Մատչելի հղումներ

Ուկրաինայում հակամարտության կողմերից ոչ մեկը մոտ ապագայում չի հասնի հաջողության. ամերիկացի բարձրաստիճան զինվորական


Չորեքշաբթի Պենտագոնը հյուրընկալեց Ուկրաինաի պաշտպանության կոնտակտային խմբին՝քննարկելու համար Ուկրաինայի դաշնակիցների միջև փոխգործակցությունը: Ամերիկացի զինվորականը նաև ընդգծել է, որ ձմեռը լավ ժամանակաշրջան է քաղաքական բանակցությունների համար: Նա նաև զգուշացրել է, որ Չինաստանը «շատ վտանգավոր խաղ» կսկսի, եթե փորձի ուժով գրավել Թայվանը:

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է՝ չնայած ամերիկացի բարձրաստիճան զինվորականի այն գնահատականին, որ կողմերից որևէ մեկի համար, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում ռազմական հաղթանակն անհասանելի է:

«Հավանականությունը, որ Ռուսաստանը կհասնի իր ռազմավարական նպատակներին՝ Ուկրաինան նվաճելու և հաղթելու առումով, մոտ է զրոյի: Նրանք ներկայումս զբաղեցնում են Ուկրաինայի մոտ 20 տոկոսը: Սակայն ուկրաինական ռազմական հաղթանակի հավանականությունը, որը սահմափակվում է ռուսներին ամբողջ Ուկրաինայից դուրս մղելու մեջ, ներառյալ Ղրիմը, ևս բարձր չէ ռազմական առումով»,- նշել է Միլին։

Նա նաև հավելեց, որ խաղաղության համար հնարավոր է շուտափույթ քաղաքական լուծում:

«Եթե ցանկանում եք բանակցել ուժի դիրքերից, ապա Ռուսաստանն այժմ թուլացած է. Ռուս զինվորականները ահռելի կորուստներ ունեն»,- պնդում է գեներալ Միլին։

Փետրվարից Ուկրաինա ներխուժումից ի վեր ռուսաստանցի զինվորականները շարունակում են կրել մեծ մարդկային ու նյութական վնասներ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքով, Մոսկվան օգտագործել է ահռելի քանակի ճշգրիտ հեռահար հրթիռներ:

«Նրանց համար տարիներ են պետք իրենց զորանոցը վերալիցքավորելու համար մինչև այն կետը, որտեղ նրանք եղել են մինչև այս հակամարտության բռնկումը»,- պնդում է Օսթինը:

Ի պատասխան Ամերիկայի ձայնի լրագրողի հարցին, թե կարող է արդյոք ռուսական կողմը դիմանալ այնքան ժամանակ, որպեսզի կարող լինի վերականգնել իր զինանոցը՝ պաշտպանության նախարարը պատասխանեց, որ չի կարծում, որ ուկրաինացիները թույլ կտան ռուսական կողմին այդքան դիմանալ: Ըստ նրա՝ ուկրաինացիները պատրաստվում են շարունակել ճնշում գործադրել նրանց վրա, և մարտադաշտում դինամիկան փոփոխության է ենթարկվելու։

Պենտագոնը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Լեհաստանի հայտարարությունները, ուր նշվում է, որ Լեհաստանի տարածք ընկած հրթիռը պատկանում է ուկրաինական հակաօդային ուժերին: Այս պնդումը հակադրվում է Ուկրաինայի նախագահի պնդմանը:

«Սա, ամենայն հավանականությամբ, ուկրաինական հակաօդային ուժերի հրթիռն է, բայց այստեղ հետաքննություն կանցկացվի»,- ընդգծել է Օսթինը:

Ամերիկացի բարձրաստիճան գեներալն էլ նախազգուշացրեց Չինաստանին չորեքշաբթի օրը Թայվան ներխուժելու վերաբերյալ՝ շեշտելով՝ նեղուցով ցանկացած ռազմական ներխուժում «շատ վտանգավոր խաղ» է:

«Կարծում եմ, որ չինացիների համար նման գործողության դիմելը մեծ ռիսկ է պարունակում: Կարծում եմ, որ դա անխոհեմ կլիներ: Դա կլինի քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմավարական սխալ, որը նման է այն ռազմավարական սխալին, որը գործեց Պուտինը Ուկրաինայում»,- պնդում է Միլին:

Նա խոստացավ, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը կմնան աշխարհի առաջատար բանակը, և քանի դեռ այն կմնա թիվ մեկ, ապա դա կզսպի Չինաստանի կամ ցանկացած մեծ տերությանը:

Հոդվածը պատրաստվել է Պենտագոնում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Կարլա Բաբբի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG