Հինգշաբթի օրը Սպիտակ տան գագաթաժողովում, որի նպատակն է պայքարել պառակտման և ատելությունից դրդված բռնությունների դեմ, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննադատեց սպիտակամորթ գերակայությունը և կոչ արեց ժողովրդին հաղթահարել «թունավոր» քաղաքական բաժանումը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն անցկացված վեհաժողովի ընթացքում հիշեց Շառլոթսվիլ քաղաքում 2017-ին սպիտակամորթների գերակայության հանրահավաքը: Նա հիշեց հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սպանությունը:
‘’United We Stand’’, թարգմանաբար` ‘’Միասնաբար մենք կպայքարենք’’ անվանումը կրող հանդիպման ժամանակ նախագահն ասաց.
«Սպիտակ գերակայությունը չի ունենալու վերջինն իր խոսքն ասելու հնարավորություն: Այս թույնն ու բռնությունները չեն կարող դառնալ մեր ժամանակների պատմությունը»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները ցույց են տալիս, որ ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերջին տարիներին աճել են։ Այդ աճին նպաստել են մի քանի գործոններ, այդ թվում՝ համաճարակի հետ կապված սթրեսը և թշնամական քաղաքական հռետորաբանությունը: Այս մասին է ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում Ֆիլիս Գերսթենֆելդը: Վերջինս Կալիֆորնիայի պետական համալսարանի քրեական արդարադատության դասախոս է:
«Հիմնական պատճառը հռետորաբանությունն է: Վերջին վեց տարիների ընթացքում մենք լսել ենք քաղաքական գործիչների կողմից այնպիսի խոսքեր, որոնք լիովին համահունչ են սպիտակամորթների և այլ ծայրահեղականների ասածներին», նշում է նա:
Economist-YouGov-ի հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 66%-ը կարծում է, որ այս երկրում քաղաքական տարաձայնությունները սրվել են 2021 թվականի սկզբից ի վեր, և որ 62%-ն ակնկալում է առաջիկա տարիներին քաղաքական պառակտման խորացում:
‘’Ատելության պատճառով բորբոքված բռնությունները ծնվում են թունավոր բաժանումների պարարտ հողում: Ծայրահեղական գաղափարներ ունեցողների հետեւից միայնակ գնալով խնդիրը չենք լուծի։ Մենք պետք է դիմակայենք այն բոլոր միջոցները, որոնցով սնուցվում է թունավոր բաժանումը’’, ասել է Բայդենը:
Իսկ Բայդենի քննադատները պնդում են, որ ինքն էլ է պառակտում հրահրում: Նրանց խոսքերով, նախագահը վերջին շաբաթների ընթացքում ուժեղացրել է հարձակումները Դոնալդ Թրամփի ամենահավատարիմ հետևորդների դեմ, եվ այս ընթացքում, ըստ նրանց, կիրառում է այդ մարդկանց ‘’կիսաֆաշիզմի’’ մեջ մեղադրող քաղաքական հռետորաբանություն:
''Ամերիկայի Ձայն''