Մատչելի հղումներ

Բռնությունն ու անկայունությունն այս տարի աճել են Աֆրիկայի Արևմտյան Սահելի երկրներում 


Burkina Faso Violence

Աֆրիկայի Արևմտյան Սահելի տարածաշրջանի երկրները, ներառյալ Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը, 2022 թվականին արձանագրել են հակամարտությունների հետևանքով մահացությունների 50 տոկոսի աճ: Բռնության տարածմանը զուգահեռ դրան նպաստել են Ռուսաստանի ազդեցությունն ու քաղաքական անկայունությունը:

Աֆրիկայի արևմտյան Սահելի հակամարտության 11-րդ տարին նշանավորվեց բռնության աճով: Ըստ «Զինված հակամարտությունների տեղակայման» նախագծի տվյալնեերի՝ 2022 թվականին հակամարտությունների հետևանքով զոհերի թիվը մոտ 9000 է, նախորդ տարի մոտ 6000 էր:

Վերլուծաբաններն ասում են, որ Սահելի երկրներում մարդիկ հյուծվել են սրվող հակամարտությունից: Լուծումների համար նրանք փնտրում են նոր միջազգային գործընկերներ։

Տարածաշրջանում ոմանք կարծում են, որ Ռուսաստանը կվերացնի վտանգավոր դրությունը Բուրկինա Ֆասոյում:

Նիգերացի նկարիչ Բաչիրու Ուեդրաոգոն ասում է. «Մենք տարիներ շարունակ եղել ենք Ֆրանսիայի հետ։ Եթե նրանք իսկապես ցանկանային մեզ օգնել ահաբեկչության դեմ, կարծում ենք, որ նրանք դա վաղուց կանեին։ Եթե դուք համագործակցում եք մեկի հետ, ով չի օգնում ձեզ զբաղվել բիզնեսով, դուք պետք է ձերբազատվեք նրանցից և գտնեք մեկին, ով կարող է: Դրա համար մենք կարծում ենք, որ պետք է շրջվենք դեպի Ռուսաստան»։

Այս տարի Ֆրանսիան ավարտեց իր ռազմական միջամտությունը Մալիում, քանի որ հարաբերությունները Մալիի ռազմական խեկավարների հետ սկսեցին վատթարանալ:

Այժմ Ֆրանսիան Սահելում իր ռազմական գործողությունների մեծ մասը տեղափոխում է Նիգեր:

Մալիում ֆրանսիական զորքերին փոխարինել են ռուսաստանյան «Վագներ գրուպ» կիսառազմական կազմակերպության վարձկանները, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման և ավելի շատ բռնություն հրահրելու մեջ, քան կանխում են:

Բուրկինա Ֆասոյում ռուսամետ և հակաֆրանսիական բողոքի ցույցերն ու հարձակումները ֆրանսիական կառույցների և ձեռնարկությունների վրա սովորական են դարձել։ Այնտեղ սեպտեմբերին տեղի ունեցավ մեկ տարվա ընթացքում երկրորդ ռազմական հեղաշրջումը։

Հարցին, թե ինչպես կարող է զարգանալ Սահելի հակամարտությունը 2023 թվականին, վերլուծաբաններից Մայքլ Շուրկին պատասխանեց.

«Մնում է տեսնել, թե ինչ է տեղի ունենում, քանի որ Մալիի բնակչությունը հասկանում է, որ ամեն ինչ վատթարանում է: Հաշվի առնելով Բուրկինա Ֆասոյում խնդրի մասշտաբները՝ կարծում եմ, որ նրանք ավելի շատ միջազգային օգնության կարիք ունեն: Ես կցանկանայի, որ ԱՄՆ կառավարությունը ավելի շատ ներգրավվի Բուրկինաբեի կառավարությանը օգնելու համար»:

Վերլուծաբանները նաև նշել են, որ ահաբեկչական հարձակումների աճ է նկատվում Կոտ դ'Իվուարի, Գանայի, Տոգոյի և Բենինի հյուսիսային շրջաններում՝ Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ սահմանների երկայնքով:

Մամուլի ազատությունը նվազել է, ըստ փաստաբանական խմբերի, միջազգային հեռարձակողներին և լրագրողներին արգելել են մուտք գործել Բուրկինա Ֆասո և Մալի:

Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները և մամուլի ազատության ջատագովներն ասում են, որ մարդու իրավունքները նույնպես շարունակում են տուժել:

Բուրկինաբեի իրավապաշտպան խմբի ղեկավար Դաուդա Դիալոյի խոսքով՝ «Պետք է շատ հստակ ասել, որ հունվարից մինչ օրս մենք տեսել ենք մեծ տխրություն և դառնություն, քանի որ անվտանգության իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Անվտանգության իրավիճակի այս վատթարացմանը զուգահեռ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ»։

Բուրկինա Ֆասոյում իշխող նոր ուժն ասում է, որ հավաքագրում է 30,000 հավելյալ քաղաքացիական կամավորների՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Սակայն իրավապաշտպան խմբերն ասում են, որ կամավորների իրավունքների բազմաթիվ խախտումներ են գրանցվում ահաբեկչական խմբեր հավաքագրողների կողմից:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,5 միլիոն մարդ տեղահանվել է Սահելի հակամարտության պատճառով:

Բռնությունն ու անկայունությունն այս տարի աճել են Աֆրիկայի Արևմտյան Սահելի երկրներում
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

XS
SM
MD
LG