Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտոնյաները տեղյակ են և ուսումնասիրում են ռուսական հրթիռների՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի սահմանը հատելու լուրերը 


Russia Ukraine War
Russia Ukraine War

Ռուսաստանը կրկին հրթիռակոծել է Ուկրաինայի ենթակառուցվածքները: Լեհական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկու մարդ մահացել է արկի հարվածից, որն ընկել է Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող լեհական Պրժևոդով գյուղի հացահատիկի չորացման տարածքում: Պենտագոնի և Պետդեպարտամենտի ճեպազրույցներում շեշտվում է, որ ռուսական հրթիռը կարող էր հատել ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի սահմանը, ինչը, հավանաբար, կհանգեցներ ռազմական դաշինքի կողմից պատասխանի:

Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերն ասել է. «Նախ, թույլ տվեք նախապես ընդգծել, որ մենք տեղյակ ենք մամուլի հրապարակումներին, որ երկու ռուսական հրթիռներ հասել են Լեհաստանի տարածք՝ Ուկրաինայի սահմանի մոտ: Մենք այս պահին որևէ տեղեկություն չունենք, այս պահին այդ լուրերն ուսումնասիրում ենք»:

ԱՄՆ Պետքարտուղարությունում խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը հրաժարվել է ենթադրություններ անել, թե ԱՄՆ-ն ինչպես կարձագանքի, քանի դեռ փաստերը հաստատված չեն:

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի՝

«Իհարկե, Լեհաստանը կարևոր դաշնակից և գործընկեր է, և, ինչպես ասացի, մենք աշխատում ենք նրանց հետ՝ որոշելու, թե ինչ է տեղի ունեցել և գնահատում ենք նաև հետագա քայլերը»:

Ավելի վաղ, երբ համաշխարհային առաջնորդները հավաքվել էին Բալիում հրավիրված G-20 գագաթնաժողովին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրատապ ուղերձ էր հղել խմբին:

«Համոզված եմ, որ այժմ այն ժամանակն է, երբ ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել»,-հայտարարել էր նա:

Պատասխանելով Զելենսկիի հայտարարությանը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դադարեցնել պատերազմն այսօր, եթե ցանկանա, բայց ոչ մի նախանշան չկա, որ դա կանի:

«Մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան ունի այն գործիքները, հնարավորությունները, զենքերը, որոնք անհրաժեշտ են մարտադաշտում հաջողության հասնելու համար: Այնպես որ, երբ նախագահ Զելենսկին, և միայն նա կարող է այս որոշումը կայացնել, պատրաստ լինի նստել և բանակցել, կկարողանա դա անել բավական ուժեղ դիրքերից, որպեսզի հաջողության հասնի բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել էր Քիրբին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամբողջ մեղավորն Ուկրաինան է, որը, նրա խոսքով, կտրականապես հրաժարվում է բանակցություններից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձգտում է միավորել համաշխարհային առաջնորդներին՝ ընդդիմանալով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին, սակայն Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ դեռևս պարզ չէ, թե 20 երկրներից քանիսը կստորագրեն Մոսկվային դատապարտող համատեղ հայտարարություն:

XS
SM
MD
LG