Մատչելի հղումներ

Սպիտակ տունը սխալ է որակում OPEC +-ի որոշումը՝ նավթի արդյունահանումը կրճատելու մասին


ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը ապակողմնորոշել է OPEC +-ի երկրներին

OPEC +-ի՝ նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու մասին որոշումը հստակ ցույց է տալիս, որ այդ երկրները ապակողմնորոշվել են Ռուսաստանի կողմից, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիերը: Նա այդ որոշումը «սխալ» է անվանել։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC), ինչպես նաև Ռուսաստանը և մի շարք այլ նավթարդյունահանող երկրներ, Վիեննայում կայացած նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեցին նոյեմբերից սկսած նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու մասին:

Ակնկալվում է, որ հիմնական կրճատումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում և Ռուսաստանում: Սա ամենամեծ կրճատումն է COVID-19 համաճարակի բռնկումից ի վեր և ակնկալվում է, որ կհանգեցնի գների կտրուկ աճի։

Սպիտակ տունը հատուկ հայտարարություն է տարածել այս առնչությամբ։ Այն նշում է, որ «Նախագահ Բայդենը հիասթափված է նավթի արդյունահանման քվոտաները կրճատելու OPEC+-ի անհեռատես որոշումից, քանի որ համաշխարհային տնտեսությունը պայքարում է Պուտինի Ուկրաինա ներխուժման շարունակական բացասական ազդեցության հետ: Թեև էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությունն առաջնային է, այս որոշումը ամենաբացասական ազդեցություն կունենա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա, որոնք այսօր արդեն տուժում են էներգակիրների բարձր գներից»:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնը հասկացրել է նավթ արդյունահանող երկրներին, որ էներգիայի մատակարարումներն անհրաժեշտ են առկա պահանջարկը բավարարելու համար:

Միացյալ Նահանգները, ձգտելով նվազեցնել էներգակիրների գները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում, կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը և նրա դաշնակիցներին չկրճատել արդյունահանումը:

«Ինչ վերաբերում է OPEC-ին, ապա մենք հստակ հայտնել ենք մեր տեսակետը անդամներին (այս կազմակերպության)»,- Չիլիում կայացած մամլո ասուլիսին ասել է պետքարտուղար Բլինքենը:

Նա նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է էներգակիրների մատակարարումների խթանման և գների կայունացման ուղղությամբ՝ ավելացնելով ԱՄՆ ներքին արդյունահանումը օրական ավելի քան 500,000 բարելով և օգտվելով նավթի ռազմավարական պաշարներից:

Հարցին, թե հիասթափված է արդյոք ԱՄՆ դաշնակից և OPEC անդամ Սաուդյան Արաբիայից, Բլինքենը պատասխանել է, որ Վաշինգտոնը «բազմաթիվ շահեր ունի Սաուդյան Արաբիայում», սակայն ուղղակիորեն չի արձագանքել նավթի արդյունահանման կրճատմանը համաձայնելու Ռիադի որոշմանը:

OPEC+-ի վերջին որոշման լույսի ներքո Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ խորհրդակցելու է լրացուցիչ գործիքների և լիազորությունների վերաբերյալ՝ նվազեցնելու համար OPEC-ի վերահսկողությունը էներգիայի գների վրա:

Բայդենի վարչակազմը նշում է, որ ամբողջ աշխարհում դաշնակիցների հետ փոխգործակցության շնորհիվ Միացյալ Նահանգները վերջերս կարողացավ իջեցնել բենզինի գները: Մասնավորապես, ամառվա սկզբի հետ համեմատ ԱՄՆ-ում բենզինի գները նվազել են միջինը 1,20 դոլարով, իսկ այժմ ԱՄՆ գազալցակայաններում ամենատարածված գինը 3,29 դոլար է՝ մեկ գալոնի դիմաց։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաջորդ ամիս պետք է շուկա մատակարարի ևս 10 միլիոն բարել նավթ նավթի ռազմավարական պաշարներից, իսկ Բայդենի վարչակազմը դիտարկում է լրացուցիչ միջոցներներ հատկացնել՝ առաջիկայում ներքին արդյունահանումը խթանելու համար:

ԱՄՆ նախագահ Բայդենը նաև հորդորել է ամերիկյան էներգետիկ ընկերություններին նվազեցնել բենզալցակայանների գները՝ փակելով նավթի մեծածախ և մանրածախ գների միջև եղած տարբերությունը։

Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է նաև, որ «OPEC+-ի որոշումը հիշեցնում է, թե ինչու է այդքան կարևոր, որ ԱՄՆ-ը նվազեցնի իր կախվածությունը էներգակիրների ներմուծումից։ Գնաճի նվազեցման մասին ակտի ընդունումով ԱՄՆ-ը պատրաստ է զգալի ներդրումներ կատարել՝ արագացնելու անցումը մաքուր էներգիայի՝ միաժամանակ բարելավելով էներգետիկ անվտանգությունը: Դա կիրականացվի ամերիկյան արտադրության մաքուր էներգիայի և էներգետիկ տեխնոլոգիաների ավելացման միջոցով»:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG