Մատչելի հղումներ

Պակիստանում իրադրությունը քաոսային է. ձերբակալվել է նախկին վարչապետ Իմրան Խանը


Պակիստանի իշխանությունները երեքշաբթի մայրաքաղաք Իսլամաբադի դատարաններից մեկի մոտ ձերբակալել են նախկին վարչապետ Իմրան Խանին, որը գլխավորում է երկրի ամենամեծ քաղաքական կուսակցությունը:

70-ամյա գործիչը ձերբակալվել է, երբ պատրաստվում էր մասնակցել իր դեմ առաջադրված տասնյակ մեղադրանքների վերաբերյալ լսումներին` ենթադրյալ ահաբեկչությունից ու կոռուպցիայից մինչև դավաճանություն և այլ քրեական հանցագործություններ:

Խանի փաստաբանները պնդում են, որ ձերբակալությունից առաջ իրենց պաշտպանյալը ենթարկվել է հարձակման զինված խմբի կողմից։ Խանի կուսակցությունը դատապարտել է իրենց առաջնորդի ձերբակալությունը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռանա Սանաուլլահը հաստատել է Խանի ձերբակալությունը՝ հերքելով ֆիզիկական ուժ կիրառելու մեղադրանքը, նաև տեղի լրատվամիջոցներին որոշ մանրամասներ փոխանցելով ընդդիմադիր գործչի նկատմամբ հարուցված կոռուպցիոն գործի մասին։

Ձերբակալվել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը. երկրում իրադրությունը քաոսային է
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Խանի ձերբակալությունը հանգեցրել է բողոքի ցույցերի․ ընդդիամդիր գործչի կողմնակիցներն Իսլամաբադում և երկրի այլ շրջաններում անմիջապես փողոց են դուրս եկել՝ բողոքելով ձերբակալության դեմ: Մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, ձերբակալել մի քանի տասնյակ հոգու։ Ըստ որոշ լուրերի, տեղի են ունեցել բախումներ, որոնց ժամանակ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ:

Խանի մեծաթիվ կողմնակիցներ հավաքվել էին Ռավալպինդիում գտնվող զինված ուժերի շտաբի մոտ՝ բանակի դեմ կարգախոսներ վանկարկելով, ինչն աննախադեպ է Պակիստանի նորագույն պատմության ընթացքում:

Միևնույն ժամանակ, Լահորի նահանգային իշխանությունները զինված խմբեր են տեղակայել՝ օգնելու ոստիկանությանը վերահսկել իրավիճակը այն բանից հետո, երբ այնտեղ ցուցարարները հարձակվել են տեղի ռազմական կորպուսի հրամանատարի նստավայրի վրա:

Վաշինգտոնում գործող Քուինսի ինստիտուտի վերլուծաբան Ադամ Վայնշտեյնի կարծիքով, Իմրան Խանի ձերբակալությունն էլ ավելի կլարի քաղաքական իրավիճակը երկրում, որը լուրջ տնտեսական խնդիրների առջև է:

«Այն կսրի բանակի և Պակիստանի իշխող՝ Ժողովրդավարական շարժման նկատմամբ բացասական վերաբերմունքը և փողոցներում քաոս կառաջացնի: Բայց սա նաև հարվածում է Խանին»,- գրել է Վայնշտեյնը Twitter-ում։

Ձերբակալությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Խանը նոր մանրամասներ հայտնեց, թե Պակիստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալներից մեկը ծրագրում է սպանել իրեն:

Հիշեցնենք, Խանը վիրավորվել էր անցած նոյեմբերին՝ իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձի հետևանքով, երբ առաջնորդում էր հակակառավարական բողոքի երթը Պակիստանի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Փենջաբի վարչական կենտրոն Լահորի մոտ: Հարձակման հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ինքը՝ Իմրան Խանը ոտքերին հրազենային վնասվածքներ էր ստացել։

Ընդդիմադիր գործիչը մեղադրել է գեներալ Ֆեյսալ Նասիրին՝ մահափորձի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ, այնինչ իշխանությունները հայտարարել են, թե մահափորձը միայնակ զինված անձի ձեռքի գործն էր, ով այժմ կալանքի տակ է և խոստովանել է լրատվամիջոցների առջև:

Նախկին վարչապետ Խանը պաշտոնանկ արվեց 2022 թվականի ապրիլին՝ չստանալով խորհրդարանի վստահության քվեն, ինչը, ըստ ընդդիամդիր գործչի, անօրինական էր ու կազմակերպված Պակիստանի բանակի պաշտոնաթող գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի կողմից:

Պակիստանն այսօր տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամի մեջ է: Խանի գլխավորած PTI կուսակցույունը ճնշում է գործադրում վարչապետ Շարիֆի կոալիցիոն կառավարության վրա՝ պահանջելով անցկացնել վաղաժամկետ ընտրություններ:

Այդ երկրում զինվորականների ուղղակի և անուղղակի քաղաքական միջամտություններն երկար պատմություն ունեն: Քաղաքական կուսակցություններն ու անկախ վերլուծաբանները մեղադրում են բանակին՝ երկրի ժողովրդավարության հիմքերը խարխլելու մեջ: Գեներալները մի քանի հեղաշրջումներ են իրականացրել և դավաճանության ու շինծու այլ մեղադրանքներով ձերբակալել տարբեր պետական գործիչների:

ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Մալեհա Լոդհին, պատասխանելով Խանի ձերբակալության վերբերյալ հարցին՝ երկրում ստեղծված ներկայիս ճգնաժամը աննախադեպ է որակել՝ Twitter-ում նշելով, թե այս ամենը հանգեցնելու է քաղաքական քաոսի ու տնտեսական ավելի մեծ անկման:

Այս առիթով նախնական մեկնաբանություն է տրամադրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով նշել է, որ Վաշինգտոնը հետևում է Պակիստանում ընթացող զարգացումներին: Մենք պարզապես ցանկանում ենք համոզված լինել, որ այն ինչ տեղի է ունենում Պակիստանում չի խախտում երկրում օրենքի գերակայության սկզբունքն ու Սահմանադրությունը, ասել է ԱՄՆ պետքարտուղարը ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցին այս կապակցությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։

XS
SM
MD
LG