Մատչելի հղումներ

Չեխիան առաջարկել է սահմանափակել ռուսաստանցի դիվանագետների շարժը Շենգենյան գոտում


Black Hawk ուղղաթիռը թռչում է Լետնա այգուց 2023 թվականի նոյեմբերի 17-ին Չեխիայի Պրահայում «Նվեր Պուտինին» նախագծի շնորհանդեսից հետո
Black Hawk ուղղաթիռը թռչում է Լետնա այգուց 2023 թվականի նոյեմբերի 17-ին Չեխիայի Պրահայում «Նվեր Պուտինին» նախագծի շնորհանդեսից հետո

Եվրամիությունը քննարկում է Չեխիայի առաջարկը՝ արգելել ռուս դիվանագետներին ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում՝ հայտնում է հեղինակավոր «The Financial Times»-ը։

Ըստ պարբերականի, պաշտոնական Պրահան առաջարկել է ռուսաստանցի դիվանագետներին մուտքի վիզաներ և կացության թույլտվություն տրամադրել միայն այն երկրի սահմաններում, ուր նրանք աշխատում են։ Բացի այդ, Չեխիան պնդում է, որպեսզի Եվրամիության երկրները ռուսաստանցի դիվանագետներից ընդունեն բացառապես կենսաչափական անձնագրեր, որոնց կեղծելն անհամեմատ դժվար է։

Ներկայանալ չցանկացող Եվրամիության դիվանագետի փոխանցմամբ, առաջարկը Պրահան հիմնավորել է այն հանգամանքով, որ «Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության՝ [ռազմական հետախուզության] և այլ ծառայությունների գործակալները մուտք են գործում իր տարածք», և այն դժվար է վերահսկել Շենգենյան գոտու շրջանակում։

Չեխիայի առաջարկը քննարկվում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթի շուրջ բանակցությունների շրջանակում, և «The Financial Times»-ը մանրամասնել է, որ Պրահայի առաջարկը տակավին քննարկման վաղ փուլում է ու դժվար թե ներառվի փաթեթում։

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայից ի վեր արևմտյան երկրներն արտաքսել են ռուսաստանցի հարյուրավոր դիվանագետների։ Կրեմլն արձագանքում է նույն կերպ։

2021 թվականին Չեխիան արտաքսել էր ռուսաստանցի 18 դիվանագետների, որոնք, չեխական իշխանությունների պնդմամբ, զբաղված էին լրտեսական գործունեությամբ։ Ի պատասխան՝ Մոսկվան վտարեց չեխ 20 դիվանագետների։

XS
SM
MD
LG