Մատչելի հղումներ

Մտահոգվելով Չինաստանի աճող ռազմական կարողությունից՝ Ֆիլիպինները համաձայնել են վերականգնել երկրում ԱՄՆ ռազմական ներկայությունը


ԱՄՆ ռազմական օգնությունը Ֆիլիպիններին
ԱՄՆ ռազմական օգնությունը Ֆիլիպիններին

Մոտ երեք տասնամյակ անց, ինչ Ֆիլիպիններում փակվեց ամերիկյան վերջին ռազմակայանը, այդ երկրի իշխանությունները վերստին ընդլայնում են Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցությունը՝ փաստորեն, թույլ տալով, որպեսզի Միացյալ Նահանգները վերստին ռազմական ներկայություն հաստատի երկրում։

Մեծուփոքր կղզիներից բաղկացած և Չինաստանից հարավ՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիլիպինների հյուսիսում տեղակայված «Camilo Osias» ռազմածովային բազայում փոփոխություններ են սպասվում։ Առաջիկայում Միացյալ Նահանգները արդիականացնելու է այն, նորոգելու է թռիչքուղին և կարող է տեղակայել իր զորքերն ու զինտեխնիկա։

Այն մեկն է ինը ռազմակայաններից, որոնք, ըստ Վաշինգտոնի և Մանիլայի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի, տրամադրվել են ամերիկյան ռազմուժին։ Հենակետերի մասին հայտնի դարձավ դեռ այս ապրիլին, և դրանք համեմատաբար մոտ են Թայվանին ու Հարավչինական ծովին՝ շրջաններ, ուր Պեկինի հետ լարվածությունը միայն աճում է։

Ֆիլիպինների հյուսիսային ծայրում գտնվող «Camilo Osias»-ը մոտ է հատկապես Թայվանին, և նահանգապետ Մանուել Մամբան անհանգստացած է, որ իր հարազատ՝ ֆիլիպինյան նահանգը կարող է թիրախ դառնալ ռազմական գործողությունների ժամանակ:
«[1941 թվականին] Պերլ Հարբորի վրա հարձակվելուց տասը ժամ անց Ճապոնիան գրոհեց մեր ուղղությամբ՝ այն պատճառով, որ ԱՄՆ զորքերն այստեղ էին: Կարծում եմ, որ դա կկրկնվի, եթե այստեղ տեղակայվի օտար ռազմուժ»,- ասում է նահանգապետ Մանուել Մամբան։

Տասնամյակներ շարունակ Ֆիլիպինները Միացյալ Նահանգների կառավարման ներքո էր՝ մինչև 1946 թվականին անկախություն ձեռք բերելը: Երկրում ամերիկյան վերջին ռազմակայանը փակվել էր 1990-ականների սկզբին՝ Ֆիլիպիններում առկա դժգոհության պատճառով։

Ֆիլիպինյան կողմի պնդմամբ, Վաշինգտոնի հետ նոր պայմանավորվածությունը, սակայն, չի վերականգնում ԱՄՆ մշտական ռազմական ներկայությունը երկրում, այլ գերազանցապես վերաբերում է Ֆիլիպինների ռազմական կարողության արդիականացմանը:

«Մենք արդիականացրել ենք մեր բանակը… սակայն այն բավարար չէ՝ Չինաստանի հետ ունեցած տարածքային խնդիրների պատճառով»,- ասում է Ֆիլիպինների Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի օգնական Ջոնաթան Մալայան։

Չինաստանն աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը Հարավչինական ծովով անցնող ֆիլիպինյան նավերի նկատմամբ՝ պնդելով, թե դրանք հատում են իր տարածքային ջրերը։ Մանիլայում հույս ունեն, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը կզսպի Չինաստանի ծավալապաշտական նկրտումները:

«[Չինաստանին մոտ գտնվող] կղզիների առաջին շղթան շատ կարևոր է։ Այնպես չէ՞: Իսկ կղզիների առաջին շղթան Թայվանն ու Ֆիլիպիններն են, և երբ ամերիկյան զորքեր են առկա Ֆիլիպիններում, նրանց՝ [չինացիների] համար խնդիր է դառնում»,- շարունակում է Ջոնաթան Մալայան:

Չինաստանը քննադատել է ամերիկա-ֆիլիպինյան ռազմական փոխգործակցության մասին պայմանավորվածությունը՝ նշելով, թե այն խախտում է Ֆիլիպինների ինքնիշխանությունը: Մանիլայում համաձայն չեն։

«Ինչ նրանք անում են, քարոզչություն է։ Մեզ համար կարևոր է, որ մենք կշահենք»,- ասում է Ֆիլիպինների զինված ուժերի խոսնակ, գնդապետ Մեդել Ագիլարը։

Թեև «Camilo Osias»-ի հարակից բնակիչները, կարծես, անտեղյակ են աշխարհաքաղաքական զարգացումներից, սակայն այդ փոքրիկ ռազմակայանը շուտով կարող է լուրջ դեր խաղալ Հարավ-Արևելյան Ասիայի անվտանգության ապահովման գործում:

XS
SM
MD
LG