Մատչելի հղումներ

‘’Գաղտնի զորահավաքը’’ և դրա համար կիրառվող մեթոդները Ռուսաստանում


Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո բանակում համալրումները շարունակվում են քողարկված եղանակով: Այսպես կոչված ‘’ստվերային մոբիլիզացիայի’’ են ենթարկվում տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողական վարձը չմուծած երիտասարդներ: Պատճառը, ասում են փորձագետները, պարտությունը հետաձգելու Ռուսաստանի իշխանությունների նպատակն է:

Ռուսաստանում շարունակվում է գաղտնի զորահավաքը` մոբիլիզացիան, ինչը պայմանավորված է Ուկրաինայի հետ պատերազմում գրանցվող մեծ կորուստներով: Այս մասին են «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը հայտնում մի շարք փորձագետներ։

Նրանց կարծիքով, այդ ծրագրի իրականացումն ընթանում է մեծ դժվարուններով։

Օրերս լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ այն մասին, որ Պրիմորսկի երկրամասի կրթության նախարարության կողմից երկրամասի ղեկավարությանը ներկայացվել է պարտքեր ունեցող ուսանողներին բարձրագույն հաստատություններից հեռացնելու եւ այդ մասին զինկոմիսարիատներին տեղյակ պահելու մասին հրահանգ: Նպատակը նրանց բանակ զորակոչելն է:

Նմանատիպ գործողություններ են իրականացվում ոչ միայն մարզերում, այլ նաեւ մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես The Insider-ն է հայտնում, Մոսկվայի Լոմոնոսովի շրջանի վարչակազմի ղեկավարը պահանջել է, որ աշնանային զորակոչի համար ծանուցագրերն ուղարկվեն գիշերով:

Մասնակի մոբիլիզացիա հայտարարելու Պուտինի հրամանագրի արդյունքում սկսված առաջին ալիքն ուղեկցվել էր քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումներով։ Մոբիլիզացիայի են ենթարկվել անգամ ծանր հիվանդություններ ունեցողներն ու հաշմանդամները։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ռազմաճակատ ուղարկվելուց առաջ մի քանի տասնյակ մարդ տարբեր պատճառներով մահացել է հավաքման կետերում և ուսումնական վայրերում։ Եղել են նաեւ արդեն ճակատ ուղարկվածների շարքերում ոչ թե զոհվելու, այլ հիվանդություններից մահանալու դեպքեր:

‘’Հստակ է, որ Պուտինի վարչակարգին «թնդանոթի միս» է պետք՝ այս արշավը շարունակելու համար’’, - «Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Կարնեգի հիմնադրամի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովը: Նրա խոսքով, չնայած պաշտոնապես «մասնակի» զորահավաքն ավարտված է հայտարարվել, այն շարունակում է իրականացվել ‘’ստվերային եղանակով’’:

«Զինկոմիսարիատները դա անում են տարբեր պատրվակներով մարդկանց իրենց մոտ հրավիրելով, օրինակ զինվորական հաշվառման տվյալները ճշտելու պատրվակով, ինչը հաճախ դառնում է ‘’մկան թակարդ’’, ասում է նա:

Այս ամենը ժողովրդի շրջանում մեծացնում է լայնամասշտաբ զորակոչ սկսելու վախի զգացումը:

‘’Ռուսաստանում թաքնված մոբիլիզացիա է իրականացվում ռազմաճակատում իրավիճակը փրկելու համար, դա այլ բացատրություն չունի’’, ասում է բլոգեր, փաստաբան Մարկ Ֆեյգինը։ Նա նույնպես այս գործընթացն անվանում է ‘’միս` թնդանոթի համար’’, քանի որ զորահավաքի առաջին ալիքը չտվեց սպասված արդյունք:

‘’Պաշտոնական տվյալներով՝ առաջին ալիքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 300 հազար մարդ’’,- հիշեցնում է նա ու հավելում, որ այդ 300 հազարի դիմաց միայն հինգ գյուղ գրավելու հանգամանքը մեծ ձեռքբերում չի կարող համարվել:

Ոչ ոք հիմա իրականում չի կարող ասել, թե սեպտեմբերի 21-ից հետո մոբիլիզացված քանի մարդ է արդեն սպանվել կամ մահացել։ ‘’Այդ թիվը կարող է կազմել մի քանի հազար’’, ասում է ‘’Ամերիկային Ձայն’’-ի զրուցակիցը եւ նորից շեշտում այսպես կոչված ‘’հաղթանակի’’ բացակայությունը:

Բլոգերը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են զինված ուժերը ավելացնել ևս 100-150 հազարով, որպեսզի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսեն նաեւ Բելառուսի տարածքից:

Այնպես որ, նրանք, ովքեր կարողացան խուսափել առաջին ալիքից, դեռ վաղ է հանգստանալու համար: Պուտինը կանգ չի առնելու, եւ սա գիտակցում են բոլորը’’, ասում է նա:

Վերլուծաբանների հաստատ համոզմամբ, իշխանություններն այժմ մտածում են ոչ թե հաղթանակի հասնելու, այլ պարտությունը հետաձգելու ուղղությամբ, երբ հեռու չեն նախագահական ընտրությունները: Ռուսաստանի իշխանությունների համար անսովոր չէ իրենց ճանապարհը վախով, հալածանքներով և ահաբեկումներով լցնելու քաղաքականությունը: Պատահական չէ, որ Պուտինն այժմ ավելացնում է ուժային կառույցների բյուջեն: Ոստիկանական կորպուսն արդեն մոտ մեկ միլիոն աշխատակից ունի։ ‘’Պուտինի համար դա ավելի կարևոր է, քան սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը’’, ասում է Մարկ Ֆեյգինը։

Մոբիլիզացիայից խուսափելու համար հայրենիքից արդեն հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG