Մատչելի հղումներ

Ղազախստանում են տեղակայվել ՀԱՊԿ-ի ուժեր. Ղազախներին մտահոգում է ԽՍՀՄ կառուցվածքով նոր միություն կազմելու հնարավորությունը


Ռուս դեսանտայիններ են տեղակայվել Ղազախստանում՝ որպես խաղաղապահ ուժերի մաս, որը ներառում է նախկին խորհրդային չորս այլ հանրապետությունների զորքեր: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը: Ըստ Ռոյթերսի, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը նշել է, որ խաղաղապահների հիմնական խնդիրները լինելու են պետական և ռազմական կարևոր հաստատությունների պաշտպանությունը և Ղազախստանում իրավապահ ուժերին աջակցությունը:

ՌԻԱ գործակալությանը հայտնի է դարձել, որ խաղաղապահ ուժերի ընդհանուր թիվը կկազմի մոտ 2500 մարդ և անհրաժեշտության դեպքում կարող է համալրվել։ Սպասվում է, որ այն կլինի կարճատեւ առաքելություն, որը կտեւի «մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ»:

Հիշեցնենք, որ Ղազախստանում համատարած բողոքի ցույցեր ու ոստիկանության հետ բախումներ սկսվեցին այստեղ վառելանյութի գների աճի պատճառով:

Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ասել է, որ օգնության խնդրանքով ինքն է դիմել Մոսկվայի կողմից ղեկավարվող նախկին խորհրդային պետությունների ռազմական դաշինքին: Անկարգությունների համար նա մեղադրել է ‘’օտարերկրյա մարզումներ անցած ահաբեկիչներին’’:

Մոսկվան հայտարարել է, որ խորհրդակցելու է Ղազախստանի և դաշնակից երկրների ղեկավարների հետ` ղազախական «հակաահաբեկչական գործողություններին» աջակցելու շուրջ: Մոսկվան կրկնել է Տոկաևի պնդումը, որ ապստամբությունը ոգեշնչված է դրսից: Ո՛չ Ղազախստանը, ո՛չ էլ Ռուսաստանը դա հաստատող ապացույցներ չեն ներկայացրել։

Ղազախստանի ընդդիմության առաջնորդի դերով հանդես եկող Մուխթար Աբլյազովն ուրբաթ օրը հորդորել է Արևմուտքին ներգրավվել կենտրոնասիական այս հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններում, հայտարարելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը Ղազախստանին ծնկի կբերի որպես վերականգնված Խորհրդային Միության մի մասնիկ:

«Եթե ոչ, ապա Ղազախստանը կվերածվի Բելառուսի, և Ռուսաստանի նախագահ Պուտինը մեթոդաբար կպարտադրի Խորհրդային Միության կառուցվածքով մի ընդհանուր պետություն կառուցելու իր ծրագիրը», - Փարիզից ասել է Աբլյազովը:

Խարդախության և յուրացումների մեջ Ղազախստանում մեղադրվող բանկի նախկին կառավարիչ Աբլյազովը, որը քաղաքական ապաստան է գտել Ֆրանսիայում, ասում է, թե իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները շինծու են եւ ունեն քաղաքական դրդապատճառներ։

Նա հայտարարել է, որ պատրաստ է բողոքի ակցիաների ուժգնացման դեպքում վերադառնալ Ղազախստան եւ կազմել ժամանակավոր կառավարություն:

XS
SM
MD
LG