Մատչելի հղումներ

Մեղավոր է, արդյո՞ք, Թրամփը հունվարի 6-ի անկարգություններում. Երկու տարի անց հետաքննությունը դեռ շարունակվում է


Այսօր Կապիտոլիումի գրոհի երկրորդ տարելիցն է, իսկ Հետաքննության դաշնային բյուրոյի հետաքննությունը դեռ շարունակվում է։ Մինչ օրս գրեթե հազար մարդ է ձերբակալվել, երեք հարյուրից ավելի անձանց նկատմամբ կայացվել է դատավճիռ, բայց բոլորը անկարգություններին անմիջական մասնակցության մեղադրանքով: Օրինակ՝ «Oath Keepers» ծայրահեղ աջակողմյան կազմակերպության հիմնադիր Ստյուարտ Ռոդսիին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նրան մեղավոր են ճանաչել խռովության նպատակով դավադրության կազմակերպման մեջ: Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը մեկուկես տարի հետաքննությունից հետո եկել է այն եզրակացության, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամբողջությամբ պատասխանատու է հունվարի 6-ի իրադարձությունների համար։ Բայց այս պահին դա նրա համար իրավական հետևանք չունի. վերջին խոսքը արդարադատության նախարարությանն է։ Իսկ երեկ Կապիտոլիումը պաշտպանող ոստիկաններից մեկի ընտանիքը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ. ոստիկանը մահացել էր անկարգությունների հաջորդ օրը

Սա Վաշինգտոնի Դաշնային շրջանային դատարանն է, ուր ընթանում է «Հպարտ տղաներ» ծայրահեղ աջ խմբավորման անդամների դատավարությունը՝ կապված հունվարի 6-ի անկարգությունների հետ։ Ըստ մեղադրող կողմի՝ նրանք առանցքային դեր են ունեցել այս զարգացումներում։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 950 մարդ։ Նրանցից միայն մոտ մեկ երրորդն է դատապարտվել։

2022 թվականի վերջին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում էր հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը, փորձեց վերջակետ դնել այս պատմությունում։ Հրապարակվել է 8 գլուխներից բաղկացած 845 էջանոց զեկույց, ըստ որի՝ ողջ պատասխանատվությունն ընկած է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Բայց հանձնաժողովը կարող է միայն խորհուրդ տալ արդարադատության նախարարությանը քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ և արգելել նրան պետական պաշտոններ զբաղեցնել։

Կոնգրեսի շենքի վրա հարձակումից երկու տարի անց: Մեղավոր է, արդյո՞ք, Թրամփը հունվարի 6-ի անկարգություններում
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

«Մենք պատրաստվում ենք երթով անցնել փողոցով, մենք կգանք Կապիտոլիում և կոգևորենք մեր խիզախ սենատորներին, կոնգրեսականներին և օրենսդիրներին», հայտարարել էր Թրամփն այդ օրը:

Նրա այս խոսքերից 12 րոպե անց մարդկանց ամբոխը շարժվում է դեպի Կապիտոլիում, ուր արդեն հավաքվել էին ծայրահեղ աջակողմյան «Հպարտ տղաներ» կազմակերպության ներկայացուցիչները։ Եվս 24 րոպե անց Թրամփի կողմնակիցները հաղթահարում են ոստիկանական պատնեշները։ Նախկին նախագահն ավարտում է ելույթը, իսկ Կապիտոլիումի աստիճաններին բախումներ են սկսվում ոստիկանության հետ։

«Ոստիկանությունը արցունքաբեր գազ օգտագործեց, հետ մղեց ցուցարարներին, և վերջիններս այստեղ իսկապես սկսեցին կռվել ոստիկանների հետ: Ավելին, այս ցուցարարների մեջ կային շատերը, ովքեր փորձում էին հանգստացնել այս տաք գլուխներին՝ ասելով, որ պետք չէ այդպես վարվել: Կային, սակայն, սադրիչներ, որոնք ընդհակառակը, պնդում էին, որ պետք է գնալ Կապիտոլիումի վրա»,- պատմում է Մեմֆիսի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Զնամենսկին:

«Նրանք, ովքեր ասում են դա խոսքի ազատություն է, սխալվում են: Խոսքի ի՞նչ ազատություն։ Կոնգրեսի առաջնորդներին գտնելն ու նրանց ծեծելը կամ սպանելն արդյո՞ք խոսքի ազատություն է»,- հարց է տալիս Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ռոբին:

Դրան հաջորդիվ ջարդվեցին դռներն ու պատուհանները, Կապիտոլիումի ներսում եղան ջարդեր ու կոնգրեսականների որս։ Ավելի քան երկու հազար մարդ ներխուժել էր շենք։ Ազգային գվարդիային ոչ ոք հրահանգ չէր տալիս դադարեցնել անկարգությունները: Հանրահավաքում իր ելույթի ավարտից ընդամենը երեք ժամ յոթ րոպե անց Թրամփը Twitter-ում կոչ արեց իր կողմնակիցներին գնալ տուն։ Ինչու՞ դա չարվեց ավելի վաղ: Իսկ ինչո՞ւ նա անմիջապես համալրումներ չխնդրեց Կապիտոլիումի ոստիկանության համար։ Հատուկ կոմիտեն Թրամփի անգործությունը որակում է հանցավոր:

«Մեր ժողովրդավարությունը հասել էր անդունդի եզրին: Մենք կանգնած էինք, նայում էինք ներքև։ Իսկ եթե չբացահայտվեր այն ամենը, ինչ բացահայտվեց, ուրեմն մենք ուղղակի կընկնեինք ցած»,- ասում է Ռիչարդ Ռոբին։

Կոնգրեսի հետաքննությունը նաև պարզել է, որ Թրամփի համախոհները, սկսած նրա ընտանիքից ու վարչակազմի անդամներից մինչև Fox News-ի պահպանողական հաղորդավարներ, նրան հաղորդագրություններ են գրել՝ խնդրելով միջամտել:

Մասնավորապես, Fox News-ի պահպանողական հաղորդավարները կոչով դիմում էին Սպիտակ տան այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուսին, ով կարող էր առանցքային վկա դառնալ, եթե վկայություն տար հունվարի 6-ի հանձնաժողովի նիստին, սակայն նա չներկայացավ Կոնգրես: Մանրամասներից շատերը բացահայտել է նրա նախկին օգնական Քեսսիդի Հաթչինսոնը։ Օրինակ, որ Թրամփը փորձել է անձամբ գնալ Կապիտոլիում, սակայն նրան կանգնեցրել է գաղտնի ծառայությունը՝ անվտանգության նկատառումներով։ Նրա խոսքով՝ նախկին նախագահը նույնիսկ փորձել է նստել ղեկին։ Թրամփն արձագանքել է այս ցուցմունքին՝ այն անվանելով հերյուրանքներ։

Առանց Կապիտոլիում հասնելու՝ նախագահը, ըստ Հաթչինսոնի և այլ ականատեսների, դիտել է հարձակումը հեռուստացույցով, պարբերաբար զանգեր կատարել և, ինչպես հունվարի 6-ի հանձնաժողովին ասել է Սպիտակ տան նախկին աշխատակից Նիկոլաս Լունան, վիրավորանքի խոսքեր հնչեցրել Մայք Փենսի հասցեին այն բանի համար, որ փոխնախագահ Փենսը հրաժարվել է վիճարկել ընտրությունների արդյունքները, ինչը պնդում էր Թրամփը։

Հայտնաբերվել են նաև Կոնգրեսի շենքի անվտանգության հետ կապված խնդիրներ։ Ինչպես գրել է Politico-ն, ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հունվարի 5-ին զգուշացրել է Կապիտոլիումի ոստիկանությանը հնարավոր հարձակման մասին։ Նախապես հայտնի էր նաև, որ ցուցարարները զինված էին, ինչպես նաև որ Վաշինգտոն են ժամանում ծայրահեղ աջակողմյան խմբավորումների անդամներ՝ պատրաստվելով ագրեսիվ գործողությունների։ Իր հերթին, Կապիտոլիումի ոստիկանապետ Սթիվեն Սենդը, ով հրաժարական տվեց հարձակման հաջորդ օրը, կշտամբեց դաշնային հետախուզական ծառայություններին հնարավոր սպառնալիքների մասին նրանց չզգուշացնելու համար: Այսօր՝ երկու տարի անց, Կապիտոլիումի ներկայիս ոստիկանապետ Թոմ Մունգերը խոսում է անվտանգության զգալի բարելավումների մասին։ Եվ սա առայժմ բոլոր հետաքննությունների միակ արդյունքն է, որը բավարարել է Թրամփի և՛ կողմնակիցներին, և՛ հակառակորդներին։

«Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ասում են դեմոկրատներին՝ տրամադրեք մեզ այն բոլոր հետաքննությունների նյութերը, որոնք դուք ունեք հունվարի 6-ի դեպքերի վերաբերյալ, իսկ դեմոկրատները պատասխանում են՝ ոչ, մենք չենք կարող Ձեզ տալ այս բոլոր նյութերը, մենք դրանք կվերանայենք ու պատրաստենք, ապա հաշվետվություն կներկայացնենք, և դուք կծանոթանաք դրան»,- նշում է Անդրեյ Զնամենսկին։

«Կարծում եմ, դա արդեն ապացուցվել է հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովի կողմից: Հաստատապես ապացուցված է, որ Թրամփը ղեկավարում էր դա»,- նշում է Ռոբին:

Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ հարձակման հաջորդ օրը մահացած ոստիկան Բրայան Սիկնիկի ընտանիքը դատական հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմ։ Հայտարարության մեջ ասվում է, որ սպայի մահը Թրամփի պառակտիչ հռետորաբանության և կեղծված նախագահական ընտրությունների վերաբերյալ կեղծ մեղադրանքների հետևանք է:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Կապիտոլիումի գրոհի հետ կապված տարբեր հոդվածներով ձերբակալված 950 անձանցից 192-ը ազատազրկման են դատապարտվել։ 484 մարդ իրեն մեղավոր է ճանաչել։ Մնացածները դեռ սպասում են դատավճռին։ Իսկ Հետաքննության դաշնային բյուրոն շարունակում է տվյալներ հավաքել։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Հարրի Կյագնիցքիի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG