Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մերժել է Իրանի արտգործնախարարի դիմումը՝ այցելել Վաշինգտոն


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հանդես է եկել Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հանդես է եկել Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ

Երկուշաբթի Միացյալ Նահանգները հայտարարեց, թե մերժել է անցած շաբաթ Վաշինգտոն այցելելու Իրանի արտգործնախարարի դիմումը՝ մատնանշելով Թեհրանի գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ում առկա մտահոգությունները՝ նաև կապված Միացյալ Նահանգների քաղաքացիների ձերբակալությունների հետ:

Ըստ հաղորդագրության, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ավարտից հետո, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ցանկություն է հայտնել այցելել Վաշինգտոն՝ Իրանի արտգործնախարարության համար հյուպատոսական ծառայություն մատուցող գրասենյակ, որը տեղակայված է ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Պակիստանի դեսպանատանը։

«Նրանք, իրոք, դիմել են նման խնդրանքով, և այն մերժվել է Պետքարտուղարության կողմից»,- լրագրողներին փոխանցել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Պարտավոր ենք թույլատրել Իրանի պաշտոնյաների և օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների մուտքը Նյու Յորք՝ ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցելու համար, բայց պարտավորված չենք թույլ տալ նրանց այցելել Վաշինգտոն»,- հավելել է նա:

«Հաշվի առնելով Իրանի կողմից ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանավորումը, և հաշվի առնելով պետական մակարդակով Իրանի կողմից ցուցաբերվող հովանավորչությունը ահաբեկչությանը՝ վստահ չէինք, որ նման պարագայում տեղին է բավարարել հայտը»,- շարունակել է Միլլերը:

Անցած շաբաթը նշանավորվեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև կայացած գործարքով․ Իրանն ազատ արձակեց ԱՄՆ հինգ քաղաքացիների, ԱՄՆ-ն ապասառեցրեց Հարավային Կորեայում գտնվող և 6 միլիարդ դոլարի հասնող իրանական միջոցները՝ փոխանցելով դրանք Կատար՝ հատուկ հաշվեհամարին:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անհամաձայնությունն է հայտնել այն դատողությունների առնչությամբ, թե գործարքը կարող է հանգեցնել ամերիկա-իրանական հարաբերությունների որոշակի ջերմացմանը՝ հիմք հանդիսանալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման համար:

«Amwaj.media» լրատվական գործակալությունն առաջինը հայտնեց Վաշինգտոն այցելելու Ամիր Աբդոլլահիանի ցանկության մասին, ինչը կլիներ նախորդ 14 տարիների ընթացքում Իրանի արտգործնախարարի առաջին այցը ԱՄՆ մայրաքաղաք:

Հղում կատարելով ներկայանալ չցանկացող աղբյուրներին՝ պարեբերականը գրել է, թե Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ցանկացել է անձամբ վերանայել հյուպատոսական աշխատանքը՝ նպատակ ունենալով նաև մամուլում «դրական վերնագրեր առաջացնել»:

Միացյալ Նահանգները և Իրանը խզեցին հարաբերությունները, երբ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի նոր իշխանությունների կողմնակիցները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը՝ պատանդ վերցնելով ամերիկացի դիվանագետներին:

Վաշինգտոնում Իրանի համար հյուպատոսական ծառայություն է մատուցվում Պակիստանի դեսպանատանը։

Որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիր՝ Միացյալ Նահանգները թույլ է տալիս կազմակերպության բոլոր անդամ-երկրների ներկայացուցիչների այցը Նյու Յորք, սակայն կարող է սահմանափակել նրանց տեղաշարժը քաղաքից դուրս:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփ օրոք ԱՄՆ-ն խստացրել էր սահմանաձակումը՝ որոշ երկրների ներկայացուցիչների թույլ տալով շրջել Նյու Յորքի միայն մի քանի թաղամասերում:

XS
SM
MD
LG