Մատչելի հղումներ

Ղազախստանի նախագահը արձակեց երկրի խորհրդարանը և ընտրություններ նշանակեց


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով ցրել է Մեջիլիսը (խորհրդարանի ստորին պալատը) և նշանակել պատգամավորների արտահերթ ընտրություններ 2023 թվականի մարտի 19-ին։ Նախատեսվում էր, որ Ղազախստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականին։ Տարածաշրջանային մասլիխաթները նույնպես լուծարվել են։

Ղազախստանի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, որին աջակցել են երկրի քաղաքացիները 2022 թվականի հունիսի 5-ին կայացած հանրաքվեի ժամանակ։

Այժմ Մեջիլիսի պատգամավորների 70%-ը կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։ Խառը ընտրակարգով 50-ից 50 հարաբերակցությամբ կանցկացվեն մարզերի մասլիխաթների և խոշորների ընտրություններ։ Իսկ մարզային նշանակության շրջանների և քաղաքների մասլիխաթների ընտրություններում քաղաքացիները կքվեարկեն միայն միամանդատ ընտրատարածքների թեկնածուների օգտին, ասել է Տոկաևը։

Տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների օրը կորոշի Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է բարեփոխել երկրի սահմանադրությունը անցյալ տարվա հունվարին զանգվածային բողոքի ցույցերը ճնշելուց հետո: Դրանք սկսվել են հունվարի 2-ից՝ սկզբում վառելիքի էժանացման պահանջով: Հետագայում դրանց ավելացան քաղաքական պահանջներ։ Հանրաճանաչ կարգախոսն էր՝ «Շալ, կե՛տ» («Ծերո՛ւկ, հեռացի՛ր»)՝ Նազարբաևի իշխանությունից հեռանալու պահանջ: Մի շարք քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում բողոքի ցույցերի ընթացքում սկսվեցին անկարգություններ և զենքի կիրառմամբ ջարդեր։ Տոկաևի խնդրանքով երկիր մտցվեցին Ռուսաստանի և նրա դաշնակիցների զորքերը։ Պաշտոնական տվյալներով՝ հունվարյան իրադարձությունների հետևանքով զոհվել է 238 մարդ։

XS
SM
MD
LG