Մատչելի հղումներ

Բայդենը պատրաստվում է Սպիտակ տանը հյուրընկալել Մոդիին


Սպիտակ տունը պատրաստվում է հյուրընկալել Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մոդիին: Օրակարգում ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր են` Չինաստանի հետ հարաբերությունները, պատերազմը Ուկրաինայում, երկկողմանի խնդիրներ. Սպիտակ տունը հույս ունի, որ Վաշինգտոնն ու Դելին առաջընթաց կգրանցեն այդ հարցերում։

Պետական այցով Միացյալ Նահանգներ ժամանած Մոդիին օդանավից հետո սպասում էր կարմիր գորգը։ Հնդկաստանի առաջնորդը այցելելու է Նյու Յորք ու Վաշինգտոն, ուր նրա պատվին ընդունելություններ են կազմակերպվելու Սպիտակ տանը և Կոնգրեսում:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի խոսքով, երկու երկրներն ընդհանուր խնդիրներ ունեն` անհանգստացած են Չինաստանի աճող ռազմական նկրտումներով. Չինաստանի հետ Հնդկաստանը սահմանային վեճեր է ունեցել:

«Այս հարաբերությունները դիտարկում ենք որպես եզակի կապ աշխարհի ամենահին և ամենամեծ ժողովրդավարությունների միջև՝ մեր քաղաքացիների բարգավաճմանը հասնելու հատուկ պարտավորությամբ, որ կարող են ապահովել մեր կառավարությունները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Բանակցությունների սեղանին Հնդկաստանի ամենահզոր մրցակցի՝ Չինաստանին, ուկրաինական պատերազմին, պաշտպանությանը, էներգետիկային և տիեզերական ոլորտներում ռազմավարական բնույթի տեխնոլոգիական գործընկերությանը վերաբերող հարցերն են։

Հնդկաստանի գծով վերլուծաբան Ռիկ Ռոսովի խոսքով, Մոդիի այցից առաջ Սպիտակ տան աշխատակիցների հետ իր զրույցները վկայում են, որ մեծ ակնկալիքներ կան. «Նրանց կարծիքով, գրանցել են շատ լուրջ և կոնկրետ արդյունքներ, որոնք երկու տերությունների հարաբերությունները կտեղափոխեն նոր մակարդակ: Օրակարգի բազմաթիվ հարցեր, իրոք, առնչվում են պաշտպանությանը, ինչպես նաև կարևոր ու զարգացող տեխնոլոգիաներին։ Ուստի, կարծում եմ, դրանք կլինեն այն երկու ոլորտները, որոնք, հավանաբար, տեղ կգտնեն հայտարարությունների մեծ մասում»։

Երկու երկրները, սակայն, տարբեր տեսակետներ ունեն առանցքային որոշ հարցերի շուրջ։

Օրիմակ, վարչապետ Մոդիի հրաժարվելը դատապարտել Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Այսօր Մոսկվան է նավթի և սպառազինության հիմնական աղբյուրը Հնդկաստանի համար:

«Բայդենի վարչակազմը պատրաստ է անտեսել այդ ամենը: Շատերն են ասում, որ Հնդկաստանը պետք է աջակցի ԱՄՆ-ին և նրա գործընկերներին` [Չինաստանի կողմից] Թայվան ներխուժելու դեպքում: [Մինչ այս] Հնդկաստանը խուսափել է [այդ հարցում] որևէ աջակցությունից, քանզի չի ցանկանում ներգրավվել [այդ խնդրում]։ Այսպիսով, կան ոլորտներ, որտեղ նրանք այլ մոտեցում ունեն։ Բայդենի վարչակազմը փորձել է որոշակիորեն նվազեցնել այդ տարբերությունները և հիմնականում կենտրոնանալ այն ոլորտների ուղղությամբ, որտեղ ունենք համաձայնություն կամ դիրքորոշումները համահունչ են»,- նշել է Ապարնա Փանդեն` Հադսոն հաստատությունից:

Գոյություն ունի նաև նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրը։ Միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» կազմակերպության ներկայացմամբ, նախորդ տարիներին քաղաքացիական և քաղաքական իրավունքների նկատմամբ Մոդիի մոտեցումները «զգալիորեն վատթարացել են»: Ըստ Սպիտակ տան, մարդու իրավունքները միշտ դիվանագիտական քննարկումների մաս են կազմում, բայց արդյո՞ք այժմ Բայդենը կքննարկի այս թեման:

«Կարծում եմ, օրվա ավարտին մասնավոր զրույցներում` կուլիսների հետևում նախագահը կխոսի այդ մասին։ Չեմ կարծում, որ հարցը կհասնի վիճաբանության, քանի որ կողմերի ցանկությունն է պահպանել հարաբերություններին դրական ընթացքը: Կարծում եմ, հարցը կքննարկվի մասնավոր կարգով: Այստեղ նույնպես որոշ նրբություններ կան»,- ասել է Ռոսովը:

Հինգշաբթի Բայդենը պաշտոնական ճաշկերույթ է տալու ի պատիվ Մոդիի։ Հնդկաստանի վարչապետը բուսակեր է, ուստի Սպիտակ տունը հրավիրել է հայտնի մի խոհարարի, ով մասնագիտացած է բուսական ուտեստների պատրաստման գործում:

XS
SM
MD
LG