Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բանակը և Ուկրաինայում պատերազմի դասերը


Ամեն քառասուն տարին մեկ ԱՄՆ-ի բանակը արդիականացման շրջան է անցնում: Այդպես էր մինչև Երկրորդ աշխարհամարտը, այդպես էր 80-ականների վերջին, այդպես է այսօր՝ 21-րդ դարի 20-ական թվականներին: Այս մասին է ասում Իրաքում և Աֆղանստանում լայնածավալ գործողություններ ղեկավարած ամերիկացի գեներալ Ջեյմս ՄաքՔոնվիլը:

Գեներալի խոսքով, վերջին տարիներին, սակայն, բանակում մարդկային համալրումը լավագույն գործընթացներ չի արձանագրել։ Սա մասամբ կապված է նաեւ քաղաքական իրադարձությունների հետ: ‘’Իսկ բանակը «պետք է լինի «անկուսակցական’’, ասում է նա:

Բացի այդ, բանակի թվակազմի աճը դադարեցվել է Իրաքում և Աֆղանստանում առաքելությունների կրճատման հետևանքով, և մինչ այժմ այն կազմում է մոտ մեկ միլիոն մարդ՝ չհաշված քաղաքացիական անձնակազմը։ Նրա խոսքերով, այդ պատճառով կարեւոր է ոգեշնչել երիտասարդներին ծառայելու, եթե ոչ բանակում, գոնե` բանակին կից ծառայություններում:

Չնայած կրտսեր սպաների հետ կապված ժամանակավոր խնդիրներին, գեներալ ՄաքՔոնվիլը կարևոր է համարում «նորակոչիկների որակի» բարձրացումը:

ԱՄՆ-ի ժամանակակից բանակի կադրային քաղաքականության առանցքային որոշումների թվում ՄաքՔոնվիլը նշում է «տաղանդների կառավարումը»։ Գեներալը բերում է իր օրինակը, երբ մինչ ծառայության անցնելը, աշխատել է շինարարական մի ընկերությունում, եւ, իր մեջ հայտնաբերելով ռազմական կայանքների նախագծողի տաղանդը, ավելի ուշ ընտրել է կարիերա հենց բանակում:

Ավելի քան քառասուն տարվա ծառայության փորձ ունեցող գեներալը բարձր է գնահատում Ուկրաինայի զինված ուժերի պատրաստությունն ու իրականացրած գործողությունները:

‘’Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ անհրաժեշտ է կրկին պատրաստվել համակցված սպառազինության գործողությունների, ինչը նշանակում է ոչ միայն ցամաքային մարտեր, այլ նաև մրցակցություն օդում` անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, ռազմածովային գործողություններ, մարտեր տիեզերքում և կիբերտարածությունում’’, ասում է նա։

Խոսելով տեխնիկական արդիականացման ուղիների մասին՝ նա նշում է, որ «տեխնոլոգիան փոխել է պահանջները»։

‘’Ինչպես սմարթֆոնը փոխել է հաղորդակցությունն աշխարհում, այնպես էլ բանակին անհրաժեշտ են հեղափոխական լուծումներ, որոնք փոխում են զինվորի և սպայի հնարավորությունները’’, - բացատրում է Ջեյմս ՄաքՔոնվիլը:

Օրինակ, այսօր բանակին անհրաժեշտ են ‘’ոչ միայն գիշերային տեսողության սարքեր, այլ նաեւ օբյեկտների պատկերները մեծացնելու ինտեգրված համակարգ, որը թույլ է տալիս կառավարել վիդեո պատկերը հրամանատարական կետի նախագծման էկրանին’’:

Ընդլայնվել է գործողությունների պոտենցիալ բեմահարթակը: ‘’Երեք-չորս տարի առաջ շատերը կարծում էին, որ Եվրոպայում աներեւեակայելի է ցանկացած տեսակի հակամարտություն, սակայն այսօր արդեն մտածում ենք Արկտիկայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին’’, ասում է նա:

Գեներալի խոսքով, անհրաժեշտ է ավելի շատ ստորաբաժանումներ ունենալ, որոնք կարող են արագ «տեղափոխվել» պատերազմի վտանգ ներկայացնող ցանկացած վայր, ինչպես օրինակ Ուկրաինա, կամ Թայվան, որտեղ ամերիկյան զինված ուժերը պետք է հենվեն ոչ այնքան թվաքանակի, որքան ‘’ժամանակակից սպառազինությունների, հակահարձակման համար հետախուզման և պլանավորման հնարավորությունների և նյութատեխնիկական միջոցների վրա’’: Գլխավոր պայմաններից մեկն էլ այն է, որ աշխարհի այդ հատվածներում ԱՄՆ-ի բանակն ունենա հուսալի և հավատարիմ դաշնակիցներ։

XS
SM
MD
LG