Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը Սպիտակ տանը չորեքշաբթի օրն ընդունեցին նախկին նախագահ Բարաք Օբամային և նախկին առաջին տիկին Միշել Օբամային: Այստեղ անցկացվում էր Օբամայի պաշտոնական դիմանկարների բացման արարողությունը։
Բարաք և Միշել Օբամաների Սպիտակ տան պաշտոնական դիմանկարների բացման արարողության ժամանակ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահին անվանել է «պետության պատմության ամենահետևողական նախագահներից մեկը»:
Դիմելով Միշել Օբամային, Բայդենն ասել է. ‘’ Նա չէր կարող դա անել առանց քեզ»:
Օբաման պատասխան ելույթում արձագանքել է նույն կերպ՝ ասելով, որ «Ամերիկայի բախտն է» ունենալ Բայդենի պես նախագահ:
Միշել Օբամայի ելույթն ավելի հուզիչ էր, երբ նա պատմում էր իր կյանքի պատմությունը, պատմություն Չիկագոյի բանվորական թաղամասից մի սևամորթ աղջկա մասին, որը դարձավ երկրի առաջին տիկինը: Նրա խոսքերով, այդ օրն իր և իր ամուսնու դիմանկարների մասին չէ: ‘’Այն ամերիկյան արժեքների մասին է’’, ասաց նա։
‘’Այն արյան, ծագման կամ հարստության մասին չէ: Սա մի երկրի մասին է, որտեղ բոլորը պիտի արժանանան արդար ու նույն վերաբերմունքին: Անկախ նրանից, երեխա ես, որը դպրոց հասնելու համար երկու ավտոբուս պիտի փոխի, թե միայնակ մայր, որը երկու աշխատանք է կատարում տանը սնունդ ապահովելու համար, թե ներգաղթյալ, որը ստանում է իր առաջին կացարանն ու սկսում կերտել իր ընտանիքի ապագան»։
Միշել Օբամայի դիմանկարի հեղինակը Շերոն Սպրունգն է։ Օբամայի դիմանկարը Ռոբերտ Մաքքուրդիի աշխատանքն է, որը հայտնի է Դալայ Լամայի և Նելսոն Մանդելայի ֆոտոռեալիստական նկարներով։
«Նայեք խնդրում եմ, որ նա հրաժարվել է թաքցնել իմ ալեհեր մազերը, մերժել է ականջներս փոքրացնելու իմ խնդրանքը», ասել է Բարաք Օբաման:
Սպիտակ տունն ունի դիմանկարներ, որոնք սկսվում են առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի դիմանկարով:
Գործող նախագահն է սովորաբար հյուրընկալում և բացում է իր անմիջական նախորդի դիմանկարը: Սակայն ավանդույթը խախտվեց նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որն առաջ էր տանում դավադրության տեսություն այն մասին, թե Բարաք Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում և իրավունք չունի նախագահելու:
Իսկ ինքը` Թրամփը հեռացավ պաշտոնից՝ չընդունելով 2020 թվականին կրած պարտությունը: Եվ Սպիտակ տունն առայժմ չի հայտարարել, արդյոք Բայդենը հյուրընկալելու է նրա դիմանկարի բացման արարողությունը, թե ոչ: