Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Կենտրոնական Ասիա


Վաշինգտոնը շարունակում է հանձնառու լինել Ղազախստանում և Ուզբեկստանում բարեփոխումներ իրականացնելուն՝ ի բարօրություն այդ երկրների քաղաքացիների

Էնթոնի Բլինքենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ այս շաբաթ այցելեց Կենտրոնական Ասիա:

Նրա այցը տեղի է ունենում Բայդենի վարչակազմի՝ նախկին խորհրդային հինգ հանրապետությունների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարությունների պայմաններում: Կենտրոնական Ասիայի երկները սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կապեր են պահպանում Ռուսաստանի հետ:

Պետքարտուղար Բլինքենն այցելել է Ղազախստան՝ Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը, ուր առկա է ԱՄՆ ներդրումների ամենաբարձր մակարդակը, ինչպես նաև կայցելի Ուզբեկստան՝ տարածաշրջանի ամենաբնակեցված երկիրը:

Այս այցը հնարավորություն կտա կապ հաստատել և ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը Կենտրոնական Ասիայում` ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության պայմաններում:

Այնուամենայնիվ, ժողովրդավարության ջատագովները նաև կոչ են անում Վաշինգտոնին շեշտել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն այստեղ՝ պնդելով, որ հաշվետվողականությունը, թափանցիկությունը և օրենքի գերակայությունը կարևոր են տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգության և բարեկեցության համար:

Երեքշաբթի օրը Աստանայում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուհթար Թիլեյբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանի ինտեգրացման հետ կապված հարցեր: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդակցության՝ Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ղազախստանի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ղազախստանի ղեկավարության բարեփոխումների ծրագրերին:

Ղազախստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մի քանի հայտարարություններ է արել՝ ի պատասխան Չինաստանի կողմից Ռուսաստանին հնարավոր աջակության մասին հարցին: Պետքարտուղարն ընդգծել է, որ Չինաստանն այս պարագայում կառերեսվի լուրջ հետևանքների հետ:

«Մենք շատ հստակ զգուշացրել ենք Չինաստանին նման աջակցության տրամադրման հետևանքների մասին: Մենք չենք վարանի, օրինակ, թիրախավորել չինական ընկերությունները կամ անհատներին, որոնք խախտում են մեր պատժամիջոցները կամ այլ կերպ աջակցում են ռուսական պատերազմին։ Դրանից բացի, ես շատ ազդակ եմ տեսնում աշխարհի այն երկրներից, որոնց հետ մենք երկխոսում ենք վերջին տասը օրվա ընթացքում, որ դա ոչ միայն խնդրահարույց կլինի մեզ հետ Չինաստանի հարաբերություններում, այլ նաև լուրջ խնդիր կհանդիսանա Պեկինի հարաբերություններում աշխարհի տարբեր երկրների հետ»,- հայտարարել է Բլինքենը:

Նույն օրը պետքարտուղարը մասնակցեց C5+1 ձևաչափի հանդիպմանը, որին բացի ԱՄՆ պետքարտուղարից մասնակցեցին նաև Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները: Այս ձևաչափով հանդիպումները Վաշինգտոնի ու Կենտրոնական Ասիայի երկրների բարձրաստիճան դիվանագետների միջև մեկնարկել են 2015 թվականից՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով:

Բլինքենը Ղազախստանի մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է՝ ԱՄՆ քննարկում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ պատժամիջոցների հետևանքները:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք պատժամիջոցների իրականացմանը և անընդհատ քննարկում ենք մի շարք երկրների, այդ թվում՝ C5-ի մեր գործընկերների հետ... պատերազմի տնտեսական հետևանքները»,- ասել է նա։

Բլինքենի խոսքերով, Վաշինգտոնը լիցենզիաներ է տրամադրում ընկերություններին` ժամանակ տալով հարաբերությունները խզել ռուսական ընկերությունների հետ, որոնք հայտնվել են Արևմուտքի պատժամիջոցների տակ:

Բացի այդ, Բլինքենը Ղազախստանում երկկողմ բանակցություններ է վարել Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի Տաշկենտում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյեևի և այլ բարձրաստիճան ղեկավարների հետ:

XS
SM
MD
LG