Մատչելի հղումներ

Ինչու՞ են Պուտինն ու Լուկաշենկոն մնացել միայնակ, եւ ի՞նչ են ուզում նրանք աշխարհից


Բելառուսի փաստացի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել С-400 և «Իսկանդեր» տիպի հրթիռային համակարգեր, որոնք արդեն մարտական հերթապահության են դրվել։ Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կողմերը Ուկրաինայի պատերազմի մասին գրեթե ոչինչ չեն ասել:

Պուտինի հետ Մինսկ էին ժամանել ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա օգնականները, չնախատեսված այց էր կատարել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Քաղաքական մթնոլորտ հաստատության տնօրեն Անդրեյ Կազակևիչի կարծիքով, բանակցությունների անթափանց մթնոլորտը թույլ չի տալիս լիակատար դատողություններ անել դրանց իրական էության մասին։ Նրա խոսքերով, կողմերն ամենայն հավանականությամբ քննարկել են ուկրաինական պատերազմում համագործակցելու շուրջ հարցեր: ‘’Բելառուսը արտաքին քաղաքական ասպարեզում արդեն իսկ հանդես է գալիս որպես Ռուսաստանի խոսնակ’’, հիշեցնում է վերլուծաբանը։

‘’Ըստ ամենայնի, Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման, կամ գոնե դիտարկում է նման քայլի հնարավորությունը, և այդ ժամանակ անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել հնարավորին չափով մեծ ռեսուրսներ’’,- ասում է նա, ու ենթադրում, որ սա ոչ միայն այդ գործողություններին բելառուս զինվորականների հնարավոր մասնակցության հարցն է, այլև Բելառուսի տարածքը, ենթակառուցվածքները նոր ներխուժման համար օգտագործելու նպատակ ունի:

‘’Սակայն դժվար է կանխատեսել, թե բելառուս զինվորականներն ինչպես իրենց կպահեն առաջնագծում, եւ թե ինչպես իրենց կդրսեւորեն մարտական գործողությունների ժամանակ:

Առայժմ հարվածային ռազմական ուժերի տեղակայման նշաններ չկան, սակայն Բելառուսի մասնակցությունը բացառել հնարավոր չէ’’, ասում են վերլուծաբանները:

Պատերազմի ուսումնասիրությունների հաստատությունում եւս կարծում են, որ ռուսական զինված ուժերը, նույնիսկ բելառուսականի հետ համատեղ, մոտ ապագայում ի զորու չեն լինելու արդյունավետ լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի դեմ։

Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Վադիմ Մոժեյկոն կարծում է, որ նախարարների կողմից շրջապատված այս այցը Բելառուս ուշագրավ է այնքանով, որ այն նման տիպի առաջին այցն էր անցած երեք տարիների ընթացքում: ‘’Ուստի այդ ամենը բավական չարագուշակ տեսք է ստանում, ինչը ստիպում է ենթադրել պատերազմի խորացման, ինչպես նաեւ ‘’Միության’’ շրջանակներում ինտեգրվելու հնարավորության մասին’’, ասում է վերլուծաբանը:

Բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչի խոսքերով էլ, Պուտինի այցը Բելառուս բարեհաճության դրսեւորում էր Ռուսաստանի համար մնացած միակ դաշնակցի նկատմամբ։ ‘’Ո՞ւր պետք է գնար Պուտինը, երբ նա տեղ չունի Մեծ քսանյակում: Նրան միայն Բելառուսում են սպասում’’, ասում է նա ու ավելացնում. ‘’Հոգեթերապիայի մի սեանս է սա և՛ մեկի, և՛ մյուսի համար: Երկուսն էլ միջազգային մեկուսացման մեջ են, ուստի պետք է պարբերաբար հանդիպեն, ու զբաղվեն դատարկ հաճոյախոսություններով’’:

Ինչ վերաբերում է Բելառուսի մասնակցությամբ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու հարցին, նա ասում է, թե ինքը արմատական որոշումներ չէր էլ սպասում: Նրա խոսքերով, հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում։

Նա հիշեցնում է, որ Լուկաշենկոն վերջերս քաղաքական դիվիդետներ էր հավաքում, երբ ամեն կերպ փորձում էր ընդգծել, որ Բելառուսն ինքնիշխան պետություն է, եւ որ ո՛չ այս երկիրը, ո՛չ էլ նրա նախագահը ռուսական խամաճիկներ չեն’’։

Այնպես որ, հանդիպման գլխավոր նպատակն ուկրաինացիներին պարզապես վախեցնելն է եղել: ‘’Պուտինը պարզապես փորձում է ցույց տալ, որ ունի դաշնակիցներ եւ որ ինքը միայնակ չէ’’:

Իսկ թե դա այդպես է, թե ոչ, գիտի ոչ միայն ինքը` Պուտինը, այլ նաեւ` աշխարհը:

XS
SM
MD
LG