Մատչելի հղումներ

Բայդենը հրավիրել է սովի և սնուցման հարցերով վեհաժողով


Դժվար է հավատալ, որ սով կարող է լինել նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրում: Սակայն հենց հիմա ինը միլիոն ամերիկացի երեխա քաղցած է: Ըստ նախագահ Ջո Բայդենի, որը չորեքշաբթի օրը հրավիրել Սպիտակ տանը հրավիրել էր սովի և սնուցման հարցերով առաջին վեհաժողովը վերջին 50 տարիների ընթացքում, սովը այժմ մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար:

«Անցած շաբաթ ՄԱԿ-ում ես խոսեցի պարտավորությունների մասին, որոնք մենք ստանձնել ենք ամբողջ աշխարհի նկատմամբ՝ պարենային անապահովության դեմ պայքարելու հարցում: Աշխարհի բոլոր երկրներում և ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում, եթե ծնողը չի կարող երեխային կերակրել, նրա համար չի կարող դրանից ավելի կարևոր մեկ այլ խնդիր լինել»,- ասել է Նախագահ Ջո Բայդենը:

Սովը համաշխարհային երևույթ է: Աշխարհում Պարենային անվտանգության գլոբալ ինդեքսում ԱՄՆ-ն զբաղեցնում է 13-րդ տեղը: Ինդեքսը գլխավորում է Ֆինլանդիան, իսկ Սիրիան և Հայիթին վերջին տեղերում են։

Բայդենի վեհաժողովի նպատակն է ԱՄՆ-ում մինչև 2030 թվականը դադարեցնել սովը և նվազեցնել սննդակարգի հետ կապված հիվանդությունները: Չորեքշաբթի օրը նախագահը հայտարարեց 8 միլիարդ դոլար պետական և մասնավոր պարտավորությունների մասին, ինչպես նաև հավելեց, որ նախատեսում է ավելացնել անվճար դպրոցական սննդի հասանելիությունը:

Կոնգրեսի այս ֆինանսավորումը հեռու է երաշխավորված լինելուց, քանի որ հանրապետականները, որպես կանոն, հասարակական խնդիրների լուծումը տեսնում են ոչ կառավարական միջոցներով:

«Մեր նպատակն է մինչև 2030 թվականը վերջ դնել սովին: Դաշնային կառավարությունը կարող է անել շատ բաներ: Սակայն մեզ անհրաժեշտ են դաշնային կառավարության, նահանգային կառավարությունների, տեղական իշխանությունների, կորպորացիաների, բարեգործության և ամբողջ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը»,- ասել է Why Hunger-ից Նորին Սփրինգսթեդը:

Մեր օրերում պարենային անապահովությունը ավելի է բարդացել համաճարակի ժամանակ և Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

«Համաճարակը և Ուկրաինայի դեմ պատերազմը ցույց տվեցին, որ մատակարարման համաշխարհային շղթաները բավականին թույլ են: Եթե մենք լիովին կախված լինենք դրանցից, ապա ինքներս մեզ մեծ վտանգի կենթարկենք»,- ասել է Food Tank-ից Դանիել Նիրենբերգը:

Ըստ Սփրինգսթեդի, սննդի էժանացումը խնդրի լուծման մի փոքր մասն է:

«Տնտեսական արդարադատությունը պետք է հենասյուն դարձնել և նվազագույն աշխատավարձը բարձրացնել այնքան, որ այն իսկապես բավարարի որպես ապրուստի միջոց: Աշխատավարձի չափը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե որտեղ եք ապրում»,- հավելել է նա:

Ահա այսպես Վաշինգտոնը մեկ օր կենտրոնացել էր սովի խնդրի վրա, քանի որ աշխարհում պարենային ապրանքների գների կտրուկ աճ կա:

Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG