Մատչելի հղումներ

Իրանի գերագույն առաջնորդը կասկածելի թունավորումներն անվանել է «աններելի հանցագործություն» 


Այաթոլլահ Ալի Խամենեի
Այաթոլլահ Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը կանանց դպրոցներում կասկածելի թունավորումների շարքը որակել է որպես «աններելի հանցագործություն»:

Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ եթե իշխանությունները պարզեն, որ դրանք եղել են դիտավորյալ թունավորումներ, «հանցագործության հետևում կանգնածները կդատապարտվեն մահապատժի, և նրանց նկատմամբ համաներում չի լինի», հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

Սա առաջին անգամն էր, որ Խամենեին հրապարակավ խոսում է հարյուրավոր երեխաների ենթադրյալ թունավորումների մասին, ինչն Իրանում հասարակական զայրույթի ալիք են բարձրացրել:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անցյալ շաբաթ հրամայեց հետաքննել նոյեմբեր ամսից ավելի քան 50 դպրոցներում աշակերտուհիների թունավորման դեպքերը:

Հիվանդությունները տարածվել են Իրանի 30 նահանգներից առնվազն 21-ում։

Վաշինգտոնում Սպիտակ տան մամլո քարտուղար Քարին Ժան-Պիերը երկուշաբթի ասաց. «Այն փաստը, որ Իրանում աղջիկները կարող են թունավորվել պարզապես կրթություն ստանալու ընթացքում, ամոթալի ու անընդունելի է»:

Նա կոչ է արել «վստահելի անկախ հետաքննություն» իրականացնել ենթադրյալ թունավորումների հարցում և նշել, որ նման հետաքննությունը կարող է ընկնել ՄԱԿ-ի իրավասության ներքո:

«Եթե այս թունավորումները կապված են բողոքի ցույցերին մասնակցության հետ, ապա դրա հետաքննումը Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ միջազգային փաստահավաք առաքելության մանդատի մեջ է», - ասաց նա:

Կասկածելի թունավորումները տեղի են ունեցել Իրանում ամիսներ շարունակվող բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին մի երիտասարդ կնոջ մահից հետո, որը ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից՝ իբր երկրի խիստ հագուստի կանոնները խախտելու համար:

Որոշ ակտիվիստներ, ովքեր ներգրավված են եղել բողոքի ցույցերին, իշխանություններին մեղադրել են թունավորումներ իրականացնելու մեջ՝ ցույցերին մասնակցած աշակերտուհիների հետ հաշվեհարդար տեսնելու համար։

Իրանի իշխանությունները ոչ մի մանրամասն չեն հայտնել ենթադրյալ թունավորումների կամ դրանց հետևում կանգնած անձանց մասին:

Պաշտոնյաները մեղադրել են երկրի անանուն «թշնամիներին» հարձակումներն օգտագործելու մեջ, որոնք միտված են խարխլելու Իրանի կառավարությունը:

Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ իշխանությունները ձերբակալել են Կում քաղաքում բնակվող լրագրող Ալի Փուրթաբաթաբային, ով պարբերաբար հաղորդում էր ենթադրյալ թունավորումների մասին:

Հոդվածը պատրաստվել է The Associated Press, Reuters, Agence-France Presse գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG