Մատչելի հղումներ

Ամերիկյան ընկերությունները Չինաստանում ավելի շատ սահմանափակումների են հանդիպում, քան չինականները՝ ԱՄՆ-ում. խոսե՛նք փաստերով


Հայտնի մեկնաբան և չինական «Global Times» թերթի նախկին ղեկավար Հու Սիջինը ենթադրություններ հնչեցրեց, որ Չինաստանն ավելի բաց բիզնես միջավայր ունի ամերիկյան ընկերությունների համար, քան ԱՄՆ-ը:

«Այն օրը, երբ ԱՄՆ-ում հարցաքննվում էր TikTok-ի գործադիր տնօրենը, Apple-ի գործադիր տնօրենը ջերմ ընդունելության արժանացավ Պեկինում Apple-ի առաջատար խանութներից մեկում», - ասել է նա մարտի 27-ին թվիթերում:

«Տարբեր երկրներ, տարբեր մտքի թռիչք», գրել է նա:

Դա ապակողմնորոշող հայտարարություն է։

Մարտի 23-ին TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն Կոնգրեսի լսումների ժամանակ առերեսվեց շուրջ հինգ ժամ հարցաքննության, որի ժամանակ ամերիկացի օրենսդիրները մտահոգություն հայտնեցին, որ կարճ տեսանյութերի հայտնի հարթակը վտանգ է ներկայացնում անձնական տվյալների և ազգային անվտանգության համար:

Այդ մտահոգությունների առանցքը TikTok-ի կապն էր իր չինական Bytedance ընկերության հետ, որը կարող էր հարկադրված լինել Չինաստանի կառավարության հետ կիսվել տեղեկություններով՝ համաձայն Չինաստանի Ազգային անվտանգության օրենքի:

Բայդենի վարչակազմը դրդում է TikTok-ին փոխել չինական սեփականատիրոջը, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է արգելքներ կիրառել: Պեկինն ասում է, որ «վճռականորեն դեմ է» որևէ զիջումներին, մինչդեռ Չուն պնդում է, որ Bytedance-ը, որպես մասնավոր ընկերություն, պատկանում է իր բաժնետերերին և խորհրդին, այլ ոչ թե Չինաստանի կառավարությանը:

Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը Twitter-ի նման չինական Weibo հարթակում հրապարակել է լուսանկար, ուր նա ողջունում է աշխատակիցներին և հաճախորդներին Պեկինի Apple խանութում: Նա ՉԺՀ-ի մայրաքաղաք էր ժամանել՝ մասնակցելու Չինաստանի կառավարության կողմից կազմակերպված Չինաստանի զարգացման ֆորումին:

Հուի մեկնաբանության նման, չինական պետական լրատվամիջոցները օգտվեցին այս երկու իրադարձությունների միջև ակնհայտ հակադրությունից՝ ապակողմնորոշելով հանրությանը ենթադրությամբ, որ Չինաստանն ավելի բաց և ազատ միջավայր է ապահովում ամերիկյան ընկերությունների համար, քան ԱՄՆ-ը՝ չինականի։

«Սա ցույց է տալիս, որ Չինաստանն է իրականում իրականացնում արդար և ազատ առևտուր», - մեջբերում է Global Times-ը:

Նախ, զավեշտալի է, որ Հուի և ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած բազմաթիվ այլ մեկնաբանություններ, որոնք արտահայտում են Պեկինի դիրքորոշումները, արվել են ամերիկյան Twitter հարթակի միջոցով, որը Չինաստանում արգելված է 2009 թվականից:

Twitter-ը սակայն միայնակ չէ. ամերիկյան այլ բարձրակարգ ինտերնետային ընկերություններ կամ ծառայություններ ևս արգելափակված են Չինաստանում, որոնց թվում են Google, YouTube, Facebook, Instagram, Wikipedia, Gmail, Yahoo, Snapchat, Signal, Pinterest, Quora, Vimeo, Reddit, WhatsApp, Messenger, Dropbox, Microsoft OneDrive, Slack, Blogspot, Blogger, Medium և SoundCloud հարթակները:

Ինտերնետային ընկերությունների հետ մեկտեղ Չինաստանն արգելափակել է ամերիկյան բազմաթիվ խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times-ը, The Washington Post-ը, The Wall Street Journal-ը, Bloomberg-ը, TIME-ը, NBC-ն և Ամերիկայի ձայնը և նրա քույր լրատվամիջոցները:

Նրանք բոլորն էլ փակվեցին տխրահռչակ «Հզոր միջցանցային էկրանի» (The Great Firewall) կողմից: Այն Չինաստանի կառավարության ստեղծած համակարգն է, որն արգելափակում է արտասահմանյան կայքերը և Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) համար անբարենպաստ տեղեկատվությունը:

Օրինակ, YouTube-ն արգելափակվեց 2009 թվականի մարտին այն բանից հետո, երբ Պեկինը մեղադրեց, որ YouTube-ում տեղադրված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են չինական անվտանգության ուժերը դաժանորեն ծեծում տիբեթցի ցուցարարներին 2008 թվականի տիբեթյան անկարգությունների ժամանակ, «կեղծ» են։

2009 թվականի հուլիսի 5-ին Չինաստանի Սինցզյան քաղաքում, Ուրումչիում, ույղուրների ելույթները ճնշելուց հետո արգելվեց Facebook-ը և Twitter-ը՝ էթնիկ իրավունքների պաշտպանների նկատմամբ ճնշումներ կիրառելու:

Չինաստանը արգելափակեց Instagram-ը 2014 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Հոնկոնգի զանգվածային դեմոկրատական ցույցերի պատկերները, որոնք հայտնի են որպես Հովանոցային շարժում, հեղեղեցին հարթակը:

Չինաստանը արգելափակել է Meta-ի WhatsApp հեռահաղորդակցման ծառայությունը 2017 թվականի սեպտեմբերին՝ ՉԿԿ ամենաբարձր մարմնի՝ կուսակցության համագումարից առաջ, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ կուսակցության ղեկավարության ընտրության համար:

The Great Firewall միջցանցային պաշտպանության միջոցը ստեղծվել է 1998 թվականին ուշարունակաբար կատարելագործել իր գրաքննության տեխնիկան: Նախագահ Սի Ցզինպինի օրոք Չինաստանում ինտերնետի սահմանափակումներն ավելի են խստացել: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Չինաստանը գնահատել է որպես 2022 թվականին ամենաքիչ առցանց ազատություն ունեցող 70 երկրների շարքում, որոնք մշտադիտարկման ներքո են:

Չինաստանում որոշ մարդիկ մուտք են գործում արգելափակված կայքեր ու հարթակներ՝ օգտագործելով վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN), որոնք կապի ալիքներ են տրամադրում երկրից դուրս սերվերներին:

2017 թվականին Պեկինն արգելեց մշակել, տրամադրել և օգտագործել VPN-ներ, որոնք հաստատված չեն պետական կարգավորիչների կողմից, ինչը դրդեց Apple-ի վիճահարույց որոշումը հեռացնել VPN հավելվածներն իր Չինաստանի հավելվածների խանութից: Չինաստանում 2021 թվականի օրենքն ավելի համապարփակ ճնշում է սահմանել VPN-ների նկատմամբ՝ նույնիսկ ավելի խիստ պատիժներով:

«Դա հետ է պահում ցանկացած օտարերկրյա VPN ընկերության՝ Չինաստանում իր բիզնեսը գրանցելու և այստեղ գործելու համար», - 2021 թվականին Protocol լրատվական կայքին ասել է Բենջամին Իսմայիլը, ազատ խոսքի քարոզարշավի GreatFire խմբից:

Ավելին, ընդհանուր առմամբ ամերիկյան ընկերությունները Չինաստանում ավելի շատ սահմանափակումներ են հանդիպում, քան չինական ընկերությունները՝ ԱՄՆ-ում:

Չինական ընթացակարգերի համաձայն՝ օտարերկրյա ներդրողները սովորաբար պետք է համագործակցեն և համատեղ ձեռնարկություն ստեղծեն տեղական ընկերության հետ՝ Չինաստանում բիզնես անելու համար: Բացի այդ, շատ արտասահմանյան ընկերություններ նույնպես ստիպված են փոխանցել իրենց հիմնական տեխնոլոգիաները՝ չինական շուկա մուտք գործելու համար։ Չինաստանում օտարերկրյա բիզնեսները բախվում են տեղական ներդրումների շատ ավելի շատ սահմանափակումների հետ, քան չինական ընկերությունները՝ ԱՄՆ-ում:

Հոդվածը պատրաստվել է լրագրող Լեգու Ժանգի հեղինակությամբ POLYGRAPH.info նյութի հիման վրա

XS
SM
MD
LG