Մատչելի հղումներ

Ովքեր են հավակնում այլընտրանք դառնալ հանրապետականների առաջատար թեկնածու Թրամփին ներկուսակցական առաջին բանավեճին ընդառաջ


Հանրապետականների առաջին բանավեճի մասնակիցները: Ձախից աջ՝ Թիմ Սքոթ, Ռոն ԴեՍանտիս, Նիկի Հեյլ, Վիվեկ Ռամասվամի, Քրիս Քրիստի, Մայք Փենս, Դագ Բուրգում ու Ասա Հաթչինսոն:
Հանրապետականների առաջին բանավեճի մասնակիցները: Ձախից աջ՝ Թիմ Սքոթ, Ռոն ԴեՍանտիս, Նիկի Հեյլ, Վիվեկ Ռամասվամի, Քրիս Քրիստի, Մայք Փենս, Դագ Բուրգում ու Ասա Հաթչինսոն:

Հանրապետական ​​14 թեկնածուներից ութը, ովքեր հայտարարել են 2024 թվականի նախագահական մրցարշավին մասնակցելու մասին, կմասնակցեն կուսակցության առաջադրման առաջին բանավեճին, որը կանցկացվի օգոստոսի 23-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։

Նրանց թվում են ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, նահանգապետներ Ռոն ԴեՍանտիսը (Ֆլորիդա) և Դագ Բուրգումը (Հյուսիսային Դակոտա), նախկին նահանգապետներ Քրիս Քրիստին (Նյու Ջերսի), Նիկի Հեյլին (ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպանը) և Ասա Հաթչինսոնը (Արկանզաս), ԱՄՆ սենատոր Թիմ Սքոթը և գործարար Վիվեկ Ռամասվամին։ Բանավեճը վարելու և հեռարձակելու է Fox News հեռուստաալիքը։

Հինգ դիմորդներ չկարողացան բավարարել Հանրապետական ազգային կոմիտեի բոլոր պահանջները՝ մասնակցելու առաջին բանավեճին, որոնց թվում են Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը, ռադիոհաղորդավար Լարի Էլդերը, նախկին կոնգրեսական և ԿՀՎ նախկին սպա Ուիլ Հերդը, գործարար Փերի Ջոնսոնը, գործարար և հոգևորական Ռայան Բինքլին։

Բանավեճի մեկնարկից առաջ հիմնական ինտրիգն էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության հարցը։ Թրամփը մի քանի շաբաթ շարունակ վերջնական պատասխան չէր տալիս, թե արդյոք ինքը կմասնակցի բանավեճին։ Բանավեճից վեց օր առաջ The New York Times-ն առաջինն էր, ով տեղեկացրեց, որ Թրամփը մրցակիցների հետ բեմ չի բարձրանա, փոխարենը առցանց հարցազրույց կտա Fox News-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնին։

Բանավեճին Թրամփի չմասնակցելը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում հանրապետական մյուս թեկնածուների համար, ովքեր այս բանավեճը համարում են նախկին նախագահի հիմնական այլընտրանքը դառնալու հնարավորություն. նրանք պետք է ընտրողներին ցույց տան, որ ունակ են հաղթել Թրամփին, բայց սա շատ ավելի դժվար է անել հեռակա:

Անդրադառնանք բանավեճի մասնակիցներին:

44 տարեկան Ռոն ԴեՍանտիսը Ֆլորիդայի նահանգապետն է 2018 թվականից։ Նա իրեն անվանում է Թրամփի միակ հակառակորդը, ով ունակ է հաղթել նրան։

ԴեՍանտիսը բավականին հայտնի է Ֆլորիդայում: Նա նախկին կոնգրեսական է, որը փորձ ունի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և ԱՄՆ ռազմական վետերան է, ով ծառայել է Իրաքում:

Նա համազգային ճանաչում ձեռք բերեց COVID-19 համաճարակի ժամանակ՝ հրաժարվելով խիստ կարանտինային միջոցառումներ իրականացնելուց՝ տեղական բիզնեսներին չվնասելու համար:

Նա հայտնի դարձավ նաև Disney Corporation-ի հետ իր ընդհարմամբ, որին պատկանում է Ֆլորիդայի հսկա Disneyworld զվարճանքի պարկը, որը նահանգի ամենամեծ գործատուներից է: Նահանգապետը որոշեց սահմանափակել Disneyworld-ի ավանդական ինքնուրույնությունը այն բանից հետո, երբ կորպորացիան քննադատեց նահանգում ընդունված օրենքը, որն արգելում է դպրոցներում LGBTQ+ վերաբերյալ խնդիրների քննարկումն ու ուսուցումը: ԴեՍանտիսի և Disney-ի միջև գործը գտնվում է այժմ դատարանում:

ԴեՍանտիսի ղեկավարությամբ նահանգն արգելեց աբորտները հղիության վեց շաբաթից հետո, իսկ բարձրագույն և միջնակարգ կրթության պետական հաստատություններին արգելեց օգտագործել դաշնային և պետական ֆինանսավորումը ներառման և բազմազանության ծրագրերին աջակցելու համար:

ԴեՍանտիսը մայիսի 24-ին Twitter-ում հայտարարեց իր 2024 թվականի նախագահական արշավի մեկնարկի մասին։ Հայտարարության ժամանակ ի հայտ եկան խնդիրներ հեռարձակման հետ: Նրա պլանավորված հեռարձակումը, որը աջակցում էր Twitter-ի (այժմ՝ X) սեփականատեր Իլոն Մասքը, սկսվեց տեխնիկական անսարքությունից: Երբ ԴեՍանտիսը վերջապես կարողացավ խոսել 25 րոպե անց, նա հայտարարեց. «Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, որպեսզի առաջնորդեմ մեր մեծ ամերիկյան վերադարձը»:

Ծրագրի հիմնական դրույթները

Նա առաջարկում է երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ Մեքսիկայից անօրինական միգրանտների հոսքից պաշտպանվելու համար։
Նա հանդես է գալիս դպրոցների ընտրության իրավունքի մասին համազգային օրենք ընդունելու օգտին։ Աջակցում է վեց շաբաթից ավել աբորտների դաշնային արգելքը, որը նման է Ֆլորիդայի արգելքին: Այս օրենքից միակ բացառությունը բռնաբարության և ինցեստի դեպքերն են։

Արտաքին քաղաքականություն

Նահանգային մակարդակով նա մի քանի օրենք է ներմուծել՝ «Ֆլորիդայի նահանգում Չինաստանի կոմունիստական կուսակցության վնասակար ազդեցությանը դիմակայելու համար»։ Այս օրենքներն արգելում են չինական ընկերությունների կողմից Ֆլորիդայի բարձրագույն և միջնակարգ կրթության ոլորտում նվիրատվությունները կամ ներդրումները, սահմանափակում են Չինաստանի կառավարության հետ կապված ընկերությունների՝ գյուղատնտեսական հողերի գնումը, արգելում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին օգտագործել հավելվածներ, որոնք «վտանգ են ներկայացնում կիբերանվտանգության և տվյալների գաղտնիության համար»:

Նա հանդես է գալիս ԱՄՆ-ի արտոնյալ առեւտրային գործընկերոջ կարգավիճակից Չինաստանին զրկելու օգտին։

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ԴեՍանտիսի դիրքորոշումները փոխվեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ելույթներից մեկում նա մեղադրեց նախագահ Օբամային «թույլ քաղաքականության» մեջ, որը դրդեց Պուտինին գրավել Ղրիմը 2014 թվականին, և հանդես եկավ Ուկրաինային «պաշտպանական և հարձակողական» ռազմական տեխնիկա տրամադրելու օգտին։ Մարտին նա դատապարտեց Պուտինի ագրեսիան, բայց կասկածի տակ դրեց «տարածքային վեճի» աշխարհաքաղաքական նշանակությունը և դեմ արտահայտվեց Ուկրաինայի խնդրի «էսկալացիային լրացուցիչ զենքերով»:

Նա Ուկրաինայի պատերազմն անվանել է «տարածքային վեճ», որի արդյունքն էական ազդեցություն չի թողնում ԱՄՆ-ի վրա։ Հանրապետական այլ թեկնածուների կողմից քննադատությունից հետո նա ասաց, որ իր մեկնաբանությունները «սխալ են ընկալվել»:

Նա այս պահին խոսում է հրադադարի անհրաժեշտության մասին՝ ասելով, որ ցանկանում է խուսափել մի իրավիճակից, «երբ կլինեն զանգվածային զոհեր, զանգվածային ծախսեր եւ արդյունքում՝ փակուղի։ Միաժամանակ նա հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի հակամարտությանը։

Մյուս թեկնածուն է Վիվեկ Ռամասվամին, ով Օհայոյի բնիկ է, հնդիկ ներգաղթյալների որդի և մուլտիմիլիոնատեր ձեռնարկատեր, որի կարողությունը կազմում է մոտ 600 միլիոն դոլար: Նրա տարիքը 38 տարեկան է:

Ղեկավարել է խոշոր դեղագործական ընկերություն։ Նա գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով կենսաբանության բակալավրի աստիճան:

Պահպանողական շրջանակներում հայտնիություն է ձեռք բերել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման շարժման քննադատության համար՝ ուղղված սոցիալապես պատասխանատու ներդրումները խթանելուն: Հիմնադրել է Strive-ի հեջ-ֆոնդը, որը խրախուսում է ոչ ESG ներդրումները:

Նա իր նախագահական քարոզարշավը սկսել է փետրվարի 21-ին՝ տեսանյութի և հոդվածի հրապարակմամբ։ Ուղերձում Ռամասվամին նշել է. «Մենք ազգային ինքնության ճգնաժամի մեջ ենք։ Անհետացել է հավատը, հայրենասիրությունն ու աշխատասիրությունը։ Մենք ցանկանում ենք լինել մեզանից ավելի մեծ բանի մի մաս: Բայց մենք նույնիսկ չենք կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում լինել ամերիկացի»։

Ամերիկացիների «ազգային ինքնությունը» վերականգնելու խոստումներ

Նա քննադատում է բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերը: Նա կարծում է, որ «ձախերը» «երկրում ստեղծեցին վախի նոր մշակույթ, որն ամբողջությամբ փոխարինեց Ամերիկայում ազատ խոսքի մշակույթը»։ Գրել է մի գիրք, որը քննադատում է վոկիզմը կորպորացիաներում, որը տարածված է պահպանողական շրջանակներում:

Նա նախկինում ոչ մի ընտրովի պաշտոն չի զբաղեցրել և չունի նույն տեսանելիությունը, ինչ հանրապետական մյուս թեկնածուները։ Մինչ այժմ նա իր նախագահական քարոզարշավը ֆինանսավորում էր հիմնականում ինքնուրույն։

Ծրագրի հիմնական դրույթները

Առաջարկում է, որ ձայնի իրավունք տրվի 25 տարեկանից (այժմ՝ 18), իսկ մինչև 25 տարեկան ընտրողներին թույլատրվի քվեարկել միայն ազգային ծառայությունն ավարտելուց (օրինակ՝ զինվորական) կամ քաղաքացիական հասարակության թեստը հանձնելուց հետո։ Նա խոստանում է բարեփոխել շատ դաշնային գերատեսչություններ և գործակալություններ և «անհրաժեշտության դեպքում վերակառուցել դրանք զրոյից», ներառյալ Ներքին եկամուտների ծառայությունը, կրթության վարչությունը և ՀԴԲ-ն:
Պատրաստվում է արգելել սեռի փոփոխությունն անչափահասների համար:
Նա խոստացել է ներում շնորհել «քաղաքականացված դաշնային հետաքննությունների ամբաստանյալներին», ներառյալ Թրամփին և հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասնակիցներին։

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Նա դեմ է Ուկրաինային օգնություն տրամադրելուն, քանի որ, նրա կարծիքով, պատերազմը չի շոշափում ամերիկյան շահերը, և որ «Ուկրաինան զինելով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանը հանձնում է Չինաստանին»։

Նա չին-ռուսական դաշինքն անվանում է «թիվ մեկ սպառնալիք ԱՄՆ բանակի համար»։

Հունիսին ABC-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի համաձայնության՝ Ռուսաստանին հսկայական զիջումներ անելով, ներառյալ ուկրաինական Դոնբասի մեծ մասի փոխանցումը Ռուսաստանին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը և ապահովումը, որ Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին: Դրա դիմաց նա պատրաստվում է Ռուսաստանից պահանջել հրաժարվել Չինաստանի հետ ռազմական դաշինքից և երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (START-3)։

Թիմ Սքոթը սենատոր է Հարավային Կարոլինայից և միակ աֆրոամերիկացի հանրապետականը ԱՄՆ Սենատում: Նրա տարիքն է 57 տարեկան:

Սքոթն ընտրողին առաջարկում է լավատեսական հայացք Ամերիկայի մասին։ Նա իրեն ներկայացնում է որպես Թրամփի և ԴեՍանտիսի այլընտրանք՝ որպես ամուր կրոնական համոզմունքներով առաջնորդ և առանց բացասական քաղաքական բեռի։

Նա նախընտրական քարոզարշավը սկսել է մայիսի 22-ին։ Սքոթը պարբերաբար հիշեցնում է, որ իր նախնիները ստրուկներ են եղել, որ նա միայնակ մայր ուներ, և որ նա հաջողակ էր զրոյից և ինքնուրույն։ Սքոթը փորձառու քաղաքական գործիչ է և ընտրվել է տարբեր պաշտոններում օրենսդիր մարմիններում՝ նահանգի տարբեր մակարդակներում և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նա ամուսնացած չէ և դեմ է ալկոհոլի օգտագործմանը:

Սքոթն ասում է, որ իր կյանքում բազմիցս զգացել է ռասիզմի դրսևորումներ՝ խանութներում, ճանապարհներին, ինտերնետում և նույնիսկ Կապիտոլիումում, սակայն մերժում է այն գաղափարը, որ ԱՄՆ-ն իր բնույթով ռասիստական երկիր է: «Անարդարությունն իրական է», - ասում է Սքոթը: «Բայց հնարավորություններն անսահման ավելի իրական են»:

Սքոթը հայտնվեց ազգային ուշադրության կենտրոնում, երբ նա պատասխանեց նախագահ Ջո Բայդենի առաջին ելույթին:

2017 թ-ին նա ստեղծել է «Հնարավորությունների գոտիներ», մի նախաձեռնություն, որը հարկային խթաններ է տրամադրում ներդրողներին ցածր եկամուտ ունեցող տարածքներում, որոնցից շատերը հիմնականում աֆրոամերիկացիներ են:

Ծրագրի հիմնական դրույթները

Հօգուտ արդյունաբերական արտադրության խթանման, զբաղվածության ավելացման։
Խոստանում է վերանայել կրթական համակարգը՝ «ի շահ ծնողների»:
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու և կոշտ ներգաղթային քաղաքականության կողմնակից է:
Դեմ է ազգային արտադրողներին պաշտպանելու պրոտեկցիոնիստական քաղաքականությանը:
Սքոթը Չինաստանը համարում է «Ամերիկայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը»։ Կարծում է, որ Չինաստանը՝ աշխարհի երկրորդ տնտեսությունը, չպետք է օգտվի «զարգացող երկրի» կարգավիճակի արտոնություններից։

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Նա տեսնում է «ԱՄՆ-ի կենսական ազգային շահը» Ուկրաինային աջակցելու մեջ Ռուսաստանի հետ պատերազմում և պնդում է, որ նախագահ Բայդենը խաթարել է ԱՄՆ-ի օգնության արդյունավետությունը՝ «չափազանց երկար սպասելով և շատ քիչ տրամադրելով»:

Մայիսի 12-ին Սքոթն ասել է, որ «ռուսական բանակի թուլացումը բխում է Ամերիկայի շահերից և ծառայում է միաժամանակ երկու նպատակի՝ նվազեցնում է առանց հակամարտությունում ամերիկյան զորքերի մասնակցության» ԱՄՆ-ի դեմ հարձակման հավանականությունը և Ռուսաստանի ցանկությունը ՆԱՏՕ-ի որևէ երկրի տարածքի վրա հարձակումը, «որից հետո մենք ստիպված կլինենք միջամտել»։

Թրամփի վարչակազմում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին կոչ է արել «սերնդափոխություն» իրականացնել կուսակցությունում: Նա հանրապետականների միակ կին թեկնածուն է, ով 51 տարեկան է:

Հնդիկ ներգաղթյալների դուստրը նահանգապետի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին՝ 38 տարեկան հասակում՝ այդ ժամանակ դառնալով ամենաերիտասարդ նահանգապետը։ Նա դարձավ առաջին կինը և էթնիկ փոքրամասնության առաջին ներկայացուցիչը, ով գլխավորեց նահանգը։ 2015 թվականին նա հրամայեց հանել Կոնֆեդերացիայի դրոշը Հարավային Կարոլինայի Կապիտոլիումի տարածքից։

Նա իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է 2023 թվականի փետրվարի 15-ին։ Նրա հայտարարության մեջ չի նշվում Թրամփի անունը, որի վարչակազմի անդամ էր նա: Հեյլին հանրապետականներին կոչ է արել միավորվել հիմնական խնդիրների շուրջ և այնպիսի թեկնածուի շուրջ, որը գրավիչ կլինի ամերիկացիների մեծ մասի համար:

«Հանրապետականները կորցրել են համաժողովրդական ձայնը վերջին ութ նախագահական ընտրություններից յոթում», - ասել է Հեյլին: «Դա պետք է փոխվի»:

Հեյլին վաղուց համարվում է Հանրապետական կուսակցության «ծագող աստղը», ով ունակ է խուսափել ծայրահեղություններից։

«Ի տարբերություն մյուս թեկնածուների, ես երեկ չշտապեցի Թրամփի մեղադրանքի մասին հայտարարություն անել մի պարզ պատճառով. ինչպես ամերիկացիների մեծ մասը, ես հոգնել եմ Թրամփի հետ յուրաքանչյուր դրամա մեկնաբանելուց: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա երրորդ, չորրորդ կամ հինգերորդ մեղադրանքն է»,- ասել է Հեյլին:

«Մենք պետք է կենտրոնանանք, թե ինչպես կանգնեցնենք Չինաստանին: Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես փակենք սահմանները: Պետք է շրջենք Բայդենի տնտեսությունը: 77-ամյա նախկին նախագահին բանտարկելով՝ մենք սրանից ոչինչ չենք ստանում: Պետք է առաջ գնանք»,- ասել է Հեյլին:

Ծրագրի հիմնական դրույթները

Նա կարծում է, որ առաջնորդների նոր սերունդը՝ ավելի երիտասարդները, պետք է երկիրը առաջ տանի:
Նա հանդես է գալիս Կոնգրեսի անդամների համար ժամկետային սահմանափակումների և «75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների պարտադիր մտավոր հետազոտում անցկացնելու օգտին»:
Խոստանում է կոշտ արտաքին քաղաքականություն Չինաստանի ու Ռուսաստանի դեմ։
«Նրանք բոլորը կարծում են, որ կարող են մեզ ահաբեկել, ոտքով հարվածել մեզ», - ասել է Հեյլին քարոզարշավի տեսահոլովակում: «Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես չեմ հանդուրժում դա»:
Նա խոստանում է վերագործարկել Թրամփի «Մնա Մեքսիկայում» քաղաքականությունը քաղաքական ապաստան հայցող ներգաղթյալների համար: Խոստանում է ձեռնարկությունների համար ներդնել կացության կարգավիճակի ազգային սքրինինգ ծրագիր՝ երկրում անօրինական կերպով գտնվող ներգաղթյալների աշխատանքի ընդունելը կանխելու համար: Պատրաստվում է «ազգային կոնսենսուսի» գալ հղիության արհեստական ընդհատման հարցում: Միաժամանակ նա չի հստակեցնում, թե հղիության որ փուլում է պաշտպանելու հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Որպես Հարավային Կարոլինայի նահանգապետ՝ նա օրենք է ստորագրել հղիության արհեստական ընդհատման 20-շաբաթյա արգելքի սահմանելու մասին՝ առանց բռնաբարության կամ ինցեստի բացառությունների:

Հեյլին ասում է, որ ինքը «քաղաքի նոր շերիֆն է», և իր վարչակազմի քաղաքականությունը, եթե ընտրվի, կտարբերվի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից:

«Թրամփը շատ քիչ բան է արել չինական սպառնալիքի դեմ պայքարելու համար», - հունիսին ասել է Հեյլին: «Նա չդադարեցրեց ամերիկյան տեխնոլոգիաների հոսքը և ներդրումները չինական բանակում: Նա չկարողացավ արդյունավետ կերպով համախմբել մեր դաշնակիցներին չինական սպառնալիքի դեմ»:

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ուկրաինային օգնության ակտիվ աջակից է։ Պնդում է, որ «Ամերիկայի շահերից է բխում», որպեսզի Ուկրաինան հետ մղի ռուսական ագրեսիան, և որ ընտրվելու դեպքում նրա վարչակազմը կշարունակի զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային:

«Ուկրաինայի հաղթանակը բոլորիս հաղթանակն է, քանի որ բռնակալները մեզ հստակ ասում են, թե ինչ են անելու», - CNN-ին ասել է Հեյլին: Նա ավելացրեց. «Չինաստանն ասում է, որ հաջորդը Թայվանն է լինելու. մենք ավելի լավ է հավատանք նրանց: Ռուսաստանն ասում է, որ հաջորդը լինելու են Լեհաստանը և Բալթյան երկրները: Եթե դա տեղի ունենա, ապա մենք համաշխարհային պատերազմի մեջ ենք: Խոսքը պատերազմը կանխելու մասին է»:

Նա կարծում է, որ «Ռուսաստանի պարտությունը հսկայական կորուստ կլիներ Չինաստանի համար, իսկական հաղթանակ՝ աշխարհի համար»։

Ելույթ ունենալով American Enterprise Institute-ում, նա ասաց, որ նախագահ Բայդենը «չափազանց դանդաղ և թույլ է օգնել Ուկրաինային»:

64 ամյա Մայք Փենսը ԱՄՆ նախկին փոխնախագահն է Դոնալդ Թրամփի վարչակազմում, ինչպես նաև Ինդիանայի նախկին նահանգապետն է և ԱՄՆ նախկին կոնգրեսական: 1990-ականներին նա վարում էր պահպանողական ռադիո թոք շոու։

Փենսը ավետարանչական քրիստոնյա է, որի կրոնական հայացքները, ըստ նրա, ձևավորում են իր քաղաքական դիրքորոշումը: Այդ հերթականությամբ իրեն անվանում է «քրիստոնյա, պահպանողական և հանրապետական»:

Հայտնի է որպես հարկաբյուջետային և սոցիալական պահպանողական, ով կողմ է խիստ ներգաղթային քաղաքականությանը, աբորտի դեմ և հակաԼԳԲՏՔ+ քաղաքացիական իրավունքների ընդլայնմանը:

ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում իր պաշտոնավարման մեծ մասում Փենսը պաշտպանել է Թրամփի նախաձեռնությունները։ Բայց երբ Թրամփը Փենսի օգնությամբ փորձեց չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները, փոխնախագահը հրաժարվեց դա անել։ Դրանից հետո Թրամփն ասաց, որ Փենսը «անցավ մութ կողմ»։

Փենսը քարոզարշավը սկսեց 2023 թվականի հունիսի 7-ին Թրամփի խիստ քննադատությամբ՝ մեղադրելով իր նախկին ղեկավարին պահպանողական սկզբունքներից հրաժարվելու մեջ և ասելով, որ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի գործողություններն ու անգործությունը հավասարազոր են պարտականությունների թերացման։

Նա գնահատում է «Թրամփ-Փենսի վարչակազմի» ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ պնդում է, որ Թրամփը վտանգել է իր ընտանիքի և բոլոր նրանց կյանքը, ովքեր հունվարի 6-ին եղել են Կապիտոլիումում։ Կապիտոլիումի շենք ներխուժած ամբոխը վանկարկել է «Կախիր Մայք Փենսին»։

Նա բազմիցս հանդես է եկել աբորտների դաշնային արգելքի օգտին: Նա հայտարարել է, որ չի պաշտպանի Թրամփի թեկնածությունը, եթե նա դառնա Հանրապետական կուսակցության թեկնածու։

Ծրագրի հիմնական դրույթները

Թրամփի վարչակազմի կողմից սահմանված հարկային արտոնությունները պահպանելու խոստումներ:
Նա ասում է, որ ծնողներին «պետք է ազատություն տրվի ընտրելու, թե որտեղ են իրենց երեխաները դպրոց հաճախում» և «պահանջում է հարգել ԱՄՆ-ի պատմությունը և կրոնական ազատությունը»:
Կոչ է անում ԱՄՆ Գերագույն դատարան առաջադրել միայն այն թեկնածուներին, ովքեր պաշտպանում են «խոսքի և կրոնի ազատությունը» և «պաշտպանում են մարդկային կյանքի սրբությունը»։

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Փենսը հանրապետականների առաջին թեկնածուն է, ով այցելել է Ուկրաինա և Կիևում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Նա բազմիցս հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր խաղա Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պայքարում։

«Ես հավատում եմ, որ Ամերիկան ազատ աշխարհի առաջնորդն է», - Կիևում NBC News-ին ասել է Փենսը: «Բայց որպես մասնավոր անձ այստեղ [Կիև] գալը հնարավորություն է անմիջականորեն տեսնելու այս անտառներում ռազմագիծ պահող ուկրաինացի զինվորների հերոսությունը, տեսնելու Իրպենում գտնվող մարդկանց հերոսությունը, որոնք զսպում են ռուսական բանակը, տեսնելու ընտանիքներ, որոնց տները բառացիորեն ավերվեցին անբարեխիղճ և չհիմնավորված ռուսական ներխուժման ժամանակ: Դա միայն ամրապնդում է իմ վճռականությունը՝ կատարելու իմ բաժինը և շարունակելու կոչ անել ամերիկյան ուժեղ աջակցություն ցուցաբերել մեր ուկրաինացի ընկերներին և դաշնակիցներին»:

Քրիս Քրիստին նախկին դաշնային դատախազ է և Նյու Ջերսիի նախկին նահանգապետ: Նա 60 տարեկան եմ: Նախկինում նա Թրամփի դաշնակիցն էր, որին այժմ հրապարակավ անվանում է «վախկոտ» և «Պուտինի խամաճիկ»։

Համազգային ճանաչում ձեռք բերեց 2012 թվականի հոկտեմբերին Սենդի փոթորկի ժամանակ նահանգը արդյունավետորեն ղեկավարելուց հետո: Նրա ժողովրդականությունը նվազել է կոռուպցիոն սկանդալից հետո, որը կապված էր Նյու Ջերսին Նյու Յորքի հետ կապող կամրջի երթեւեկության փակման հետ:

Նա երկրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում՝ 2016 թվականի անհաջող քարոզարշավից հետո։ Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նա կարճ ժամանակով ղեկավարում էր անցումային փուլը` հույս ունենալով պաշտոն ստանալ Թրամփի վարչակազմում, բայց այդպես էլ չստացավ։

Աջակցել է Թրամփին 2020 թվականի նախագահական արշավի ընթացքում բանավեճերի նախապատրաստման հարցում։ Այնուհետև նա դարձավ Թրամփի ամենաակտիվ քննադատներից մեկը հանրապետականների շրջանում։

Հունիսի 6-ին Քրիստին հայտարարեց իր նախագահական քարոզարշավի մասին: Նա նախկին նախագահին անվանել է «միայնակ, ինքնահավան, նարցիստ և վրդովված մարդ» և ասել, որ միայն ինքը՝ Քրիստին, կարող է կանգնեցնել Թրամփին։

Սպիտակ տանը գտնվելու ժամանակ Թրամփին և նրա ընտանիքի անդամներին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ «Այս ընտանիքի անձնական շահը շունչը կտրող է», - ասաց Քրիստին Նյու Հեմփշիրում:

Ծրագրի հիմնական դրույթները

Աջակցում է ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային, սակայն «չի ձգտում զորքեր ուղարկել աշխարհով մեկ կռվելու»:
Կոչ է անում լուծել Չինաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները:
Նա խոստանում է ընդունել օրենք, որը նախատեսում է դաշնային հարկային արտոնություններ, որպեսզի ծնողները կարողանան դպրոցներ ընտրել իրենց երեխաների համար:
Նա պատրաստվում է «շտկել» երկրում սոցիալական ապահովության համակարգը՝ հաշվի առնելով դեմոկրատների դիրքորոշումը։
Չի պաշտպանում աբորտի ազգային արգելքը՝ համարելով, որ «յուրաքանչյուր նահանգ պետք է որոշելու իրավունք ունենա»։

Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Նա դարձավ հանրապետականների երկրորդ թեկնածուն, ով մեկնել է Ուկրաինա և հանդիպել նախագահ Զելենսկու հետ։ Նա այցելել է Բուչա և Մոշչուն՝ ասելով, որ «այն, ինչ տեսել է, ավելի է համոզում իրեն, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի օգնել երկրին դիմակայել ռուսական հարձակմանը»:

Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ «ուկրաինացիներին անհրաժեշտ է միջոցներ տրամադրել, որպեսզի կարողանան վերականգնել իրենց ազատությունը»։

Դագ Բուրգումը Հյուսիսային Դակոտա նոսր բնակեցված նահանգի երկրորդ անգամ ընտրված նահանգապետն է: Հաջողակ ձեռնարկատեր և տեխնոլոգիական ընկերության նախկին գործադիր տնօրեն, որը նա վաճառեց Microsoft Corporation-ին: Նա 66 տարեկան է:

2024 թվականի նախագահի ամենահարուստ թեկնածուներից մեկն է: Քիչ հայտնի է իր նահանգից դուրս, բայց նա իրեն դիրքավորում է որպես խելամիտ պահպանողական գյուղատնտեսական նահանգից, էներգետիկ ոլորտում փորձ ունեցող:

Նա նախագահական ընտրապայքարին մասնակցելու մասին հայտարարեց հունիսի 7-ին։ Նա հայտարարել է, որ «եթե ընտրողները ցանկանում են, որ Վաշինգտոնը և մյուս խոշոր քաղաքներն ունենան փոքր քաղաքներին բնորոշ ողջամտություն, ապա նա նրանց թեկնածուն է»։

The Wall Street Journal-ի սյունակում նա գրել է, որ ԱՄՆ-ին «նոր առաջնորդ է պետք փոփոխվող տնտեսության համար»: Ընդգծում է բիզնեսում իր փորձը և տնտեսությունը համարում իր քաղաքական առաջնահերթություններից մեկը։

Նահանգապետի պաշտոնավարման տարիներին նահանգում իջեցրեց հարկերը և գրեթե ամբողջությամբ արգելեց աբորտը։

Օգոստոսի սկզբին նա հրաժարվել էր մեկնաբանել հունվարի 6-ի գործով Թրամփի դեմ հարուցված քրեական մեղադրանքը։ «Ես իրավաբան չեմ, ես ձեռներեց եմ։ Ես բիզնես ղեկավարող մարդ եմ։ Ես հոգ եմ տանում այս երկրի ժողովրդի մասին, իսկ դուք ինձ հիմնականում իրավական հարց եք տալիս: Իմ քարոզարշավն ուղղված է ապագային»,- ասել է Բուրգումը ABC-ին: Բոլորն անմեղ են, քանի դեռ մեղքն ապացուցված չէ։ Փոխարենը պետք է խոսել էներգետիկայի, տնտեսության, ազգային անվտանգության մասին»։

Մյուս թեկնածուն 72 ամյա Ասա Հաթչինսոնը Արկանզասի նախկին նահանգապետն է, որն ունի դաշնային կառավարության մեծ փորձ: Դոնալդ Թրամփի հայտնի քննադատն է:

Ջորջ Բուշի վարչակազմում նա ղեկավարել է Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության սահմանային և տրանսպորտային անվտանգության գրասենյակը։

Նա եղել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում ղեկավարել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի իմփիչմենթի գործընթացը։ Ժամանակին նա համարվում էր Հանրապետական կուսակցության «աստղը»։ Իրեն անվանում էին «Ռեյգանի պահպանողական»:

Ծնվել և մեծացել է Արկանզասի հյուսիս-արևմուտքում գտնվող ֆերմայում՝ այն ժամանակվա դեմոկրատական նահանգի հանրապետական «կղզում»: Ընտանիքի վեց երեխաներից ամենափոքրն է: Նա ավարտել է Հարավային Կարոլինայի Բոբ Ջոնսի Ավետարանական համալսարանը, ապա ստացել իրավագիտության աստիճան Արկանզասի համալսարանում: Այնտեղ նա հանդիպեց երիտասարդ պրոֆեսոր Բիլ Քլինթոնին։

Ապրիլի 26-ին նա հայտարարեց իր նախագահական քարոզարշավի մասին՝ խոստանալով «դուրս բերել լավագույններին Ամերիկայում» և բարեփոխել դաշնային օրենքը:

Նրա առաջադրումը տեղի է ունեցել Նյու Յորքի Մեծ ժյուրիի կողմից Թրամփի մեղադրանքից անմիջապես հետո: Այնուհետ Հաթչինսոնը հորդորել է նախկին նախագահին դուրս գալ ընտրապայքարից՝ հայտարարելով, որ «պաշտոնն ավելի կարևոր է, քան որևէ առանձին մարդ»:

Նա պնդում է, որ երկիրը կանգնած է «ամենանկանխատեսելի քաղաքական իրավիճակներից մեկի» առջև, որը նա երբևէ տեսել է և իրեն ներկայացնում է որպես «հետևողական պահպանողականության» թեկնածու:

Դատապարտել է 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու Թրամփի փորձերը։

Ծրագրի հիմնական դրույթները

Դաշնային աշխատողների թիվը կրճատել 10%-ով։
Ընդլայնել համակարգչային գիտության կրթությունը «յուրաքանչյուր դասարանում և ավագ դպրոցում»՝ օգնելու համար, որ Ամերիկան ավելի լավ մրցակցի Չինաստանի հետ:
Բարեփոխել սոցիալական և առողջապահական ապահովագրության համակարգերը:
Խոստանում է ստորագրել հղիության արհեստական ընդհատման դաշնային արգելքը, որը ներառում է բացառություններ, սակայն չի նշում, թե հղիության որ տարիքում նա կաջակցի արգելքին: Իր նահանգապետության ընթացքում նա ստորագրել է օրենքը, որը գրեթե ամբողջությամբ արգելում է աբորտը Արկանզասում (մի բացառությամբ՝ եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում):

Նա նահանգապետի պաշտոնում իր հիմնական ձեռքբերումները համարում է եկամտային հարկի նվազեցումը, բոլոր հանրակրթական դպրոցներում ինֆորմատիկայի դասաժամերի ներդրումը, պետական բյուրոկրատիայի 14%-ով կրճատումը և բյուջեի ավելցուկը։

72 տարեկանում Հաթչինսոնը հայտնի է սպորտի հանդեպ իր կիրքով: Նա ասում է, որ իր առավոտյան առօրյան ներառում է մարզումներ:

2020 թվականից հետո նա դարձավ Թրամփի գլխավոր քննադատներից մեկը։ Ավելի վաղ հայտարարել էր, որ չի սատարի Թրամփի թեկնածությունը, եթե նա ստանա թեկնածությունը։ «Ես չեմ պատրաստվում քվեարկել [Թրամփի] օգտին, եթե նա դատապարտված հանցագործ է»,- ասել է նա:

XS
SM
MD
LG