Մատչելի հղումներ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ զինված ապստամբության կոչ անելու մեղադրանքով

Վագներ ռազմական խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժին
Վագներ ռազմական խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժին

Վագներ ռազմական խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ուրբաթ օրը մեղադրել է ՌԴ պաշտպանության նախարարությանը թիկունքից իր խմբի ճամբարների վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու մեջ՝ հրետանու և մարտական ​​ուղղաթիռների կիրառմամբ։

Պրիգոժինի խոսքով՝ իր խմբի շարքերում կան բազմաթիվ զոհեր: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են տեղի ունեցել հարվածները։

Ուրբաթ երեկոյան Պրիգոժինի տելեգրամյան ալիքներում հայտնվեց աուդիո հաղորդագրություններ «Վագների հրամանատարների խորհրդի կողմից»: Դրանում Պրիգոժինի ձայնին նման ձայնով տղամարդը հայտարարում է, որ խումբը մտադիր է դադարեցնել «չարիքը, որը բերում է երկրի ռազմական ղեկավարությունը»։

Պրիգոժինը խնդրում է «ոչ մեկին չդիմադրել» և խոստանում է «ոչնչացնել իր ճանապարհին կանգնած ցանկացած անցակետ և ցանկացած ինքնաթիռ»: Նա խոստանում է «արդարության վերականգնումից» հետո «Վագները» վերադարձնել ուկրաինական ճակատ։

Գործարարը մանրամասնել է, որ իր տրամադրության տակ ունի 25000 մարտիկ և կոչ է արել բոլոր ռուսներին միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։

Պրիգոժինը հայտարարված քարոզարշավի նպատակն անվանել է պաշտպանության նախարարության ղեկավարության հետապնդումը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ «նախագահական իշխանությունը, կառավարությունը, ՆԳՆ-ն և մյուս կառույցները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»։ «Սա ռազմական հեղաշրջում չէ, սա արդարության երթ է»,- ընդգծել է Պրիգոժինը։

Բացի այդ, Պրիգոժինը հայտնել է, որ ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իբր, ժամանել է Դոնի Ռոստով՝ հատուկ «Վագներ»-ին ոչնչացնելու համար և փախել այնտեղից՝ իրեն բացատրություններ չտալու համար։

Պրիգոժինին աջակցել է Ուկրաինայի կողմից կռվող ռուսական կամավորական կորպուսի հրամանատար Դենիս Նիկիտինը (Կապուստին):

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները՝ ռուս զինվորականների կողմից Վագներ-ի թիկունքին հարվածելու մասին իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Պրիգոժինի և ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին։ «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Հատուկ ծառայությունը գործարարին հորդորել է դադարեցնել անօրինական գործողությունները։ Ավելի ուշ, ԱԴԾ-ն կոչ է արել Վագների զինյալներին չկատարել Պրիգոժինի հրամանները և բերման ենթարկել նրան:

Ուրբաթ առավոտյան հրապարակվեց Եվգենի Պրիգոժինի երկար հարցազրույցը, որում նա քննադատում էր ոչ միայն Սերգեյ Շոյգուին, այլև Ուկրաինայում պատերազմ սկսելու գաղափարը։ Նրա կարծիքով՝ պատերազմը դրա հրահրողներին պետք էր «միայն PR-ի համար»։

Եվգենի Պրիգոժինի և ՌԴ ՊՆ-ի միջև բացահայտ հակամարտությունը մի քանի ամիս է տևում։ Բախմուտի համար մղվող մարտերի ֆոնին Պրիգոժինը բազմիցս հրապարակել է տեսանյութեր՝ սուր քննադատության ենթարկելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Պրիգոժինը նրանց մեղադրեց զինամթերքի պակասի, «ռուսական հողի» հանձնման մեջ և խոստացավ, որ կզբաղվի նրանցով այնքան ժամանակ, մինչև «հատուցումը չհասնի նրանց»։ Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում նման հայտարարությունները։

Արևմտյան առաջատար լրատվամիջոցները նույնպես այժմ ստուգում են այս տվյալները։

This item is part of
XS
SM
MD
LG