաստան է գտել Գազայում տեղակայված իր գերծանրաբեռնված ճամբարներում կամ դրանց շրջակայքում: Գործակալությունը նաև հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել են իր 128 օբյեկտները, զոհվել են գործակալության 142 աշխատակիցներ:

Նյութում օգտագործվել են «Associated Press», «Agence France-Presse» և «Reuters» լրատվական գործակալությունների հրապարակումները։

XS
SM
MD
LG