Մատչելի հղումներ

Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Երևանում

Հայ-վրացական հարաբերությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են երկու երկրների փորձագիտական հանրությունների, մեդիա-դաշտերի և ընդհանրապես՝ լայն հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջին շրջանում հաճախ, քանզի կա օբյեկտիվ պատճառ՝ երկկողմ պետական շփումներն են ակտվացել և խոսույթն է փոխվել։

Հայ-վրացական հարաբերությունները, որ ավանդաբար բարիդրացիական են, հնարավոր է մուտք գործեն նոր` ավելի սերտ կապերի մակարդակ, և պատճառը տարածաշրջանային զարգացումներն են` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Երևանից ու Թբիլիսիից։

Հայաստանյան «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, Վրաստանի գծով փորձագետ Ջոնի Մելիքյանն ուշադրություն հրավիրեց՝ 2020 թվականից հետո ոչ միայն նկատելիորեն ակտիվացել են հայ-վրացական միջպետական՝ հատկապես բարձր մակարդակի շփումները, այլև կողմերն անցել են որոշակիորեն նոր խուսույթի` անդրադառնալով երկկողմ հարաբերություններին։

«2020 թվականի պատերազմի արդյունքում ձևավորված այն ստատուս քվոն և այն միջանկյալ շրջանը, որի միջովոմենք այսօր անցնում ենք․․․ ։ Դրանից հետո եղան տարբեր ագրեսիաներ, տարբեր սահմանային վեճեր, և նույնիսկ անցած սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, Արցախի վերջին էթնիկ զտումը և բոլոր այս գործընթացները Թբիլիսիի համար ընդունելի չէին, և նաև ցուցիչ էին, որ Ադրբեջանը որակապես փոխվում է և փոխում է իր դիրքերը այս տարածաշրջանում՝ Թուրքիայի աջակցությամբ, և այս խախտված բալանսը Վրաստանի համար բավականին բարդացնում է իր անվտանգային միջավայրը, ինչը նաև մտածելու առիթ է տալիս, որ պետք են բալանսավորված հարաբերություններ՝ նաև այդ դրանից ելնելով, այլ երկների հետ, և այստեղ Հայաստանը, իմ կարծիքով, դիտարկվում է հենց նաև այս տեսանկյունից»,-ասում է Մելիքյանը։

Օրերս` մամլո ասուլիսին անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` մանրամասնելով, թե ինչ փոփոխություններ են կրել երկկողմ հարաբերությունները նախորդ տարիներին։

«ՄԱԿ-ում մնչև 2019 թվականը՝ ձեր բարձրացրած հարցերի շրջանակում, և 2019 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ՝ այդ թվում Վրաստանի ներկայացուցիչները՝ մեր եղբայրական պետության ներկայացուցիչները, այդ կապակցությամբ իրենց գոհուկանությունն են հայտնել, և մեր դիքորոշումը, ըստ էության այն է, ինչ ասացի, որ մենք միանշանա և լիարժեքորեն պաշտպանում ենք Վտրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս խոսքերը թեև դրական արձագանք ստացան վրացական մամուլում, փորձագիտական շրջանակներում, սակայն արժանացան Ռուսաստանի փաստացի օկուպացիայի ներքո գտնվող Աբխազիայի ու Հարավային Օսիայի իշխանությունների սուր քննադատությանը։

«Փաշինյանը դավաճանել է սեփական ժողովրդին, որ Հայաստանից օգնություն էր սպասում, և իր մեջ համարձակություն չգտավ ճանաչել Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքում նման քաղաքական գործիչների կարծիքը»,- ըստ «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության, հայտարարել է հարավօսական առաջնորդ Ալան Գագլոևը։

Հայաստանի վարչապետին հակադարձեցին նաև Աբխազիայից․ տեղի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ և ժամանակին Վրաստանի դեմ մարտերում աչքի ընկած Գալուստ Տրապիզոնյանը «ցինիկություն» անվանեց Փաշինյանի խոսքերը։

Այն որ Երևանն ու Թբիլիսին ձգտում են երկկողմ հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, կարծես, ավելի որոշակի սկսեցին խոսել համեմատաբար վերջերս։ Այս հուլիսին Բաթումում կայացած Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպման արդյունքում հայտարարվեց, թե կողմերը նպատակ ունեն սկսել բարձր մակարդակի երկխոսություն` ռազմավարական հարցերի շուրջ։

Շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ անցած ամիս Փարիզում կայացած խաղաղության միջազգային ֆորումին Վրաստանի կառավարության ղեկավարը` Իրակլի Ղարիբաշվիլին, հարաբերությունները Երևանի ու Բաքվի հետ հավասարաչափ կոչեց ռազմավարական, մի բան, որը նախկինում սովորաբար խուսափում էին անել Թբիլիսիում։

«Վրաստանը ռազմավարական և բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Վրաստանը ռազմավարական և բարեկամական հարաբերություններ ունի մեր եղբայրակակ երկրի՝ Հայաստանի հետ։ Ուստի, Վրաստանը չի կարող կողմնապահ լինել այս իրավիճակում։ Վրաստանը չեզոք է՝ հարյուր տոկոս չեզոք, և չենք կարող որևէ մեկի կողմն անցնել այս իրավիճակում»,- ասաց Ղարիբաշվիլին։

Վրաստանի ֆինանսների նախկին նախարար, հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում այդ երկրի նախկին դեսպան Վալերի Չեչելաշվիլին փոխանցեց «Ամերիկայի ձայնին», որ հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում իրենց դերն ունեն նոր զարգացումները Հայաստանի արտաքին քաղաքականությունում, ուր Արևմուտքի` Եվրամիության հետ կապերի ամրապնդումը լիովին նոր իմաստ և գործնական տեսք է ստանում։

«Այո, [Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության խորացման] նոր՝ ծագող հնարավորություններ եմ տեսնում, որովհետև կարծում եմ՝ հայերն էլ են այդ մտքին, որ եվրոպական ազգ են, ոչ եվրասիական։ Գտնում եմ, որ Հայաստանի գերակայությունը պետք է լինի առնվազն մոտենալ Եվրամիությանը՝ վերջնական նպատակ ունենալով դառնալ Եվրամիութան անդամ, և թույլ տվեք հիշեցնել, որ տևական ժամանակ Հայաստանն ու Վրաստանը զուգահեռ էին ընթանում՝ մոտենալով Եվրամիությանը»,- նշում է Չեչելաշվիլին։

Թերևս, հայ-վրացական հարաբերությունների վրա իր ազդեցությունն է թողնում նաև Թբիլիսիի անթաքույց ձգտումը միջնորդ հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս հոկտեմբերին Վրաստանի մայրաքաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովից զատ, որին ներկա էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները, էլ ավելի վաղ Թբիլիսում կայացան արտգործնախարարներ Արարատ Միզոյանի ու Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները։

Հաջորդ հանգամանքն այն է, որ Վրաստանն իրեն հեռու է պահում գլխավորապես Մոսկվայի ու Անկարայի նախաձեռնությամբ ձևավորվող տարածաշրջանային «3+3» հարթակից՝ փոխարենը ձգտելով ամրացնել հարևան երկրների հետ երկկողմ կապերը։

Ինչևէ, ըստ ամենայնի, Վրաստանի դեպքն այն է, երբ քաղաքական հարաբերություններում նկատվող ջերմացումը ուղեկցվում է ոչ պակաս ուշագրավ առաջընթացով տնտեսական ուղղությամբ․ Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, անցած տարի, օրինակ, երկկողմ առևտուրն աճել է 58.2%-ով՝ 2021 թվականի համեմատ, և հատել է 300 միլիոն դոլարի սահմանագիծը, ինչն արդեն լուրջ թիվ է երկու երկրների պարագայում։

XS
SM
MD
LG