Մատչելի հղումներ

G7-ը դիտարկում է դեպի Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը


«Մեծ յոթնյակի» գյուղատնտեսության նախարարները կոչ են անում «երկարաձգել, լիարժեք իրականացնել և ընդլայնել» Սևծովյան հացահատիկի գործարքը

Ճապոնիայի Միյաձակիում երկօրյա հանդիպման ավարտին G7-ի գյուղատնտեսության նախարարները կիրակի օրը կոչ են արել «երկարաձգել, լիարժեք իրականացնել և ընդլայնել Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը»: Դա տեղի է ունենում G7-ի կոմղից արտահանումը դեպի Ռուսաստան ամբողջությամբ արգելելու մասին քննարկումների պայմաններում:

Ավելի վաղ այս ծրագրերի մասին հայտնել էր ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս սպառնացել է դուրս գալ հացահատիկի գործարքից, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, քանի որ հացահատիկի և պարարտանյութի սեփական արտահանումը հեշտացնելու նրա պահանջների ցանկը չի կատարվել։

Գործարքը, որը թույլ է տալիս Ուկրաինային ավելի քան 27 մլն տոննա հացահատիկ արտահանել սևծովյան մի քանի նավահանգիստներից, կնքվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ անցյալ հուլիսին Ստամբուլում:

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստան արտահանման արգելքի դեպքում Մոսկվան պատրաստ է պատասխանել՝ խզելով հացահատիկի մասին համաձայնագիրը։

G7-ը քննարկում է պատժամիջոցների ռեժիմը փոխելու հնարավորությունը, որպեսզի բոլոր արտահանումները դեպի Ռուսաստան ավտոմատ կերպով արգելվեն, բացառությամբ որոշակի ապրանքների ցանկի։ Գործող համակարգով թույլատրվում է ապրանքներ վաճառել Ռուսաստանին, եթե դրանք ներառված չեն «սև ցուցակում»։

Հաղորդագրության մեջ G7-ի գյուղատնտեսության նախարարները «ընդգծեցին հացահատիկի գործարքի կարևորությունը»՝ ասելով. «Մենք վճռականորեն աջակցում ենք (Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն) համաձայնագրի երկարաձգմանը, ամբողջական իրականացմանը և ընդլայնմանը»:

«Մենք դատապարտում ենք սննդամթերքը որպես ապակայունացման միջոց և աշխարհաքաղաքական պարտադրանքի գործիք օգտագործելու Ռուսաստանի փորձերը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ գործելու համերաշխ և աջակցելու Ռուսաստանի կողմից սննդային զենքի օգտագործումից առավել տուժածներին», - ասվում է կոմյունիկեի մեջ:

«Մեծ յոթնյակի» անդամները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի ականազերծման և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում փորձաքննություն տրամադրելու միջոցով, ընդգծվում է փաստաթղթում։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG