Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվեն ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական փոփոխությունների առաջարկներ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: Հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններն են:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը հայտնեց, որ այն հանտեղ նախաձեռնություն է

«Փոփոխությունները կքննարկվեն Կանոնակարգային հանձնաժողովում: Հանձնաժողովի լսումներից հետո, դրանք կխմբավորվեն՝ ընդգրկվելով տարբեր փաթեթներում ՝ վերջնական քվեարկության համար:
«Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»:


Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի ներկայացմամբ, Հայաստանին առնչվող օրենսդրական փոփոխությունների հեղինակները Հայկական հանձնախմբի դեմոկրատ ու հանրապետական օրեսնսդիրներն են, ուստի` դրանք երկկուսակցական նախաձեռնություն են:

«Այս բանաձևերին իրենց աջակցությունն են հայտնել դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները: Աշխատանքները շարունակելու ենք, և հաջորդ շաբաթ պարզ կդառնա, թե ներկայացված փոփոոխություններից որոնք կքննարկվեն Ներկայացուցիչների տանը»:

Կանոնակարգային հանձնաժողովում հավանության արժանացած փոփոխությունները կքննարկվեն Ներկայացուցիչների տան հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում:

«Երբ հարցը վերաբերում է ԱՄՆ անվտանգությանն ու պաշտպանությանը, քննարկումների ժամանակ առաջնային են ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների տան պաշտպանության խնդիրներով զբաղվող հանձնաժողովները: Զուգահեռաբար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն իրենց առաջնային տեղն ունեն այս կարևոր օրինագծի մշակման հարցում: Հիմնական դերակատարներից են նաև հատկացումների հանձնաժողովները, որոնք կորոշեն արտաքին հատկացումների չափը»,- ասում է Չուլջյանը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ պաշտպանությանը վերաբերող կարևոր այս փաստաթղթի ընդունումը` փոփոխությունների հետ միասին, երկարատև օրենսդրական ընթացակարգ ունեցող գործընթաց է:

«Այս փոփոխությունները նախ պետք է անցնեն Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների քննարկումների միջով, այնուհետև պետք է ներկայացվի ողջ Ներկայացուցիչների տան քվերակությանը: Դրանից հետո այն կփոխանցվի Սենատ, որտեղ կանցնի նույն ընթացակարգը: Ի վերջո, Սենատի և Ներկայացուցիչների տան ղեկավարությունները պետք է համաձայնեցնեն ստորին և վերին պալատների օրինագծերը, որպեսզի օրենքի նախագծի վերջնական տարբերակը ներկայացվի նախագահի ստորագրությանը»,- նշում է Չուլջյանը:

Հայկական հանձնախմբի անդամների առաջարկած փոփոխություններից են Լաչինի միջանցքի արգելափակման հարցի շուրջ օրենսդրական նախագծեր, այդ թվում` կոնգրեսականներ Ջուդի Չուի, Ֆրենք Փալլոնի, Գաս Բիլիրակիսի, Թոմաս Քինի առաջ քաշած փոփոխությունները:

«Ներկայում, Կոնգրեսի անդամները շատ լավ գիտակցում են Լաչինի շարունակվող շրջափակման [նշանակությունը]։ Հետևաբար, տարբեր փոփոխություններ են առաջարկվել «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ցեղասպանության սպառնալիքի համար»,- ասում է Խոլոյանը:

Ներկայացվել են նաև այլ փոփոխություններ` Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակման, 907-րդ բանաձևի կիրառման, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

«Այս 13 բանաձևերը լավ առիթ են դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կողմից Բայդենի վարչակազմին ազդանշան ուղարկելու, որ պետք է կանխել ռազմական օժանդակության հատկացումը Ադրբեջանին և մարդասիարկան օգնություն հասցնել Արցախ»,- ասում է Հայ Դատի հանձնախբի մամլո խոսնակը:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր առաջարկած երեք առանձին օրինագծերում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի պահպանմանը, կոչ է անում Ադրբեջանին «անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին» և պահանջում է արգելել հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն «չի դադարեցրել ուժի կիրառմսն սպառնալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։

Հայանպաստ օրինագծեր առաջ քաշած օրենսդիրններից են Թոնի Կարդենասը, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Քրիս Սմիթը, Քեթի Փորթերը, Քրիս Փապասը, ինչպես նաև Դինա Տիտուսը:

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս տարվա մարտին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույ ում հայտնել էր, թե Վաշինգտոնը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

«Միացյալ Նահանգները չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` խաղաղությանը նրանց մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը:

Միացյալ Նահանգները մի քանի անգամ մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, որն ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: ԱՄՆ բազմիցս ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունն առևտրային և մասնավոր տեղաշարժի համար: Միևնույն ժամանակ, 907-րդ բանաձևի չեղարկման հարցի շուրջ պետքարտուղարությունը նշել է, որ դրա չեղարկումը բխում է ԱՄՆ պետական շահերից:

XS
SM
MD
LG