Մատչելի հղումներ

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին՝ գրոհներն ուժգնացնելու Պուտինի սպառնալիքից հետո


Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարձակումներ է իրականացրել Կիևի և Խարկովի ուղղությամբ
Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարձակումներ է իրականացրել Կիևի և Խարկովի ուղղությամբ

Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարձակումներ է իրականացրել Կիևի և Խարկովի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են` երեքշաբթի հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները:

Ուկրաինայի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական ուժերը կիրառել են 35 անօդաչուներ և 99 հրթիռներ։ Վերջիններս արձակվել են ինքնաթիռներից և ռազմանավերից։ Ուկրաինական կողմի պնդմամբ, խոցվել են բոլոր անօդաչուները և 72 հրթիռները:

Այդ ընթացքում` ժամերով Ուկրաինայի բազմաթիվ բնակավայրերում օդային տագնապի ազդանշաններ էին, մարդկանց կոչ էին անում պատսպարվել:

«Դեկտեմբերի 31-ից ռուսաստանցի հրեշներն արձակել են «Շահեդ» տեսակի 170 անօդաչուներ և տարբեր տեսակի տասնյակ հրթիռներ։ Դրանց բացարձակ մեծամասնությունը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով, այդ հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 92-ի` ընդգծելով, թե Կիևը կհամագործակցի «բոլորի հետ, ովքեր գնահատում են կյանքը»՝ ուժեղացնելու ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին:

«Ահաբեկչական պետությունը պետք է զգա իր գործողությունների հետևանքները»,- ընդգծել է Զելենսկին։

Իր հերթին` Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ հարվածներից մեկի ժամանակ՝ խոցված ռուսական հրթիռի բեկորներից տուժել են առնվազն 20 հոգի, նաև` հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում։ Նրա խոսքով, նմանատիպ հրդեհներ են բռնկվել Կիևի առնվազն հինգ թաղամասերում:

Առավոտյան կողմ սկիզբ առած ռուսական հարվածների ալիքն Ուկրաինայի մայրաքաղաքում վնասել է էլեկտրաէներգիա և բնական գազ մատակարարող ենթակառուցվածքներ։

Խարկովի քաղաքապետ Իհոր Տերեխովի խոսքով, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը ենթարկվել է «լայնածավալ հրթիռային հարձակման»:

Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը «Telegram»-ում հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել են` ավելի քան 40-ը։

Ըստ Սինեգուբովի, ռուսական ուժերի գրոհները վնասել են բնակելի և առևտրային շենքեր, տարաբնույթ ենթակառուցվածքներ:

Ռուսական այդ հարձակումների ֆոնին՝ Ուկրաինային հարևան Լեհաստանը օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի չորս «F-16» կործանիչներ՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար:

Երեքշաբթի տեղի ունեցած ռուսական հարձակումները հաջորդեցլ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացմանը, թե Մոսկվան կուժգնացնի Ուկրաինային հասցվող հարվածները՝ շաբաթ օրը Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի հրիթիռակոծությունից հետո, ինչի հետևանքով զոհվել էին 24 հոգի, ևս 100-ը վիրավորվել։

Երկուշաբթի ռազմական հոսպիտալ կատարած այցի ժամանակ Պուտինը Բելգորոդի հրթիռակածությունն անվանել էր «ահաբեկչական գործողություն»՝ մեղադրելով ուկրաինական ուժերին, որ նրանք թիրախավորել են «քաղաքի կենտրոնը, ուր մարդիկ շրջում էին Ամանորից առաջ» և պնդելով, թե ուկրաիանական կողմը «դիտավորյալ հարվածել է խաղաղ բնակչությանը»։

Ռուսաստանը պետական «Тасс» լրատվական գործակալությունը ներկայացնում է Պուտինի խոսքերը, թե Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել «ռազմական օբյեկտներին», և որ ուկրաինական պատերազմում «ռազմավարական նախաձեռնությունը» շարունակում է պատկանել ռուսական կողմին: Միևնույն ժամանակ, Կրեմլի ղեկավարը հավելել է, թե Մոսկվան ցանկանում է վերջ տալ գրեթե երկու տարի տևող պատերազմը, սակայն՝ «միայն մեր պայմաններով»:

Նյութում օգտագործվել են «Associated Press», «Agence France-Presse» և «Reuters» լրատվական գործակալությունների հրապարակումները։

XS
SM
MD
LG