Մատչելի հղումներ

Ռուսները թողնում են Խերսոնը. ''ՆԱՏՕ-ն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան կպահանջվի''


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ուժեղ ճնշման տակ է հայտնվել Խերսոնից իր ուժերը դուրս բերելու հրամանն արձակելուց հետո:

Ելույթ ունենալով Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ անցկացված հանդիպումից հետո՝ Ստոլթենբերգն ասել է,

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը գտնվում է ուժեղ ճնշման տակ, և եթե նրանք հեռանան Խերսոնից, ապա դա կլինի Ուկրաինայի հերթական հաղթանակը»:

Նա հայտարարել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Իտալիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աննախադեպ աջակցությունն իր ցայտուն արտահայտությունն է ունենում ուկրաինական ուժերի առաջընթացի համար»,- ասել է նա լրագրողներին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր ռուսական ուժերը Խերսոնից դեպի Դնեպրի ձախ ափ դուրս բերելու որոշման մասին։ Փորձելով հիմնավորել իր որոշումը՝ Շոյգուն ասել է, որ այն թելադրված է հիմնականում ռուս զինվորականների և տեղի խաղաղ բնակչության կյանքի պահպանման մտահոգությամբ: Ավելի վաղ այս տարածաշրջանում, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված այլ շրջաններում Մոսկվան անցկացրել էր այդ տարածքները Ռուսաստանին կցելու հարցով «հանրաքվեներ»: Իսկ Պուտինը խոստացել էր դրանք ‘’պահպանել ու պաշտպանել ամեն գնով’’:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հպարտությամբ է խոսում ուկրաինացի զինվորականների շրջանում, իր խոսքերով ասած, մեծ կորուստների մասին` ոչինչ չասելով ռուսական կողմի կորուստների մասին:

Իսկ ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարկ Միլլեյի խոսքերով, պատերազմը սկսվելուց ի վեր սպանվել կամ վիրավորվել է 100 հազար ուկրաինացի եւ 100 հազար էլ ռուս զինվորական: Քաղաքացիների շրջանում, ըստ նրա, կա 40 հազար զոհ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրն ասել է, որ Դնեպրի աջ ափից զորքերը դուրսբերելու Կրեմլի հրամանը ցույց է տալիս բանակում Մոսկվայի «իրական խնդիրները»: Բայդենը կասկած է հայտնել, որ Կիևն այժմ ցույց կտա փոխզիջման գնալու պատրաստակամություն:

Քաղաքագետ Անդրեյ Օկարան, հիշեցնելով հանրաքվեներ անցկացնելու ժամանակ Ռուսաստանի իշխանությունների կողմից տրված այն խոստումը, որ Ռուսաստանն այստեղ կլինի «դարերով», այն կարծիքն է հայտնում, որ հիմա շատ բան կախված կլինի քարոզչությունից, թե ինչպես Մոսկվան պիտի կարողանա արդարանալ նահանջի համար: Նա կարծում է, որ Ռուսաստանում ժողովուրդը, այդ թվում նրանք, ովքեր ջերմորեն աջակցել էին Պուտինի սկսած պատերազմը, այնքան են հոգնել ‘’այս ջարդից’’, որ կընդունեն որեւէ բացատրություն, միայն թե վերադառնան բնականոն կյանքին: ‘’Այնպես որ, զորքերի հետքաշումը գուցե մեծապես չանդրադառնա

Պուտինի վարկանիշի վրա’’, ասում է նա:

Ըստ վերլուծաբանների, Մեծ քսանյակի գագաթաժողովից առաջ, որին Պուտինի փոխարեն մասնակցելու է Լավրովը, Մոսկվան կարող է փորձել ‘’ճանկել’’ ինչ որ բան: Խոսքը պատերազմը գոյություն ունեցող իրողությունների պայմաններում դադարեցնելու մասին է: Մոսկվան հույս ունի, ասում են փորձագետները, որ նման պայմաններում Արեւմուտքը կհամաձայնվի, որ Ուկրաինան գնա ինչ-որ փոխզիջումային լուծման:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Միլեյի խոսքերով, չնայած նախագահ Զելենսկիի վերջին այն հայտարարություններին, թե ռուսների հետ կբանակցի միայն իշխանությունից Պուտինին հեռացնելու դեպքում, այսօր Կիեւում որոշ նշաններ ցույց են տալիս Մոսկվայի հետ կլոր սեղանի շուրջ նստելու ցանկություն:

Հոդվածը կազմված է ''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG