Մատչելի հղումներ

Բայդենը ու հանրապետականները համաձայնության չեն եկել պետպարտքի վերին շեմի շուրջ


Այդուհանդերձ, Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո երկու կողմն էլ հայտարարել են, որ «լավատես են», չնայած ԱՄՆ Ֆիանսների նախարարության նախազգուշացմանը՝ վերահաս դեֆոլտի մասին, որը հնարավոր է արդեն հունիսի 1-ին։

Նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթին երկուշաբթի հանդիպել են Սպիտակ տանը՝ քննարկելու ԱՄՆ կառավարության պարտքի վերին շեմի բարձրացումը և դեֆոլտի կանխումը, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:

Մինչ հանդիպումը Բայդենն ասել էր, որ «լավատես է», և որ կարող է որոշակի առաջընթաց արձանագրվել: Նախագահի խոսքով, կողմերը երկկողմանի համաձայնության կարիք ունեն՝ բացատրելու իրենց ընտրողներին զիջումների բնույթը:

Բայդենը խոսել է բյուջետային ծախսերի կրճատման շուրջ հանրապետականների հետ գոյություն ունեցող հիմնական տարաձայնությունների մասին․ «Ահա, թե որտեղ է հակասությունը. կարծում եմ, որ պետք է նայենք հարկային բացերին և համոզվենք, որ հարուստները վճարում են իրենց արդար բաժինը [հարկերը]»: Նա կրկնել է, որ դեմ է հարկային բեռի ավցելացմանը տարեկան 400 հազար դոլարից պակաս վաստակող ամերիկացիների համար:

Սպիտակ տան հայտնի՝ Օվալաձև գրասենյակում մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո, Քևին Մաքքարթին լրագրողներին ասել է, որ «արդյունավետ քննարկում է եղել: Բայց պայմանավորվածություն դեռ չունենք»։ Հանրապետական գործիչը նշել է, որ բանակցությունները շարունակվում են և ավելացրել. «Հավատում եմ, որ դեռ կարող ենք համաձայնության գալ»:

Մինչև հունիսի 1-ը հաշված օրեր են մնացել, որպեսզի Բայդենի վարչակազմը և Ներկայացուցիչների տան հանրապետականները համաձայնության գան։

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը երկուշաբթի մեկ այլ պաշտոնական նամակ է հղել Կոնգրեսի հանրապետականներին՝ նշելով, որ փոխզիջման համար շատ քիչ ժամանակ է մնացել և որ հնարավոր դեֆոլտի ամենավաղ ամսաթիվը հունիսի 1-ն է՝ եզրափակելով, թե «շատ հավանական է», որ գանձապետարանն այլևս չկարողանա սպասարկել պետական բոլոր պարտավորությունները, եթե պետպարտքի վերին շեմը չբարձրացվի։

«Պետպարտքի վերին շեմի բարձրացման շուրջ անցյալում ծագած ճգնաժամերից գիտենք, որ մինչև վերջին պահը առկա սպասումները՝ պարտքի սահմանաչափը անփոփոխ թողնելու կամ ավելացնելու շուրջ, կարող են լրջորեն վնասել բիզնեսին ու սպառողների վստահությանը, հարկատուների համար բարձրացնել կարճաժամկետ փոխառության գինը և բացասաբար ազդել Միացյալ Նահանգների վարկանիշի վրա»,- ասված է ԱՄՆ գանձապետարանի ղեկավարի նամակում։

ԱՄՆ պետպարտքի սահմանաչափի բարձրացման ցանկացած գործարք պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից։ Հետևաբար, անհրաժեշտ է երկու կուսակցությունների աջակցությունը:

Եթե Բայդենը և Ներկայացուցիչների տան հանրապետականները համաձայնության գան, օրինագիծը Կոնգրեսով անցկացնելու համար մի քանի օր կպահանջվի։

Պետպարտքի վերին շեմի բարձրացման դիմաց հանրապետականները ցանկանում են լրջորեն կրճատել ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների օժանդակության համար ԱՄՆ պետբյուջեում առկա ծախսերը։ Հանրապետականների պահանջներից է, որ պետական օգնության որոշ ծրագրերի դիմորդներն աշխատեն։

Դեմոկրատները ցանկանում են պետբյուջեի ծախսերը պահել այս տարվա մակարդակին, մինչդեռ հանրապետականները պահանջում են վերադառնալ 2022 թվականի մակարդակին:

Նախագահ Բայդենը, ով տնտեսությունը դարձրել է իր վարչակազմի քաղաքականության առանցքային ուղղությունը և ձգտում է վերընտրվել 2024 թվականին, հայտարարել է, որ կքննարկի ծախսերի կրճատումը՝ հարկերի ճշգրտման հետ մեկտեղ: Հանրապետականները հայտարարում են, որ նման մոտցեումն «անընդունելի է»։

Մեծամասամբ հանրապետականներից կազմված Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ապրիլի 26-ին ընդունեց պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծ։ Այն ներառում է դրույթներ՝ սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված բժշկական ապահովագրության կտրուկ կրճատման, արևային էներգիայից օգտվելու համար հարկային արտոնությունների նվազեցման մասին․ նախատեսվում է կրճատել պետական ընդհանուր ծախսերը 4,5 տրիլիոն դոլարով կամ շուրջ 22%-ով՝ ԱՄՆ պետպարտքի սահմանաչափը 1,5 տրիլիոն դոլարով ավելացնելու դիմաց։

Բացառվում է, որ օրինագիծը հավանության արժանանա դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում: Սպիտակ տունն անգամ հայտարարել է, որ նախագահ Բայդենը վետո կդնի, եթե այն ընդունվի:

XS
SM
MD
LG