Մատչելի հղումներ

Վերլուծաբանները քննարկում են Մակրոնի առաջարկը` ընդդեմ «Համասի» կոալիցիայի մասին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկում է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետության» դեմ ստեղծված միջազգային կոալիցիան ուղղել ընդդեմ «Համասի»: Փորձագետները, սակայն, թերահավատ են գաղափարի հաջողության հարցում։

Այս շաբաթ կայացած մերձավորարևելյան իր այցելությունների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդես եկավ առաջարկությամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացման համար ստեղծված միջազգային կոալիցիան ուղղել նաև «Համասի» դեմ․ «Այս փորձի հիման վրա կարելի է կոալիցիա կառուցել բոլոր այն պետությունների հետ, որոնք այսօր պատրաստ են օգնել Իսրայելին, ու տարածաշրջանում պայքարում են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Համասի» դեմ: Կոալիցիան կարող է աշխատել տեղեկատվության փոխանակման, ահաբեկիչների բացահայտման ու չեզոքացման նպատակով»։

Հիշեցնենք, իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց, երբ այս հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման զինյալները գրոհեցին Իսրայելը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1 400 հոգի՝ զգալի մասը քաղաքացիական անձինք։ Ի պատասխան՝ իսրայելական ռազմուժը ցայսօր ռմբահարում է Գազայի հատվածը, ուր զոհերի թիվը մի քանի հազար է։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ առաջարկը վերաբերում է ոչ թե տարածաշրջան զորք ուղարկելուն, այլ հետախուզական տվյալների փոխանակմանն ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին:

Դեռ 1997 թվականին ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։ Նույնը արել են Եվրամիությունն ու արևմտյան այլ երկրներ: Սակայն խմբավորումը տարաբնույթ աջակցություն է ստանում Թուրքիայից, արաբական երկրներից (օրինակ, Կատարից), և, անշուշտ, Իրանից:

ԱՄՆ-ում գործող Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Բրյուս Հոֆմանը կասկածում է, որ Մակրոնի գաղափարը լայն աջակցություն կստանա արաբական երկրների շրջանում՝ հատկապես Գազայի ռմբակոծության ֆոնին․ «Կարծում եմ, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Գազայում՝ ավերածություններ, բնակչության տեղահանում, բազմաթիվ երկրների համար չափազանց դժվար կլինի նման քայլի գնալ»:

Իր հրթին՝ «American Enterprise Institute»-ի հակաահաբեկչության հարցերով փորձագետ Քեթրին Զիմերմանը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե «Համասի» համար լուրջ խնդիր կլինի՝ ահաբեկչական գործողությունները դադարեցնելը․ «Կարծում եմ, որ նման քայլը անհնարին է «Համասի» պարագայում, որի հայտարարված առաքելությունը ոչ թե պաղեստինյան հարցի լուծումն է, այլ Իսրայելի ոչնչացումը: Ահաբեկչությունը դադարեցնել, կնշանակի պարզապես դադարել զբաղվել նրանով, ինչը «Համասն» անում է»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել վերսկսել խաղաղ գործընթացը՝ հիմնված երկու պետության՝ Իսրայելի ու Պաղեստինի գոյակցությունը նախատեսող գաղափարի վրա։ Ֆրանսիայի նախագահը սատարում է այս մոտեցումը։

XS
SM
MD
LG