Մատչելի հղումներ

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Նավալնիի դատավճռի տարեդարձի կապակցությամբ


Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ալեքսեյ Նավալնիի բանտարկության երկրորդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ դատապարտել է Ռուսաստանի իշխանություններին այն բռնությունների և խոշտանգումների համար, որոնց ենթարկվում է ընդդիմադիրը կալանքի տակ։

Բորելի խոսքով՝ Ռուսաստանը «պատասխանատու է Նավալնիի անվտանգության և առողջության համար», որը «բանտախցից խիզախորեն շարունակում է արտահայտվել խոսքի ազատության և անկախ լրատվամիջոցների ճնշման դեմ»։

Եվրամիության ներկայացուցիչը նաև նշել է, որ «Ռուսաստանի անհիմն, չհրահրված և անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է արդեն տասներկուերորդ ամիսը, միայն մեծացրել է ներքին բռնաճնշումները և համակարգված հալածանքները Կրեմլի և քաղաքացիական հասարակության ամենաակտիվ քննադատների նկատմամբ»:

2021 թվականի փետրվարի 2-ին ռուսական դատարանը, այսպես կոչված, Իվ Ռոշեի գործով Ալեքսեյ Նավալնիին պայմանական ժամկետի փոխարեն իրական ազատազրկման է դատապարտել։ Ավելի ուշ ընդդիմադիրին տեղափոխել են Վլադիմիրի թիվ 6 գաղութ, որտեղ նա այժմ գտնվում է։ Արդեն գաղութում Նավալնին լրացուցիչ դատապարտվել է խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործերով։

Վերջերս Նավալնին գործնականում չի լքում պատժախուցը, որտեղ նրան ուղարկում են հեռուն գնացող պատճառներով կամ աննշան խախտումներով, օրինակ՝ այն պատճառով, որ նա ժամանակին չի լվացել դեմքը կամ շապիկի կոճակը չի ամրացրել կանոնադրության համաձայն։ Վեց ամիս շարունակ ընդդիմադիրն ավելի քան 100 օր անցկացրել է ՇԻԶՈ-ում, ինչը հանգեցրել է նրա առողջության կտրուկ վատթարացմանը։

Այս պահին Նավալնիի նկատմամբ քննվում է եւս մի քանի քրեական գործ։ Մասնավորապես, նա մեղադրվում է ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ։ Ելնելով մեղադրանքների ամբողջությունից՝ քաղաքական գործիչը կարող է բանտում անցկացնել մոտ 30 տարի։

Սույն հոդվածը կազմվել է "Ազատություն" Ռադիոկայանի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG