Մատչելի հղումներ

Ռուսաստանցիների շրջանում ավելանում են Պուտինին հասցեագրված հարցերը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Փորձագետները անդրադարձել են Ռուսաստանում անցկացված սոցհարցման արդյունքներին։

Հարցվածների ամենից մեծ խումբը (21%) կցանկանար տեղեկանալ Պուտինից, թե երբ կավարտվի պատերազմը Ուկրաինայում։ Ռուսաստանցիների համար կարևոր հարցերի երկրորդ խմբում են կենսաթոշակների ու սոցիալական ծառայությունների վերաբերյալ մտահոգությունները։

Հարցումն անցկացրել է ռուսաստանյան «Левада-Центр»-ը՝ «Ուղիղ կապ Պուտինի հետ» ամենամյա հեռուստահաղորդումից առաջ, որի ժամանակ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի քաղաքացիներն իրենց հարցերն են ուղղում Կրեմլի ղեկավարին։

Հաղորդումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին։

Սոցիոլոգները ընդգծում են՝ դժվար է հասկանալ, թե իրապես ինչ են մտածում ռուսաստանցիները:

Ռուսաստանցիների շրջանում ավելանում են Պուտինին հասցեագրված հարցերը
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Հավասար թվով ռուսաստանցիներ՝ 8%, մտահոգություն են հայտնել կենսաթոշակների չափի և սոցիալական ծրագրերի, այդ թվում՝ բնակարանների անմատչելիության և բուժօգնության վերաբերյալ։ 6%-ը կցանկանար Պուտինին հարցնել, թե երբ նա կհեռանա նախագահի պաշտոնից։ Իսկ 10%-ն ասել է, որ չի պատրաստվում դիտել «Ուղիղ կապը»: 20%-ը դժվարացել է ասել, թե ինչ կհարցներ Կրեմլի ղեիկավարից, իսկ 4%-ը համաձայնել է որևէ հարցի հետ։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսները շահագրգռված են պատերազմի շուտափույթ ավարտով՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ալեքսեյ Լևինսոնը՝ հավելելով, թե ռուսաստանցիները կարծում են, որ պատերազմը պետք է ավարտվի Մոսկվայի պայմաններով։

«Վերջին պայմանն իրատեսական չէ, քանի որ Ուկրաինան համաձայն չէ դրան։ Բայց այստեղ ռուսաստանցիները խնդիր չեն տեսնում․ կարծում են, որ Ռուսաստանը չի կարող չհաղթել։ Մյուս կողմից, նրանք պատրաստ են պատերազմն ավարտել այս փուլում, ինչը կհամարվի Ռուսաստանի հաղթանակ»,- նշել է սոցիոլոգը։

Ուշագրավ է, որ ըստ Լևինսոնի, Կրեմլի քարոզչությունն այստեղ երկրորդական է. «Առաջին հերթին այստեղ խոսում է այն հանգամանքը, որ ռուսաստանցիները Ռուսաստանը համարում են մեծ տերություն։ Այս պատերազմը համարվում է բախում Միացյալ Նահանգների հետ, ուր Ուկրաինան հանդես է գալիս որպես սոսկ մարտի դաշտ»։

Սոցիոլոգը չի զարմանում, որ հարցվածների միայն 8%-ին է մտահոգում կենսաթոշակների չափը։ Ռուսաստանում միջին կենսաթոշակը 2023 թվականին կազմել է 200 դոլարից պակաս, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական և զարգացած երկրներից:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը ուշադրություն հրավիրեց. «10%-ը ընդհանրապես չի ցանկանում խոսել Պուտինի հետ, իսկ 20%-ը չգիտի՝ ի՞նչ հարցնել նրան։ Իրականում, սա նախագահի հետ շփվելուց հրաժարվելու քաղաքավարի ձև է։ Իշխանության և քաղաքացիների միջև անջրպետն ավելի է մեծանում»:

Օրեշկինի կարծիքով, քաղաքացիների և պետական ինստիտուտների միջև չկա գործընկերության որևէ նշան, իսկ հարցերի մոտ 70%-ը, կարելի է ասել, հռետորական են՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմը, ե՞րբ են բարձրացնելու կենսաթոշակները և այլն:

Քաղաքագետի խոսքով, հարցման արդյուքնում պարզ է դառնում, որ Ռուսաստանում քաղաքացիների կախվածությունը պետությունից մեծացել է. «Հակապատերազմական տրամադրությունների հոտ ընդհանրապես չկա։ Մեծամասնությունը հասկանում է, որ պատերազմն ուղղակիորեն ազդում է իր վրա, բայց միայն 21%-ն է պատրաստ տարբեր ձևակերպումներով հարցնել, թե երբ է այն ավարտվելու։ Ռուսները սովոր են իրենց ճակատագրի պատասխանատվությունը դնել ուրիշի վրա։ Նրանց ասածը պարզ է՝ Պուտինը նախագահ է և պետք է պատասխանատու լինի ամեն ինչի համար։ Եվ սա նման է խորհրդային ժամանակներին»։

Իր հերթին՝ սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը խոստովանել է, որ սկզբունքորեն չի վստահում հարցման արդյունքներին և ռուսաստանյան սոցիոլոգիական կազամակերպությունների հետազոտություններին։ Նրա կարծիքով՝ հասարակությունը ապատիայի մեջ է․ «Ռուսաստանում ցանկացած հարցման պետք է զգույշ վերաբերվել։ Քաղաքական կարևոր թեմաներով հետազոտությունների արդյունքները ճշգրտվում են նախագահի աշխատակազմի կողմից։ Երկրում հարցումները ինչ-որ իմաստով փոխարինում են հանրաքվեներին և ներկայացվում են որպես ժողովրդի ձայն, որի ուղղությամբ իշխանությունները պետք է աշխատեն։ Հետևաբար, Կրեմլը սեփական «ցանկություններն» է մտցնում արդյունքների մեջ»։

Ըստ Ռոշչինի, «Ուղիղ կապը Պուտինի հետ» վաղուց ձևական բնույթ է կրում․«Նույնիսկ, եթե սկզբում հետաքրքրություն կար դրա նկատմամբ, այն արագ մարեց: Հաղորդումից այնպիսի տպավարություն ես ստանում, որ բացի Պուտինից, երկրում ոչ ոք չի կարող լուծել խնդիրները։ Իրականում բնակչության կեսից ավելին չի դիտելու հաղորդումը: 10%-ը ուռճացված ցուցանիշ է: Իսկ կենսաթոշակների չափի վերաբերյալ մտահոգ մարդկանց սակավ թիվը բացատրվում է նրանով, որ մարդիկ հույս չունեն, թե դրանք կբարձրանան։ Սա զգայուն թեմա է, քանի որ հենց կենսաթոշակային բարեփոխումներից հետո, նախագահը մեծապես կորցրեց իր վստահությունը»։

Հիշեցնենք, չնայած իր խոստմանը, Պուտինը 5 տարով բարձրացրել է կենսաթոշակ ստացողների տարիքային շեմը։

XS
SM
MD
LG