Մատչելի հղումներ

Արևմուտքը պետք է որոշի, թե արդյոք պատրաստ է ձեռք մեկնել ՀՀ-ին. տեսակետ


Վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր լարվածության աճն ու խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Երևանին ու Բաքվին «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցում կոչ է արել նաև կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում շեշտում է՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի առջև ծառացած հիմնախնդիրները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ ներառում են նաև սահմանային և կոմունիկացիաների վերաբացման հարցեր:

«Քննարկվում է, թե այս հարցերից որը պետք է կարգավորվի սկզբում և ինչպես, ներառյալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, սահմանային և այլ խնդիրներ: Ի՞նչպես հասնել կարգավորմանը՝ առերեսվելով մի շարք դժվարությունների, և ինչպես հետո արագորեն իրագործել ձեռք բերվածը: Խնդիրը նաև նրանում է, որ Բաքվի և Երևանի միջև այսօր առկա բանակցություններն առաջին անգամ ընթանում են երկկողմանի՝ առանց միջնորդների»,- ասում է Վարդանյանը:

Երևանն այլևս չի վստահում Մոսկվային կամ չի հավատում վերջինիս անվտանգության երաշխիքներին. տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Նա հիշեցնում է՝ գործընթացում առկա են խաղաղ պայմանագրի երկու նախագծեր, որոնցից առաջինը, որը մշակվել է Բաքվի կողմից առաջարկված կետերի հիման վրա, ստացել է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությունը: Հաշվի առնելով Բաքվի հրաժարումը բանակցել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանն այս հարցը համարում է ներքին խնդիր՝ այս գործընթացի ներքո, ըստ Վարդանյանի, Բրյուսելում առաջ եկավ ուղիղ երկխոսության գաղափարը, որը ստացավ նաև Վաշինգտոնի աջակցությունը:

Մյուս նախագիծը, ըստ Ճգնաժամային խմբի վերլուծաբանի, մշակվել է Ռուսաստանի կողմից ու ստացել Հայաստանի աջակցությունը, ուր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առաջարկվում է թողնել ապագային: Օլեսյա Վարդանյանը ընդգծում է՝ այսօր Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա խնդիրները դժվարություններ են ստեղծում գործընթացում:

Նա շեշտում է՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությամբ, սակայն դեռևս չունի այս ուղղությամբ առաջ շարժվելու հստակ ռազմավարություն: Վաշինգտոնը ձգտում է մի կողմից աջակցել ԵՄ նախաձեռնություններին այստեղ, մյուս կողմից Բրյուսելի հետ համագործակցությամբ ակտիվորեն ներգրավվել միջազգային կառույցների շրջանակում: Սակայն, ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասն առաջնահերթություն չէ: Բացի այդ, Վաշինգտոնը զգուշորեն է մոտենում այս հարցին՝ հաշվի առնելով Մոսկվայի հետ ունեցած իր խնդիրները՝ չցանկանալով այստեղ ընդհարվել Մոսկվայի հետ:

«Ամռանը, երբ շատ բարձր մակարդակի այցեր էին ընթանում Բաքու և Երևան, Միացյալ Նահանգները բարձրաձայնեց, որ անգամ կարող է համագործակցել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Դա առաջին անգամն էր, երբ Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը հանդես եկավ համագործակցության առաջարկով, որը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ էր: Այլ խնդիր է, որ Ռուսաստանը պարզապես չի ցանկանում դա անել»,- նշում է Վարդանյանը:

Իր հերթին, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նկատում է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի է ձգտում դեպի Արևմուտք: Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի գրավոր հարցմանը՝ վերլուծաբանը նշում է՝ Երևանն այլևս չի վստահում Ռուսաստանին կամ չի հավատում վերջինիս անվտանգության երաշխիքներին: Ռուս խաղաղապահներն ապացուցել են, որ չեն կարող որևէ բան անել շրջափակման դեմ, ուստի Հայաստանն ընդլայնում է իր արտաքին քաղաքականության ուղեգիծն ու ազատությունը, գտնում է Սթրոնսկին:

Դրա հետ մեկտեղ՝ նա նկատում է՝ այսօր դեռևս բացի Ռուսաստանի մոտ լինելուց, Հայաստանը չունի հեռանալու այլ տեղ։ Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք կարող է երկարատև և ուշացող լինել, ուստի Հայաստանը պետք է գործի չափազանց զգույշ, գտնում է Սթրոնսկին՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահ ուժերն այնտեղ են մինչև 2025 թվականը։

Իր հերթին՝ American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի գրավոր հարցմանը, կարծիք է հայտնում, որ Հայաստանը ստիպված է եղել ապավինել պուտինյան Ռուսաստանին՝ հաշվի առնելով իր խոցելիությունը տարածաշրջանում ու թույլ տնտեսությունը, սակայն այսօր, երբ Մոսկվան խնդիրներ ունի Ուկրաինայում և չի կարողանում պաշտպանել հայերին 2020 թ-ի նոյեմբերի հայտարարության համաձայն, Երևանը վերանայում է իր ուղեգիծը: Արևմուտքը պետք է որոշի, թե արդյոք պատրաստ է ձեռք մեկնել ՀՀ-ին, նկատում է Ռուբինը՝ նշելով՝ մենք կարող ենք ականատես լինել Սառը պատերազմի օրերին համարժեք զարգացումների, երբ ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսը խորհրդային ճամբարից տեղափոխվեց արևմտյան ճամբար:

XS
SM
MD
LG