Մատչելի հղումներ

Իրանը մահապատժի է ենթարկելու ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործչին


ԱՄՆ-ում գործող իրանական ընդդիմադիր խմբավորման բարձրաստիճան անդամը, որը Իրանի կողմից մեղադրվում է 2008 թվականին մզկիթի մահաբեր պայթյունը կազմակերպելու մեջ, երեքշաբթի օրը մահապատժի է դատապարտվել:

Ըստ Իրանի իշխանությունների, 67-ամյա ԱՄՆ քաղաքացի Ջամշիդ Շարմահդը խմբավորման զինված թևի առաջնորդն է, որը ջատագովում է 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ տապալված միապետության վերականգնումը:

Նրա ընտանիքը հայտարարել է, որ Շարմահդը պարզապես ընդդիմադիր խմբի խոսնակն է եղել և հերքել է, որ նա ներգրավված է որևէ հարձակումների մեջ: Նրանք մեղադրում են իրանական հետախուզությանը 2020 թվականին Դուբայից նրան առևանգելու մեջ։ Շարմահդի ծննդավայրը Կալիֆոռնիայի Գլենդորա քաղաքն է։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ մահապատժի դատավճիռը «բացարձակապես անընդունելի է» հավելելով, թե Շարմահդը ձերբակալվել է «խիստ կասկածելի հանգամանքներում»:

Մահվան դատավճիռը, որը դեռ կարող է բողոքարկվել, կայացել է Իրանում ամիսներ շարունակվող հակակառավարական ցույցերի և այլախոհության կատաղի ճնշումների ֆոնին: Իրանի արդարադատության պաշտոնական կայքում ասվում է, որ Շարմահդը դատապարտվել է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար: Նրան դատել են հեղափոխական դատարանում, որտեղ դատավարությունն ընթանում է փակ դռների ներքո: Այստեղ մեղադրյալները չեն կարողանում ընտրել իրենց պաշտպաններին կամ տեսնել իրենց դեմ ներկայացվող ապացույցները:

Իրանի իշխանությունները Շարմահդին մեղադրում են մի շարք հարձակումներ ծրագրելու մեջ, այդ թվում՝ 2008 թվականին Շիրազի Հոսեյնիե Սեյեդ ալ-Շոհադա մզկիթի ռմբակոծությունը, որի արդյունքում սպանվել էր 14 մարդ: Նա նաև մեղադրվել է ԱՄՆ-ի կողմից որպես հետախույզ աշխատելու և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի լրտեսության մեջ: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե Շարմահդի խումբը նաև կանգնած է 2010 թվականին Թեհրանում այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում:

Amnesty International-ի գերմանական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի փորձագետ Կատյա Մյուլեր-Ֆալբուշն հայտնել է, որ կազմակերպությունը խիստ «զարհուրված է» մահապատժի մասին նորությունից:

Նա հայտարարության մեջ հավելել է, որ դատավարությունը «ցուցադրական» էր, և որ «Իրանը (Շարմահդին) զրկել է բազմաթիվ իրավունքներից՝ ներառյալ փաստաբանի ազատ ընտրությունը»:

Արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ Իրանը հետախուզական գործողություններ է իրականացնում Դուբայում և հետևում է հարյուր հազարավոր իրանցիներին, որոնք ապրում են Արաբական Միացյալ Էմիրությունների կոսմոպոլիտ քաղաքում: Իրանը կասկածվում է 2013 թվականին Դուբայում բրիտանա-իրանցի Աբբաս Յազդիի առևանգման և այնուհետև սպանության մեջ: Թեհրանը հերքում է առևանգման մասին լուրերը:

Իրանի իշխանությունները նշում են, որ ավելի քան հինգ ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի արդյունքում արդեն մահապատժի է ենթարկվել չորս տղամարդ, ովքեր մեղադրվում են ցույցերի հետ կապված բռնության մեջ: Ակտիվիստներն ասում են, որ մահապատժի ենթարկվածների թիվը 16 է:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի կենտրոնական խմբագրության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG