Մատչելի հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ում ընդունել են սիրիական ընդդիմության առաջնորդներին


Դա տեղի է ունեցել պաշտոնական Դամասկոսի և Անկարայի ներկայացուցիչների բանակցություններից մի քանի օր անց

Թուրքիան հյուրընկալել է սիրիական ընդդիմության առաջնորդներին՝ փորձելով փարատել նրանց մտահոգությունները Դամասկոսի հետ հարաբերությունները շտկելու Անկարայի փորձերի վերաբերյալ:

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերում լուսանկարներ է հրապարակել Անկարայում ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Մահմութ ալ Մասլաթի և այլ առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից։

Երկխոսությանը նախորդել էր Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների պատմական բանակցությունները Մոսկվայում, որոնք առաջինն են 2011 թվականից ի վեր:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Մոսկվայում հադիպումից հետո նշել է, որ հանդիպմանը բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը ահաբեկչության դեմ պայքարն էր։ «Մենք ընդգծեցինք, որ հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքները, հատկապես՝ Սիրիայի և Իրաքի, որ մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է։ Մենք հայտարարել ենք, որ նպատակ ունենք չեզոքացնել ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, ինչպիսիք են PKK/YPG-ն և ԴԱԻՇ-ը, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում Սիրիայի համար։ Մենք ասացինք, որ ջանքեր ենք գործադրում ապահովելու մեր երկրի, ազգի, սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է Հուլուսի Աքարը։

Հնարավոր է արդյո՞ք թուրք-սիրիական հաշտեցումը
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն օրեր անց հայտարարել է՝ մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը սիրիական ընդդիմությանը և ժողովրդին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա: Չավուշօղլուն նկատի ուներ ՄԱԿ-ի 2015թ.-ի բանաձևը:

Անկարան դարձավ Դամասկոսի երդվյալ թշնամին, երբ սկսեց աջակցել 12 տարի առաջ սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբում նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու ապստամբների ջանքերին:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով 2017 թվականին Ասադին ահաբեկիչ էր անվանել, պատրաստ է սիրիացի առաջնորդի հետ հանդիպմանը:

Էրդողանն ազդարարեց, որ պաշտպանության նախարարների բանակցությունները, որին կհաջորդի արտգործնախարարների հանդիպումը, կարող են հիմք ստեղծել նախագահների հնարավոր գագաթնաժողովի համար:

Չավուշօղլուն ասել է, որ ակնկալում է հունվարի երկրորդ կեսին հանդիպել իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադիի հետ։

Հոդվածը պատրաստվել է Agence France-Presse գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG