Մատչելի հղումներ

Աղդամը պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք․ Ժոզեպ Բորել


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել

Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«ԵՄ-ը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին», - նշված է հայտարարությունում:

Ժոզեպ Բորելը նշում է այն փաստը, որ առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, և ընդգծում, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` պարեն մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»:

ԵՄ-ը նաև նշում է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն, ներառյալ՝ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ դերակատարի կողմից չպետք է քաղաքականացվի», - ասված է հայտարարության մեջ:

Բորելը նաև նշում է. «Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի»,- ասել է նա:

Նմանատիպ

XS
SM
MD
LG